Հոկտեմբերի 12-ին Իջեւան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում,որը վերաբերել է Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «մեկ պատուհանի» սկզբունքով գործող սոցիալական ինտեգրված ծառայություների կենտրոն գործարկելուն:
Հանրային քննարկմանը մասնակցել են Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Տավուշի մարզպետարանի պաշտոնատարներ, Իջեւան քաղաքի հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Հանրային քննարկման ժամանակ նշվել է, որ Իջեւանի պատկերասրահի շենքի մի հարկում շարունակելու է գործել պատկերասրահ, ավելի քան 200 միլիոն դրամ ներդրումով շենքը վերանորոգվելու է,այդտեղ Իջեւան քաղաքի եւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին «մեկ պատուհանի» սկզբունքով տարաբնույթ սոցիալական ծառայություններ են մատուցվելու:
Հանրային քննարկմանը մասնակցած Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե Օհանյանը բուռն ելույթ է ունեցել` ասելով, որ այդ շենքը պետք է միայն որպես պատկերասրահ ծառայի, այդտեղ պետք է մշակութային տարբեր ծրագրեր իրականացվեն: Գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար է դարձել այս տարվա հուլիսի 19-ին:
Հանրային քննարկման մասնակիցները նշել են, որ Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքային պայմանները ներկայումս շատ վատթար են,ցուցանմուշ հանդիսացող բազմաթիվ նկարներ ոչ թե պատից կախված են, այլ սրահի անկյուններում դրված: Քննարկման ժամանակ նշվել է, որ պատկերասրահի շենքի նորոգումից հետո դրա մի հարկը շարունակելու է գործել որպես պատկերասրահ: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ պատկերասրահը նախկինում իր աշխատասենյակի դիմաց էր, եւ ինքը մշտապես տեսել է,թե ինչքան սակավ այցելուներ են լինում պատկերասրահում, այնտեղ անցկացվող մշակութային միջոցառումների մասնակիցները քչաթիվ են:
Հ. Ղալումյանը մինչեւ Իջեւան համայնքի ղեկավար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ էր, մասնաճյուղի շենքը գտնվում է պատկերասրահի շենքի հարեւանությամբ: Հանրային քննարկման մասնակից, «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը եւս շեշտել է Իջեւանցիների համար ինտեգրված սոցիալական ծառայություների կենտրոնի գործարկման կարեւորությունը: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտնլ է, որ Իջեւան համայնքին պատկանող այդ շենքը ինտեգրված սոցիալական ծառայություների կենտրոնին տրամադրելու որոշումը կայացվել է 9 ամիս առաջ, այսինքն` Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամանակ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ