2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անվանական համախառն ներքին արդյունքը կազմել է 2 տրիլիոն 724 միլիարդ դրամ, որը 10 տոկոսով ավելին է, քան 2018 թ.-ի առաջին կիսամյակում: Այդպիսի պատկերի ենք ականատես լինում` ուսումնասիրելով 2019 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքները: Այդ արդյունքները նաեւ սկսել են քննարկել խորհրդարանում եւ, մասնավորապես, գլխադասային համարվող ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում, որտեղ պետք է սկսվի նաեւ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը եւ ապա քննարկվի մյուս բոլոր հանձնաժողովներում: Եվ հետաքրքիր է, որ 2018 թվականից 10 տոկոս ավել գրանցած արդյունքը կանխորոշում է այն եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել նախապես պլանավորված ծրագրերի ֆինանսավորման համար:
Բացի այդ, մենք պարզեցինք, որ 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 758.5 միլիարդ դրամ եկամուտ, որից 752 միլիարդ դրամը ներքին աղբյուրներից ստացված եկամուտներն են, եւ դրանցում մեծ կշիռ են ունեցել հարկային եկամուտները՝ կազմելով 713 միլիարդ դրամ:
Բացի այդ, հետաքրքիր է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման ցուցանիշը, ծրագրված համամասնությունների համեմատությամբ, 55.3 միլիարդ դրամով ավելի է եղել, քան նախատեսված էր: Եվ մենք պարզեցինք, որ ծրագրի այդպիսի շեղումը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ: Եվ, ավելին, հենց դա է պատճառը, որ առաջիկայում ճշգրտումներ կիրականացվեն եռամսյակային համամասնությունների կազմման գործընթացում: Իսկ, ահա, պաշտոնական դրամաշնորհներից մուտքերը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել են 6.7 միլիարդ դրամ:
Սակայն այս ամենից զատ հետաքրքիր է, որ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսային հատվածում առկա է ցածր կատարողական, այսինքն` տնտեսումներ են արվել:
Իսկ, ահա, 2020թ. համար կառավարությունը նախատեսել է աննախադեպ մեծ պետական բյուջե: Եկամուտները պլանավորվել են 1տրլն 697 մլրդ դրամ՝ 2019 թ. 1տրլն 496 մլրդ դրամի փոխարեն, իսկ ծախսերը`1 տրլն 880 մլրդ դրամ՝ 1տրլն 648 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն, հաջորդ տարի, այս տարվա բյուջեի համեմատ, 201 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար ավելի եկամուտ եւ 240 մլրդ դրամ կամ մոտ 480 մլն դոլար ավելի ծախսեր են նախատեսվել:
Նույնն է թողնված, սակայն, ՀՆԱ-ի աճի ցուցանիշը` 4,9 տոկոս,թեեւ այս տարվա համար գործադիրը կանխատեսում է նախատեսվածից ավելի` 6,3 տոկոս աճ: Ընդ որում, նախատեսվում է արդյունաբերության 5 տոկոս, գյուղատնտեսության 0,5, շինարարության 4 եւ ծառայությունների 6 տոկոս աճ:
Հարկերը նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 22,6 տոկոսի` 2019թ. 20,7 տոկոսի փոխարեն, իսկ ծախսերը` 26,5 տոկոսի` 2019թ. 24,4 տոկոսի փոխարեն: Համեմատելու համար հիշեցնենք, որնույն ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը խորհուրդ է տվել տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը բարելավել 0, 3-0, 4 տոկոսով: Նախորդ կառավարությունները գործել են այդ ցուցանիշների շրջանակում:
2020թ. ավելանալու է նաեւ դեֆիցիտը` պետական պարտքը` կազմելով 182,6 մլրդ դրամ՝ այս տարվա 151 միլիարդի փոխարեն: Բայց կառավարությունը նախատեսում է այդ ողջ գումարը ներգրավել ներքին աղբյուրներից` պետական պարտատոմսերի, մուրհակների ու այլ միջոցների հաշվին,եւ արտաքին պատք չվերցնել:
2020թ. այս աննախադեպ բյուջեով կառավարությունը նախատեսել է 13.000 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ այն 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ, 10 տոկոսով բարձրացնել նաեւ կենսաթոշակները: Այդ գումարները եւս ներառված են բյուջեի նախագծում:
Բյուջեի ամենամեծ ծախսերը` ավելի քան 489 մլրդ դրամը, բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Մեծությամբ երկրորդ գումարը հասել է ընդհանուր բնույթի ծառայություններին` 347 մլրդ դրամ: Ծախսերի երրորդ մասը բաժին է հասել պաշտպանության ոլորտին` 310 մլրդ դրամ: Պետական պարտքի սպասարկմանը տրամադրվել է 169 մոտ մլրդ դրամ:
Նաիրա Հովհաննիսյան