ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:
«Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է:
Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»:
Վարչապետն ընդգծել է, որ այս ընթացքում կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար:
«Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, մեր պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար: