«ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստ, հաղորդավար, ֆիլմերի կրկնօրինակող Մխիթար Ավետիսյանն է, որին հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Ժիրայր Գլենց» սերիալում: Նա անդրադարձել է հայտնի լինելու բարդություններին եւ առավելություններին, թատրոնի եւ կինոյի պարգեւած էմոցիաների առանձնահատկություններին: Մխիթարը խոստովանել է, որ անընդհատ աշխատում է, եւ ապրելու համար ժամանակ պարզապես չի մնում: Նա խոսել է իր վախերի, ներքին հակասությունները լուծելու բանաձեւի մասին:

-Մանկության ամենավառ հուշերը ինչի՞ հետ են կապված:
-Ծնողներիս:
-Եղե՞լ է, որ բեմի մարդ լինելու համար զղջաք: Այն ի՞նչ անհարմություններ կարող է պատճառել:
-Երբեմն եղել է: Անհարմարությունները տարբեր կարող են լինել…
-Շարունակե՛ք միտքը. «Երբ ոչինչ այլեւս Ձեզ չի մխիթարում, անպայման օգնության է հասնում…»
-Մխիթարը, այսինքն` ես (ծիծաղում է):
-Ո՞րն է կյանքի տված լավագույն դասը Ձեզ:
-Գուցե դեռ չի եղել:
-Լիարժեք հանգստանալու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր եւ ո՞վ:
-Սիրելի մարդու հետ ամբողջ աշխարհով շրջելն է ինձ համար հանգիստը:
-Ինչի՞ց կամ ումի՞ց կախվածություն ունեք:
-Ինքս ինձնից:
-Ինչպե՞ս եք վարվում Ձեր ներքին հակասությունների հետ: Ո՞րն է դրանք լուծելու լավագույն ճանապարհը:
-Հաճախ զրուցում եմ ինձ հետ, հետո տանջում եմ մինչեւ այն պահը, երբ հասկանում եմ, որ արդեն բուժվել եմ:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Ցանկացած ոք:
-Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համակրում:
-Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում:
-Հայտնի դառնալը ինչո՞վ է օգնում եւ ինչո՞վ է վնասում մարդուն:
-Ե՛վ օգնում է, ե՛ւ վնասում: Եթե գործ ունենք լավ մարդու հետ, օգնում է, եթե ոչ, դեռ մի բան էլ վնասում է: Այսինքն` հայտնիությունը սրում է այն որակները, որոնք արդեն իսկ առկա են մարդու մոտ:
-Ըստ Ձեզ` ո՞ր դեպքում է ճշմարտությունն ասելն արդյունավետ:
-Միշտ, բոլոր դեպքերում: Ես երեսին ասող եմ, բայց ոչ շպրտող:
-Տարիքի հետ ընկերներ կորցնո՞ւմ եք, թե՞ ձեռք բերում:
-Երկուսն էլ:
-Ձեր կյանքի դժվարությունը ինչի՞ հետ է կապված:
-Չեմ հասցնում ապրել, աշխատում եմ մտքով, հոգով, մարմնով ու չեմ հասցնում հանգստանալ:
-Հայաստանը Ձեզ համար ինչի՞ կամ ո՞ւմ հետ է ասոցացվում:
-Հայերի հետ, բայց նրանց, ովքեր գլուխ գովալու փոխարեն գործում են:
-Հե՞շտ եք ներում մարդկանց:
-Բավականին: Հիմնականում ներում եմ:
-Հայտնիներից ո՞ւմ կյանքով կցանկանայիք թեկուզ մեկ ժամ ապրել:
-Իմ. արդեն ասացի, որ ժամանակ չունեմ ապրելու համար, հետեւաբար կընտրեի հենց ինքս ինձ:
-Ինչի՞ ազդեցության ներքո կարող եք շատ երկար մնալ:
-Մարդու կորստի եւ մարդու հայտնության, այսինքն` նրան գտնելու դեպքում: Երկուսն էլ երկարատեւ ազդեցություն են ունենում:
-Ձեր ո՞ր դերն եք համարում հաջողված, ստացված:
-Այն, որը ներկայացնելուց հետո հոգեւոր բավարարվածություն եմ զգում: Ի դեպ, այդպես հաճախ է լինում: Ամեն դեպքում, յուրաքանչյուր կերպարիս յուրովի եմ սիրում:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Չեմ հիշի, չեմ ֆիքսվում նման բաների վրա:
-Կրկին շարունակե՛ք միտքը. «Կինը գեղեցիկ է, երբ…»
-Սիրում է… ինձ (ծիծաղում է):
-Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը եւ ի՞նչ է կինոն: Ինչի՞ հետ կարող եք դրանք համեմատել:
-Թատրոնն ինձ համար կյանքն է, կինոն` ձկնորսություն: Ազատ ժամանակ ես ուզում գտնել, որպեսզի ֆիլմում նկարահանվես, ոչ մի բանի մասին չմտածես: Իսկ թատրոնը կյանք է, այնտեղ ամեն բան խառնվում է իրար, հանգստություն չկա:
-Ձեր տրամադրության ներկայիս գույնը ո՞րն է:
-Արեւոտ, պայծառ:
-Եվ վերջում` ինչի՞ց եք վախենում:
-Չապրելուց, որ չեմ հասցնելու ապրել: Շատ քիչ է տեւում կյանքը…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԿՀԱՆԳՍՏԱՆԱ ԳԼՈՒՄՈՎԸ

Ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովն այս ամռանը ընտանիքի հետ կհանգստանա Ռոդոս կղզում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ Հունաստան են մեկնում տասը օրով: «Այնտեղ իսկապես հնարավոր է ընտանեկան հիանալի հանգիստ կազմակերպել, բացի այդ, ինձ համար բավական կարեւոր է, որ երեխաներս հարաբերվեն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հետ»,-ասաց Գլումովը:

Հարցին` պասիվ, թե ակտիվ հանգստի սիրահար է, հաղորդավարը պատասխանեց. «Չորս երեխա ունեմ, եւ ակտիվ հանգիստ անցկացնելը գրեթե անհնար է: Շատ եմ սիրում ծով, միշտ հիացել եմ սըրֆինգով, բայց ժամանակ չեմ ունեցել զբաղվելու դրանով: Մտածում եմ` մեծ հասակում հարստություն կկուտակեմ ու Հավայան կղզիներում սըրֆինգով կտարվեմ: Առհասարակ, ինձ հաճախ են հրավիրում էքստրեմալ հանգիստ անցկացնելու, բայց եթե դա աշխատանքիս, նկարահանումների հետ կապված չի լինում, հրաժարվում եմ: Նախընտրում եմ ընտանիքիս հետ պասիվ հանգստի մեկնել»:
Հետաքրքրվեցինք` մշտապես երեխաներին տանում են իրենց հետ, թե նախապատվությունը տալիս են երկուսով հանգստանալուն. «Միշտ նախընտրում եմ հանգստանալ երեխաների հետ, կինս` երբեմն ոչ, ուզում է երկուսով լինենք: Քսան տարվա ամուսիններ ենք, մեկ անգամ է ստացվել, որ երկուսով հանգստի գնանք: Ի դեպ, դա Հռոմում էր: Մյուս բոլոր դեպքերում երեխաները մեզ հետ են եղել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Ամենատպավորիչ երկրները, որտեղ եղել է, Եգոր Գլումովը համարում է Հունաստանը, Ռուսաստանն ու Հոլանդիան: Ամեն մեկը գրավել է իր առանձնահատկությամբ. մեկը` մշակույթով, մյուսը` սպորտային լինելով, հետաքրքիր կոլորիտով: Ինչ վերաբերում է Հայաստանին, հաղորդավարը տպավորվել է, օրինակ, Ջիլիզա գյուղով. «Շատերը չեն պատկերացնի, որ մեր երկրում կարող են նման անտառներ լինել: Եթե, օրինակ, մեկի աչքերը փակես ու այնտեղ հասցնելուն պես բացես, չի հավատա, որ դա Հայաստանում է: Շատ եմ սիրում նաեւ Շուշին, Օշականը, որտեղ, ի դեպ, տուն ունենք»,- եզրափակեց հաղորդավարը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԵՍ ՉԵՄ ԱՆԱՐԳԵԼ ԲԵՅԼԻՆ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկին անդրադարձել է թիմի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին: «Ես հարգալից եմ եղել յուրաքանչյուրի հանդեպ: Ես չեմ վիրավորել Գարեթ Բեյլին, ընդամենը ասել եմ, որ ակումբը զբաղվում է ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ: Նա թիմի ֆուտբոլիստն է, եւ ես միայն դա գիտեմ: Հենց Գարեթը չցանկացավ մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին, ես նրան ցանկանում էի ընդգրկել կազմում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ ակումբը ամեն ինչ կանի Բեյլին վաճառելու համար, եւ նաեւ նշել էր, որ այդ տարբերակը երկու կողմերի համար էլ շահավետ է: Ուելսցու ծառայություններով այժմ լրջորեն հետաքրքրված են չինական ակումբները, սակայն կան նաեւ խոսակցություններ, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ում եւ մասը դառնալ Նեյմարի տրանսֆերի:

 

 

 

 

ՖԵԿԻՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԻՍՊԱՆԻԱ
Ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»-ի ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրը կարիերան կշարունակի իսպանական «Ռեալ Բետիս»-ում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ կողմերի միջեւ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը սեւիլիացիների համար արժեցել է 24 մլն եվրո: Նշվում է, որ Ֆեկիրը անդալուզյան թիմում կլինի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հավելենք նաեւ, որ Նաբիլի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Լիվերպուլը», սակայն նա ընտրեց Իսպանիան` հաշվի առնելով ե՛ւ ֆինանսական պայմանները, ե՛ւ խաղաժամանակ ստանալու փաստը:

 

 

 

 

ՀԱՆՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խուսափելու է քրեական գործի մեջ ներքաշվելուց: Այս ամենի մասին հայտնում է Նեւադա նահանգի Քլարկի շրջանի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրության միջոցով: «Գնահատելով ներկա պահի իրավիճակը` եզրակացնում ենք, որ Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված մեղադրանքները չեն պարունակում բավարար ապացույցներ, եւ այդ պատճառով պատժամիջոցներ չեն կիրառվի»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգան ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը 2009 թվականի հունիսին Լաս Վեգասում բռնաբարել էր իրեն: Նա նաեւ ասել էր, որ այդ դեպքից հետո պայմանագիր էր ստորագրել Ռոնալդուի փաստաբանների հետ այդ տեղեկությունը չհրապարակելու պայմանով, որի համար ստացել էր 375 հազար դոլար: Մոդելը այս ամենի մասին ոստիկանությանը պատմել է 1 տարի առաջ, ինչի հիման վրա էլ սկսվել էր գործի քննությունը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս