ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ կլինեն բուհերում. դասախոսները մտահոգված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջիկայում հանրային քննարկման կներկայացնի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծում որոշ փոփոխություններ են եղել, ինչը մտահոգել է մի շարք բուհերի դասախոսների:

Ներկայացնենք, թե որ փոփոխությունն է դժգոհություն առաջացրել մտավորականների մոտ: Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր ՀՀ-ի բարձրագույն կրթության բնագավառը առաջնորդվում է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով:

Այսպես, 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված եւ ներկայումս գործող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ ենթակետի առաջին մասով նշվում էր, որ անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից` բակալավրիատի կրթական ծրագրում պետք է պարտադիր ներառվեն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները, որոնք պետք է պարտադիր դասավանդեն երկու կիսամյակում եւ ավարտեն պարտադիր ստուգման ձեւերով` ստուգարք կամ քննություն: Նոր նախագծում հենց այս ենթակետը չկա:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ նոր նախագիծը քննարկվել է նաեւ ԵՊՀ գիտական խորհրդում: Պարզվում է` մայր բուհի գիտական խորհուրդն այս նիստում նախագծի դեմ բացասական է արտահայտվել: Էդիկ Գեւորգյանից տեղեկացանք նաեւ, որ նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին առաջակել է ներկայացնել իրենց բոլոր առաջարկությունները:

«Որպես բարձրագույն կրթության բնագավառի` արդեն շուրջ երեք տասնամյակի ստաժ ունեցող աշխատակից` ես ունեմ նաեւ իմ մտորումները օրենքի նախագծի վերաբերյալ եւ ոչ միայն ես: Ինձ համար կան որոշ մտահոգություններ. դա առաջին հերթին վերաբերում է հայագիտությանը եւ հայագիտական առարկաներին:

Այս օրենքի նոր նախագծում հստակ նշվում է 4 հոդվածի 7-րդ կետում, որ հայագիտական հետազոտությունների գերակայությունը անհրաժեշտություն է, ինչպես նաեւ հաջորդ հոդվածներում նշվում է, որ Հայաստանում գործող բոլոր բուհերում, նկատի ունեմ ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական, պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ինչպես նաեւ շեշտադրվում է Սփյուռքի համար համապատասխան կադրերի պատրաստումը, որոնք առաջին հերթին պետք է նպաստեն մեր համայնքներում հայապահպանության պահպանմանը եւ ամրապնդմանը:

Այս ասպեկտներից ելնելով` ասեմ, որ, ըստ իս, օրենքի այս նոր նախագծում մի կարեւոր բացթողում կա, եւ նաեւ իմ գործընկերների կարծիքն է սա: Այստեղ խնդիրը, որպես պատմաբան, նեղ անձնական չէ. հաշվի առնելով այսօր մեր թե՛ հանրակրթական դպրոցի եւ հանրակրթության, ինչպես նաեւ բուհերում դասավանդման գործընթացները, կրթական չափորոշիչները, առարկայական ծրագրերը` այո, մենք գտնում ենք, որ այսօր էլ նոր օրենքի նախագծում հայագիտությանը պետք է կարեւոր ուշադրություն դարձվի: Եւ նախկին օրենքը, այսինքն` դեռեւս գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի այս նոր օրենքում»,- ներկայացրեց Էդիկ Գեւորգյանը:

Ըստ Գեւորգյանի` մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագա մտավորականները մայրենի լեզուն, գրականությունը եւ պատմությունը շատ լավ սովորեն, իմանան:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:

«Նախարարության առաջարկների կամ մոտեցման մասին չգիտենք, որովհետեւ ժամկետ էր տրված, այդ առաջարկները ներկայացրել ենք, քննարկում պետք է տեղի ունենա, բացի դրանից չմոռանանք, որ օրենքի այս նախագիծը վերջնականորեն դեռ պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից: Մենք` որպես ոլորտի մասնագետներ, բնագավառի գիտնականներ մեր առաջարկն ենք անում, նաեւ խնդրում ենք, պահանջում ուշադրություն դարձնել այս առաջարկների վրա, որովհետեւ հայագիտությունը պետք է լինի գերակա ուղղություն»,- նկատեց մասնագետը:

Ապա արձանագրեց, որ օրենքի նախագծում կան շատ արժեքավոր կողմեր, որոնք նախորդ օրենքում չեն եղել. «Ես կարծում եմ, որ դրանց իրականացման դեպքում բուհերը որոշակի զարգացում կունենան»: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրենքի այս նախագիծը քննարկվել է նաեւ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ:

Պարզվում է` Արայիկ Հարությունյանը մտադիր է այն ավարտին հասցնել: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նախարարության ներկայացուցիչները մտավորականների հետ քննարկում չեն անցկացրել այս խնդրի շուրջ: Գեւորգյանի խոսքով` օրենքի նախագիծը քննարկվել է բոլոր բուհերում, գիտական խորհուրդներում, ստորաբաժանումներում, բոլորն էլ իրենց առաջարկությունները ներկայացրել են: Ասել է թե` հայագետները սպասում են նախարարության արձագանքին:

Իսկ, ահա, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի խոսքով` առաջիկա օրերին նախագիծն արդեն հրապարակային կլինի: «Հիմա բուհերից ստացված առաջարկություններն էլ կան այնտեղ, մշակվել են, պարզապես վերախմբագրվում է տեքստը այդ առաջարկությունների լույսի ներքո: Հաշված օրերի ընթացքում այն կհրապարակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նախարարի խորհրդականը:

«Ժողովուրդ» օրաթերթը մտավորականների մտահոգությունը փոխանցեց նաեւ Կարաբեկյանին, որին ի պատասխան` մեր զրուցակիցն ասաց. «Դա բուհի իրավունքն է. եթե բուհը ցանկացավ, կներառի, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, բայց դա հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին, քանի որ մենք գնում ենք դեպի բուհի ինքնավարության ընդլայնում, ցանկացած առարկա չի կարող օրենքով պարտադրված լինել կրթական ծրագրում, որովհետեւ այն կազմվում է ըստ մասնագիտությունների, իր վերջնարդյունքներով, եւ բուհը իրավասու է, իհարկե, իր համար դնել, մշակել, լրացուցիչ պահանջներ ներառել եւ այլն»:

Արդյոք դասախոսների առաջարկը կընդունվի, Կարաբեկյանը դժվարացավ ասել` նշելով. «Երբ նախագիծը վերջնական լինի, պարզ կդառնա:

Հիմա վերջնական քննարկումների փուլում է: Ես պատրաստ եմ այդ մարդկանց բացատրել… որովհետեւ նույնն է, ինչ որ պարտադրեք այս կամ այն վիրահատության ժամանակ. այ էսպիսի մեթոդով պիտի գործել, մոտավորապես դա է: Այսինքն` օրենքը նման հարցեր չի կարգավորում»: Կրթության ոլորտի ներկայացուցիչն ասաց նաեւ, որ բացասական կարծիք համարյա չեն ստացել նախագծի վերաբերյալ. «Այնպես որ, ասել, որ դա համատարած մտահոգության առիթ է, երեւի թե, մեղմ ասած, չափազանցություն կլինի»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս