ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել, եւ որոշում է կայացվել նախարարի աշխատակազմը կազմաքանդել. փոխարենը ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն:

Հուլիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու: Տեղեկացանք, որ ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու. գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծելու է գլխավոր քարտուղարություն:
Այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, քանի որ նախարարության կառուցվածքային փոփոխությունները ունենալու են ոչ հաճելի անակնկալներ` կրճատումներ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախարարության ղեկավար կազմը հասկացրել է նախարարության հնաբնակ աշխատակիցներին, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին, ասել է թե` նախարարության հնաբնակներին բացատրել են, որ նրանք կամաց-կամաց հավաքեն իրենց իրերը: Ու նախարարության որոշ պաշտոնատար անձինք այս օրերին շունչները պահած սպասում են, թե փոփոխությունների արդյունքում իրենց ինչ առաջարկ է արվելու: Շատերն արդեն ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել` եթե իրենց այդքան էլ նորմալ աշխատանք չառաջարկեն, ապա իրենք համակարգում չեն մնա: Նկատենք, որ մինչ ՊՆ-ում սպասում են կառուցվածքային փոփոխությունների, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները շարունակում են լարվել: Դեռեւս 2019 թվականի ապրիլի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի միջեւ տարաձայնություններ են սկսվել, բանը հասել է նույնիսկ տհաճ խոսակցությունների: Դեռ նախորդ տարի ՊՆ հրամանով ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել, միաժամանակ սահմանվել է այդ հեռախոսներից օգտվելու կարգը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԳՇ պետն էլ իր հերթին որոշում է կայացրել, ըստ որի` սպաները զորամասում կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Դ. Տոնոյանն ասել է, թե սա մարդու իրավունքների խախտում է, անձնական կյանքին միջամտելու փորձ: Տեսակետ կա, որ նախարարին զայրացրել է այն հանգամանքը, որ ԳՇ պետն այդ որոշումը կայացրել է առանց իր հետ քննարկելու եւ առանց տեղյակ պահելու:
Սակայն նկատենք, որ բացի այս դեպքից մի շարք այլ հարցերում եւս նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի միջեւ անհամաձայնություն է եղել, եւ անգամ նախարարությունում լուրեր կան, որ բարձրաստիճան զինվորականները նախարար Տոնոյանին բողոքել են ԳՇ պետի գործունեությունից: Ավելին, նախարարությունից մեզ հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ նախարարության կառուցվածքային փոփոխություններից հետո ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւս հեռանա պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան` վերջինս հայտնեց. «Ես իրավասու չեմ մեկնաբանել կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկությունները: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա կարող եմ հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի փոխհարաբերությունները նորմալ են եւ աշխատանքային»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

3 ՈՍՏԻԿԱՆ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի եւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կողմից իրավապահներին հնչեցրած ահազանգի գործը հասավ իր հանգուցալուծմանը: Հունիսի 7-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել` նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ: Այնուհետեւ Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, որից հետո գործը հասել էր ՀՔԾ -ին: Ավագանու անդամի հայտարարությունից հետո ոստիկանության Դավիթաշենի բաժնի երկու օպերլիազորներ էին ձերբակալվել, որից հետո ՀՔԾ-ն նրանցից մեկին ազատ արձակեց, իսկ մյուսին կալանավորեց: Այս հանգամանքը ոստիկանության Մաշտոցի բաժնի մի խումբ աշխատակիցների մոտ խիստ մտահոգություն էր առաջացրել: Ոստիկաններն իրենց գործընկերոջ կալանավորման դեմ բողոքելու համար աշխատանքից ազատման զեկուցագրեր էին գրել` հայտնելով, որ այսօր ոստիկաններն անպաշտպան են, եւ ավելի լավ է` համակարգից դուրս գան:
Ինչեւէ, 1,5 ամիս անց այս միջադեպի գործով նախաքննությունը ավարտվեց, եւ գործը ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միջադեպի գործով երեք ոստիկան է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես, Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մի խումբ այլ աշխատակիցների հետ խոշտանգել է Լեւոն Ասրյանին: Հրանտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փատաթղթեր, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել Լեւոն Ասրյանի իրավունքներին ու օրինական շահերին եւ պետության օրինական շահերին: Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանում կեղծ տեղեկություններ է մտցրել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Արցախում վթարի ենթարկված եւ ուղղաթիռով Վարդենիսից «Էրեբունի» բկ տեղափոխված հիվանդի վիճակը ծանր է: «Տղամարդը ուղղաթիռով Վարդենիսից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, պոլիտրավմաներով, այսինքն` բազմակի վնասվածքներով, գիտակցություն ունի, ինքնուրույն է շնչում, վիճակը գնահատվում է ծանր»,- ասել է «Էրեբունի» հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ երեկ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «ԼEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը: Վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր, Մարտակերտի շրջանի բնակիչ 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ
Հունիսի 17-ից Իջեւանում հասարակական կարգի ապահովման նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանները երեկ հետ են վերադարձել Երեւան: Նշենք, որ ոստիկանական ուժերը Իջեւանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում այն բանից հետո, երբ իջեւանցիները փակել էին միջպետական ճանապարհը:

 

 

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի տղայի եւ փեսայի մասնակցությամբ: Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, որը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան` Ժորա Սարուխանյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Լեւոն Երանոսյանի որդուն ու փեսային, իսկ Լեւոն Երանոսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ:

 

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Հուլիսի 22-ին «Աբովյան» բկ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» եւ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա եւ 15-ամյա պատանիներ: Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ 15-ամյա պատանի. նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՆԵՏՎԵԼ Է
Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:




Լրահոս