Ողջի գետն արտանետումներ լցվելու դեպքով հնարավոր է հարուցվի քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում՝ ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։

Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի:

Նախարարն ասաց, որ ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում։ «Դեպքի վայրի զննություն է իրականացվում, զննության ու մասնագետների տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց գլխավոր դատախազը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, թե նրանք, ում պատճառով դեպքը եղել է, թաքցրել են ու փորձել են արագ կարգավորել խնդիրը։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ են վերցրել:




Լրահոս