Հայաստանի հետ ասոցացվող հիմնական մրգերն են նուռն ու խաղողը, բայց խնձորի հարցում էլ մեր երկիրը բավական հարուստ է: Հայ գյուղացին ապացուցում է, որ խնձորը եւս կարող է դառնալ հայաստանյան բրենդ:
«Շատերը չգիտեն, որ Նոր Գեղիում 650-700 հա խնձորի այգիներ կան, որ կարելի է հսկայական նեդրումներ կատարել եւ եկամուտներ ստանալ: Այս առումով տեղեկատվության պակաս կա, եւ մենք ուզում ենք դա լրացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 20-ին գյուղում անցկացվելու է Խնձորի փառատոն, որի կազմակերպիչներն են «Երիտասարդական գործունեության կենտրոնն» ու Նոր Գեղիի համայնքապետարանը:
Փառատոնը կհիշեցնի Խնձորի տոն, այն կմեկնարկի խնձորի օրհնությամբ, այնուհետեւ տաղավարներում կմատուցվեն գյուղացիների կողմից խնձորի հումքից պատրաստված տարբեր արտադրանքներ, կհնչեն խնձորի մասին խաղիկներ, ազգային երաժշտություն, կցուցադրվեն ազգային պարեր: Պարոն Պապյանը նաեւ նշեց, որ մտադիր են գյուղում խնձորի արձան կանգնեցնել. եթե հասցնեն, փառատոնի օրը տեղի կունենա բացումը:
«Ի դեպ, մենք խնձորը արտահանում ենք Ռուսաստան, Վրաստան, չիր, հյութեր էլ ենք դուրս ուղարկում: Տոնի գլխավոր նպատակներից մեկը ներգրավելն է այն տնտեսվարողներին, որոնք կցանկանան Նոր Գեղիում խնձորի մշակման հետ կապված գործունեություն ծավալել: Մենք ոչ այնքան վերագնահատում ենք այն, ինչ ունենք, որքան ճանաչել ենք տալիս մեր ունեցածը մյուսներին»,- շեշտեց պարոն Պապյանը:
Ի դեպ, փառատոնի ընթացքում կլինի երեկոյան համերգային ծրագիր, ներկա կլինեն կառավարության, Կոտայքի մարզպետարանի, դեսպանատների ներկայացուցիչներ:
Աննա Բաբաջանյան