Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։
«Ազատություն» ռ/կ հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք նոր ուղղությունների մասին՝ Հռոմ, Միլան, որոնք Երևանից սկսվելու են հունվարին, իսկ ամռանից՝ Բեռլին, և առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ Մյունխեն, որը նույնպես կլինի հաջորդ ամռանը», – ասել է նա:
«Կարծում ենք որ այն 130,000 ուղևորները, որոնց կփոխադրենք, կնպաստեն նաև օդանավակայանում աշխատատեղերի ավելացմանը: Եթե համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների հետ, ապա այս ուղևորները 20 միլիոն եվրոյի խնայողություն կանեն», – նշել է նա:
«Հուրախություն մեզ՝ այլևս չեն աշխատում սովետական համակարգում, երբ ավիաընկերության գները որոշվում էին որպես 5 տարվա պլանի մաս: Այն մարդիկ, ովքեր որոշում են մեր գները, իրականում մեր հաճախորդներն են: Ի տարբերություն մյուս ավիաընկերույթունների՝ մենք «լցնում» ենք օդանավը՝ անկախ նրանից, թե ինչքան կլինի, ինչը երաշխավորում է, որ գներն էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի տոմսերի միջին գինը 35 եվրոյի կարգի է», – ասել է նա: