Դեռեւս հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են գտնվել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստան ՀՅԴ թեւից ներկա են եղել Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Հակոբ Տեր-Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Արմինե Կյուրեղյանը եւ այլք:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակ էր հետապնդում համաժողովը:
-Պարո՛ն Սարգսյան, Արցախում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը: Ի՞նչ շահեց Արցախն այդ համաժողովի արդյունքում:
-Այսպես կարող եմ ասել, որ ամեն մեկն իր հերթին, իր երկրում աշխատի Արցախի անկախության ճանաչման համար, որից հետո արդեն խնդիր է դրվելու ՀՀ-ի միավորման: Սա մեր առաջին քայլն է եղել, որ 150 տարբեր երկրներից պատգամավորներ, տարբեր պաշտոնյաններ, որոնցից 1/3 այլ ազգի ներկայացուցիչներ էին, հավաքվել էին մեկ հարկի տակ` Արցախում: Ու գնալով այդ թիվը դառնալու է ավելի մեծ, ու աշխատելու ենք հանուն Արցախի, հանուն արդարության եւ խաղաղության: Այդ աշխատանքները սիստեմատիկ բնույթ են կրելու: Մեր նպատակն է այդ 150-ը բարձրացնել, պետք է ավելի շատ մարդիկ միանան այդ համաժողովին, ավելի շատ երկրներ ընդգրկվեն, որպեսզի մենք միավորվելով այդ ուղղությամբ աշխատենք:
-Իսկ ովքե՞ր էին Հայաստանից ներկա, կարծես թե հիմնականում ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչները:
-Հիմնական աշխատանքը տարվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից ու Արցախի կառավարության հետ միասին` նախագահի եւ ԱԳ նախարարության հետ աշխատելով, բայց ընդգրկված էին շատ շատերը տարբեր կուսակցություններից: Հիմնականում շեշտը դրված էր այլ ազգի պաշտոնյաների վրա, որպեսզի մենք կարողանանք լայնածավալ աշխատանք իրականացնել: Սա է մեր գլխավոր նպատակը: Ներկա է եղել նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով էլ ելույթ է ունեցել համաժողովի ժամանակ:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Դաշնակցությունը քաղաքական նոր փուլի մեկնարկ է տվել այդ համաժողովով` իր հիմնական գործունեությունը սկսելով Արցախից: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները:
-«Դաշնակցությունը» միշտ էլ աշխատել է, Արցախը չճանաչված երկիր է, ՀՅԴ-ն միշտ էլ աշխատել է արտաքին քաղաքականության վրա, Դուք կարող եք տեսնել, թե այս ժամանակահատվածում ինչ չափով են աշխատել Հայ Դատի մարմինները Արցախի արտաքին քաղաքականության համար: Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով: Ես անկեղծ եմ ասում` թույլ մարդիկ եւ թույլ քաղաքական գործիչները, որոնք միայն խառնակությամբ են զբաղված, կարող են միշտ էլ նման հայտարարություններով հանդես գալ: Ես չգիտեմ, թե ովքեր են նման բան հայտարարողները, պետք է իրենց հարցնել, թե իրենք տարիներ շարունակ ինչ են արել:
Տարիներ շարունակ «Դաշնակցությունը» նետված է այնտեղ, որտեղ հայրենիքի փրկությունն է: Պատերազմի ժամանակ, երբ սկսվեց շարժումը, ո՞ր կուսակցությունն է եկել այստեղ. որպես կուսակցություն, ոչ թե անհատներ եմ ասում: 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞ր կուսակցությունն էր առանձին գումարտակով եկել այստեղ: Իսկապես հերիք է նման տեղեկություններ տարածել: Լավ բան ենք անում, սենց է, վատ ես անում, նենց է: «Դաշնակցությունը» միշտ էլ աշխատել է Արցախի ազատագրման, Արցախի անկախության ճանաչման եւ Արցախի վերամիավորմանը Հայաստանի հետ:
-Ըստ Ձեզ` լարվածություն կա՞ ՀՀ- Արցախ փոխհարաբերություններում, քանի որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շարունակում է շատ լուրջ քննադատություններ հնչեցնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Ավելին, ըստ Բալասանյանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են. մեկը` զենքով, մյուսը գրչով են իշխանությունը բռնազավթել:
-Երբ առանձին քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարությամբ, ես ասում եմ, որ մենք մեկ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք վերամիավորման համար: Բոլոր այն քաղաքական գործիչները` իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, ովքեր փորձեն Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, այսինքն` նույն ժողովրդի, նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրեն, այդ քաղաքական գործիչները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը: Սա աքսիոմ է: Այս շարժումը սկսել է ժողովուրդը, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ` Հայաստանում լինի, թե Արցախում: Թող փորձեն սեպ խրել երկու հանրապետությունների միջեւ եւ մեկ ժողովրդի տարբեր թեւերի միջեւ, Դուք կտեսնեք` ինչ կլինի: Սա անթույլատրելի բան է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ