Ինչ հիմնավորմամբ է մերժվել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու և 5 միլիոն դրամ գրավ կիրառելու հերթական միջնորդությունը։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ընդգծել է, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10-ին «Նաիրի» ԲԿ-ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություն է հայտնաբերվել։

«Մենք ՄԻԵԴ ենք դիմել խափանման միջոցը փոխելու հարցով և որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դեռ ուրբաթ օրը դիմել ենք դատարան, սակայն դեռևս արձագանք չկա»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացված միջնորդությունները որակել էր անհիմն:

«Ընդհանուր դրույթներով փաստաբանների միջնորդությունը նույնաբովանդակ է, հենց այդ պատճառով էլ այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման: Մանվել Գրիգորյանը լավագույն ԲԿ-ներից մեկում է, ինչն, ըստ էության, հենց նրա ընտրությունն է եղել»,- նշեց դատախազ Վահե Դոլմազյանը:

Հիշեցնենք`Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:




Լրահոս