Հայաստանում բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք, ունենալով աշխատունակ անդամներ, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից: Պարզվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են ընդհանուր 5 հազար 227 գործազուրկի կարգավիճակ ունեցողներ, որոնք բնակվում են նպաստառու 3 հազար844 ընտանիքներում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին` աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը: Բացի այս, ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները կավելանան եւս մեկով` 100 հազար դրամ եւ ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելով:
Մեզ հայտնի դարձավ, որ նախարարության եւ«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի` նպաստառու ընտանիքների անդամների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունը կփոխանակվի վարկային զեկույցի չափորոշիչները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելուց հետո: Ի դեպ, այս որոշման նախագիծը քննարկման է դրվել, որին արձագանքել է մեկ քաղաքացի եւ առաջարկել հստակեցնել 100 հազար դրամ եւ ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը սահմանափակ շրջանակով, ապա ապացուցել, որ վարկը ստացվել է բացառապես հեռուստացույց, լվացքի մեքենա, փոշեկուլ, սառնարան, գազօջախ գնելու նպատակով:
Քաղաքացին առաջարկում էնաեւ սահմանել դրանց առավելագույն գնային շեմերը, քանի որ այդ նպաստների նպատակը ընտանիքի կենսամակարդակին աջակցելն է, ոչ թե հանրության հաշվին ավելի բարելավելը: Իսկ ըստ Սոցապ նախարարության` 100 հազար դրամ եւ ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը ճշտվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով: