ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ աշխատանքային խումբ ձևավորելու հարցով:
ՍԴ-ի շուրջ ճգնաժամն անպայման կհանգուցալուծվի: Բայց մեր երկրում կարևոր և առանցքային այլ անելիքներ կան, որոնց պետք է ձեռնամուխ լինել:
Այսօր պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կգործի մշտական հիմունքներով և կզբաղվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներով:
Աշխատանքային խմբում կընդգրկվեն ԱԺ արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամներ, ԱԳՆ ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրյալ հայ և արտերկրյա փորձագետներ: Աշխատանքային խումբը պարբերաբար հանդես կգա զեկույցներով, վերլուծություններով և երաշխավորություններով, որոնք կամրապնդեն հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում:
Աշխատանքային խմբի գործունեության մյուս ուղղությունը կլինի խորհրդարանական դիվանագիտության հարթությունում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող աշխատանքը, միասնական ու համակարգված մոտեցումների մշակումը:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցային գործընթացին տիրապետում են չափազանց փոքր թվով պաշտոնյաներ, ինչը բացասական երևույթ է, և որ բանակցային գործընթացին տիրապետողների շրջանակը պետք է ընդլայնվի:
Նշված առաջարկությունն ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ և իրականացման դեպքում կարող է էապես ամրացնել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում:
Նշված առաջարկության վերաբերյալ խորհրդարանի ղեկավարության պատասխանը կներկայացնեմ հաջորդիվ: