ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ ուժի հետ. խորքային պատմության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ստեղծվել է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը: Նոր շարժման համահիմնադիրներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն եւ Սուրեն Օքմինյանը: Ըստ քաղաքական դաշտում շրջանառվող տեղեկությունների` շարժման «հովանավորյալը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Սակայն Արթուր Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց շարժումը քաղաքական որեւէ ուղղվածություն չունի, իրենք անկախ են ու որեւէ կապ չունեն ՀՀ երկրորդ նախագահի հետ:

Եւ այսպես, ըստ շարժման նախաձեռնող խմբի` այն ստեղծվել է, որպեսզի ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մեր երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական գործընթացներին, որոնք միտված են որակապես նոր պետականության կերտմանը: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ համահիմնադիրներն իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են եւ ունակ են իրենց արժեքավոր կարծիքի միջոցով ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող ցանկացած հասարակական գործընթացի վրա:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ 2018թ. հեղափոխությունը երկրում ձեւավորել է հասարակության կողմից իշխանության հանդեպ աննախադեպ վստահության մթնոլորտ, որը, սակայն, չի օգտագործվում երկրում խորքային եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու համար. «Այդ գործընթացներից արդեն անցել է մեկուկես տարի, սակայն քաղաքական բանավեճը դրսեւորվում է բովանդակության բացակայությամբ եւ փոխադարձ ժխտողականությամբ եւ անհանդուրժողականությամբ»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս շարժման ստեղծումը խորքային մի պատմություն ունի: Բանն այն է, որ ամսիներ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի ծննդավայրում` Արագածոտնի մարզի Ձորափ գյուղում, լուրջ միջադեպ է գրանցվել երկու հարազատ եղբայրների միջեւ:

Ըստ մեր տեղեկությունների` եղբայրներից մեկը իշխանության կողմնակից է, մյուսը՝ ընդդիմության: Զրույցի ժամանակ եղբայրները միմյանց բաժանել են «Սեւերի» ու «Սպիտակների» ներկայացուցիչների, ու բանը հասել է նրան, որ երկու հարազատ եղբայրներ միմյանց ծեծել են: Հասկանալի պատճառներով եղբայրների անունները չենք հրապարակում: Ու, կարելի է ասել, շարժման հիմնադիրները, տեղեկանալով, որ արդեն ատելության ու միմյանց չհանդուրժելու մթնելորտը հասել է ընտանեկան միջավայր, որոշել են նման շարժում նախաձեռնել ու նման անհանդուժողական մթնելորտին լուծումներ տալ:

Հետաքրքրական է նաեւ շարժման անվանումը` «Կոնսոլիդացիա պլյուս մեկ», որը շատերը նմանեցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «1+1+1» նախաձեռնությանը, որի միջոցով էլ, կարելի է ասել, Փաշինյանը իրականացրեց հեղափոխությունը` իր շուրջ համախմբելով հասարակության ներկայացուցիչներին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս