Իրանական աղը` տեղականի լուրջ մրցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը`«Ավանի աղի կոմբինատը», հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում: Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ աղի ներկրումն է, որի պատճառով հայկական շուկայում տեղական արտադրանքը չի վաճառվում: Այս ամենի արդյունքում նվազել են տեղական աղի արտադրության, հետեւաբար իրացման ծավալները:

Հայաստանում պաշտոնապես աղի արտադրության ծավալների անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե անցած տարվա հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 13 հազար 102 տոննա աղ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 12 հազար 440 տոննա: Այսինքն` պաշտոնապես աղի արտադրությունը նվազել է 5.1 տոկոսով:

Պարզվում է` պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին ահազանգում է Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»: Նա այս թեմայի շուրջ անգամ այսօր մամուլի ասուլիս է հրավիրել: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չիստուգվում:

Մասնագետների խոսքերով` ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ` նախատեսված տեխնիկական նպատակների համար: Կոմբինատի տնօրենը համոզված է, որ տեղական արտադրողները հնարավորություն ունեն ծածկել այդ ծավալի մոտ 10 տոկոսը:

Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետոուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար:

Ս.Հ.




Լրահոս