ՆԱԽԱՐԱՐԻ «ՊԱՍԼԱՏ» ԲԱՌԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն, ի վերջո, հրապարակվել է: Եւ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի նիստը բացել է խորհրդի նախագահը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն իր մտերիմներին է աշխատանքի ընդունել, մարդկանց, որոնք ունեն ոչ բարենպաստ աշխատանքային հետագիծ եւ պաշտոնի պահանջներին չհամապատասխանող մասնագիտական որակավորումներ: Խոսել է նաեւ Խուրշուդյանի կողմից տեսչական մարմնի աշխատողներին աշխատանքից անհիմն ազատումների մասին:
Բացի այս, առողջապահության նախարարը չի մոռացել նաեւ նիստի ընթացքում բարձրացնել իր ընկերոջ, իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանելու մասին հարցը: Ըստ արձանագրության` տեսչական մարմինը տուգանել է «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանին եւ, որպես վարչարարության հիմք, փաստել է «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդը: Բայց, ըստ նախարարի, տեսչական մարմինն այսկերպ թիրախավորել է պետական առողջապահական նպատակային ծրագրերից մեկը: Թորոսյանը նիստի ընթացքում նեղացած երեխայի պես հիշել է նաեւ այս տարվա մայիսի 16-ին ՀՀ ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները, որի ընթացքում տեսչական մարմնի ղեկավարը, ըստ նախարարի, ընդունել է հակապատվաստումային կեցվածք:
Առողջապահության նախարարը նիստի ընթացքում տեսչական մարմնի աշխատակազմին մեղադրել է այս տարվա ապրիլին Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում բռնկված աղիքային վարակի դեպքերի ժամանակ օջախում հակահամաճարակային միջոցառումներին համարժեք արձագանք չտալու համար: Բարձրաձայնել է նաեւ դպրոցներում վերջին ամիսներին գրանցված ջրծաղիկի բռնկման դեպքերի մասին, եւ տեսչական մարմինը օջախում հասցեական եւ ժամանակին վերահսկողություն, իբր, չի իրականացրել:
Ի դեպ, նկատենք, որ բացի Թորոսյանից Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վ. Պետրոսյանը եւս բարձրաձայնել է, որ ՍԱՏՄ ղեկավարի կողմից դրսեւորվում է ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ: Կարճ ասած, նիստին խորհրդի անդամները մարտական տրամադրվածություն են ունեցել եւ ամեն առիթ օգտագործել են, որպեսզի խոսեն Խուրշուդյանի ղեկավարած տեսչական մարմնի թերացումների, բացթողումների մասին: Բնականաբար, ինքը` Էդգար Խուրշուդյանը, փորձել է պաշտպանվել եւ իր հերթին, բարձրացված հարցերին ի պատասխան, տվել է հիմնավորումներ:
Նախ` խոսել է աշխատողներին անհիմն ազատելու մասին եւ հայտարարել, որ ազատումների պատճառները աշխատողների թերացումներն են եղել` թե՛ աշխատանք կատարելիս եւ թե՛ կարգապահական կանոնները պահպանելիս: Ապա դիմելով Արսեն Թորոսյանին` նշել է, որ յուրաքանչյուր բարձրացվող խնդիր պետք է ունենա իր հիմքը եւ չլինի հուզական դրսեւորում: Այստեղ կարող ենք համաձայնել Խուրշուդյանի հետ, քանի որ առողջապահության նախարարը շատ զգայուն է, իսկ երբ հարցը վերաբերում է իր ծրագրերին, առավել եւս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը անդրադարձել է նաեւ ՍԱՏՄ-ի գործողություններին, հատկապես հարուցվող վարչական վարույթներին, որոնք, իր կարծիքով, հիմնարար չեն: Նախարարը նշել է, որ պետական քաղաքականության դիվերսիա կազմակերպելը ընդունելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Խուրշուդյանին, ասել է, որ «անտեսի» այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խմբագրումներ են եղել, քանի որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր»-ը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»: Նկատենք, որ արձանագրության մեջ անտեսելը առնված է չակերտների մեջ: Ամեն դեպքում, եթե վերցնենք նախարարի ասած «անտեսելը», ապա հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայի հրահանգել անտեսել դիմումները, ինչ է թե այդ դիմումներն իր գործելաոճին կամ ծրագրերին դեմ են:
Ավելին, Թորոսյանը նիստի ընթացքում չի էլ թաքցրել, որ Խուրշուդյանի հարցով դիմելու է վարչապետին: Բնականաբար, բարձրացնելու է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնավարումը շարունակելու հարցը, ապա «սպառնացել է», որ հակառակ դեպքում կհրաժարվի ՍԱՏՄ խորհուրդի նախագահի պաշտոնավարումից: Իսկ, ահա, Խուրշուդյանն արդարացել է` նշելով, որ ցանկացած դեպքում, երբ ՍԱՏՄ-ն ստանում է որեւէ դիմում, ապա պարտավոր է տալ համապատասխան ընթացք. դիմում ստանալու օրը, օրենքի ուժով, վարչական վարույթը համարվում է հարուցված:
ՍԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը նիստի ընթացքում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները: Նա ընդգծել է, որ խնդիրները նոր չեն, եղել են տեսչական մարմնի ստեղծման օրվանից: Հակոբյանը պարզաբանել է նաեւ, որ կան կամայականություններ` ՍԱՏՄ ղեկավարը որոշում է, թե որ բողոքներին ընթացք տալ, որին չտալ: Բայց միաժամանակ նշել է, որ կա դրական շարժ, որոշ թերություններ վերացված են:
Արձանագրենք, որ նիստի ընթացքում տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը փորձել է պաշտպանել Խուրշուդյանին` ընդգծելով, որ նա իր աշխատանքում նվիրված է եւ փորձում է նպաստել ՍԱՏՄ-ի կայացմանը: Իսկ ֆինանսների փոխնախարար Կ. Բրուտյանն առաջարկել է նշանակել ծառայողական քննություններ կամ դիմել Պետական վերահսկողության ծառայություն ընթացք տալու համար: Իսկ, ահա, Խուրշուդյանն առաջարկել է տեսչական մարմնում իրականացնել ստուգումներ: Թորոսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ վարչապետին դիմում է ներկայացնելու ՍԱՏՄ ղեկավարին պաշտոնից ազատելու համար:
Հ.Գ. Հիշեցնենք` նիստի արձանագրությունը շատ ուշ է տեղադրվել ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջում, քանի որ նախարարն այն տեւական ժամանակ չի ստորագրել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թորոսյանն անհամբեր սպասել է, թե տեսչական մարմինը երբ է իր ուզած ձեւով արձանագրությունն ուղարկելու` բոլոր մանրամասներով, այսինքն` այն բովանդակությամբ, որն իրականում եղել է: Ի դեպ, տեսչական մարմինը չի ձայնագրել նիստը եւ մոտավոր, հիշելով արձանագրություն է ուղարկել նախարարին, իսկ վերջինս էլ «խմբագրել է» այն ու ամբողջությամբ գրել հուզական ելույթները: Հավանաբար «պասլատ» արտահայտությունն էլ մեղմացրել է` դարձնելով «անտեսել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԿՍԱՀՄԱՆՎԻ ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼԸ ԱՐԳԵԼՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Հայաստանում առաջիկայում կապահովվի գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող եւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգը: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ առողջապահության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կսահմանվի մեքենա վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր եւ շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց: Այսինքն` կսահմանվեն վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը, պարբերականությունը, ներառյալ 80 տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրման պարբերականությունը: Բացի այս կսահմանվեն նաեւ բժշկական ցուցում հանդիսացող հիվանդություն կամ վիճակ ունենալու դեպքում հարմարեցված մեքենա վարելու բժշկական ցուցումները, ինչպես նաեւ առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական սահմանափակումները:
Այս ամենի արդյունքում քաղաքացիների համար կհստակեցվի բժշկական հավատարմագրման գործընթացը, եւ կբարձրացվի ճանապարհային երթեւեկության անվտանգության երաշխիքների մակարդակը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՏՈՒԺՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ` ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ
Իջեւանում վերջերս ապօրինի կերպով միջպետական ավտոճանապարհ փակելու, ոստիկաններին դիմադրելու գործով Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից») եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Նրան կալանավորելու որոշում կայացվել է հուլիսի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Վահրամի հայրն ու եղբայրը` Գարսիկ եւ Սասուն Սիմոնյանները, նույն քրգործով կասկածյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գ. Սիմոնյանի 3-րդ որդին` Ժորա Սիմոնյանը, հանդես է գալիս որպես ոստիկանության Իջեւանի բաժնում խոշտանգման գործով տուժող:
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 38-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ. Մարդանյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»), խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Քրեական գործով մեղադրող ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ քրեական գործով տուժող Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը այդ դատավճռի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Սույն քրեական գործով վերջին նիստը Երեւանում` Վերաքննիչ դատարանում, կայացավ հուլիսի 16-ին: Գերասիմ Մարդանյանը պնդում է, որ իրականում իր դեմ հարուցված գործը շինծու է. անօրինական ծառահատումներով զբաղվել է Ժորա Սիմոնյանի ընտանիքը:
Ոստիկանության Իջեւանի բաժնից հայտնեցին, որ 2019թ. հունիսի 11-ին Իջեւանի բաժնի ոստիկաննեերը Այգեհովիտ գյուղում գտնվող Գարսիկ Սիմոնյանի այգում հայտնաբերել են մոտ 4 խորանարդ մետր ապօրինի պատրաստված վառելափայտ, որի կապակցությամբ վերջինիս պատկանող «ԳԱԶ-66» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժին, որտեղ նյութեր են նախապատրատվել: 2018թ. մարտի 15-ին Այգեհովտի անտառապահից Ժորա Սիմոնյանի դեմ բողոք է ստացվել, որ Ժ. Սիմոնյանի կողմից մարտի 14-ին կատարված ապօրինի ծառահատումների վերաբերյալ հաջորդ օրը վիճաբանություն է տեղի է ունեցել նրա եւ Իջեւանի անտառտնտեսության Այգեհովտի տեղամասի անտառապահի միջեւ, որից հետո Ժ. Սիմոնյանը մարմնական վնասվածքներ է հասցրել անտառապահին: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս