ArmLur.am-ի թղթակիցն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ գո՞հ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա աշխատանքից, կմնա՞ իր պաշտոնին, թե՞ կգնա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկումների ժամանակ դժգոհություններ է հայտնել ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ:
«ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ վարչապետը ներկայացրել է մեզ որոշ ցանկություններ, վերապահումներ ու դժգոհություններ: Դժգոհություններն իմ անձով պայմանավորված չեն եղել: Կարծում եմ, որ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, սակայն միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետևաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են»,- նշեց Անանյանը:
Անդրադառնալով իր ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռանալու հարցին՝ Անանյանն ընդգծեց, որ հետագայում, եթե լինի իրենից ավելի արդյունավետ աշխատող, ապա ինքը կհեռանա:
«Եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որը շատ ավելի լավ և արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ: Ընդհանրապես, անփոխարինելի մարդ գոյություն չունի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: