ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են կաթի փոշու դեֆիցիտի պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կաթի փոշու դեֆիցիտ է: Համենայնդեպս, երեւանյան սուպերմարկետներում, առեւտրի մանր կենտրոններում տեւական ժամանակ է, ինչ կաթի փոշի չկա:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` այսօր Երեւանի սուպերմարկետներում կաթի փոշին սպառվել է, չկա: Իսկ երբ վաճառողներից հետաքրքրվում են, թե երբ կլինի կաթի փոշի, ստանում են անորոշ պատասխան: «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին մի քանի սուպերմարկետներ զանգեց` ճշտելու կաթի փոշի կա, թե ոչ. եթե չկա, ապա երբ կլինի: Մեր հարցին ի պատասխան` սուպերմարկետներից արձագանքեցին` նշելով, որ կաթի փոշի չկա, եւ տեղյակ չեն, թե երբ կլինի: Այսօր նկատենք, որ վաճառքի է միայն «Մառանիկ» ընկերության 50 գրամանոց կաթի փոշին:

Ի դեպ, նշենք, որ ներմուծված կաթի փոշին հիմնականում կիրառվում է քաղցրավենիքի եւ պաղպաղակի արտադրությունում: Բացի այս, այն նաեւ ազատ վաճառվում էր խանութներում, սուպերմարկետներում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց «Էլնոր» ընկերություն եւ փորձեց պարզել, թե ինչն է կաթի փոշու արձանագրված դեֆիցիտի պատճառը, սակայն ընկերությունից հրաժարվեցին մեզ որեւէ տեղեկություն տալ: Նկատենք, որ հիմնականում այս ընկերությունն է սուպերամարկետներին կաթի փոշի մատակարարում:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 3 հազար 323 տոննա կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած:

Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակներից Հայաստան ներմուծվել է 3 հազար 572 տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ ՊԵԿ-ի, կաթի փոշի ներմուծվել է Բելգիայից 74 տոննայի չափ, Գերմանիայից` 87 տոննա, Նիդերլանդներից` 621 տոննա: Իսկ 1453 տոննա Ուկրաինայից է ՀՀ ներմուծվել, Ռուսաստանից` 213 տոննա, Բելառուսից` 1467 տոննա:

Իսկ, ահա, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս տարվա ընթացքում կաթի փոշի Հայաստան ներկրել է 25 ընկերություն: Պարզվում է, որ ընդհանուր ներկրվել է 4 մլն 624 հազար 764 կգ կաթի փոշի: Ըստ ՍԱՏՄ-ի` կաթի փոշի ներկրվել է Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Ավստրիայից, Իտալիայից, Էստոնիայից եւ այլ երկրներից: Թե որոնք են կաթի փոշի ներմուծող ընկերությունները, ՍԱՏՄ-ից փոխանցեցին, որ չեն կարող անուններ նշել, քանի որ նրանց հետ դա նախ պետք է համաձայնեցնեն:

Մենք` սպառողներս, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք: Բայց, արի ու տես, արտադրողը շատ էժան գնով կաթի փոշի է ներկրում եւ դրանից կարողանում ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել, ինչը բացասական ազդեցություն է ունենում գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա: Այսինքն` գյուղացին կաթի մեկ լիտրը վերամշակող ընկերությանը վաճառում են 140-170 դրամով: Այս գինը գյուղացիների համար ցածր է, քանի որ ծախսերը չի ծածկում:

Ենթադրվում է, որ Հայաստանում արձանագրված կաթի փոշու դեֆիցիտի պատճառն այն է, որ ներկրողներին զգուշացվել է, որ այս եւ ամռան ամիսներին կաթի փոշի քիչ քանակությամբ ներմուծեն: Բայց, մասնագետների խոսքերով, կաթի փոշին մեր երկրի կաթնամթերքի ոլորտում խիստ անհրաժեշտ է, քանի որ երբ երաշտ է լինում եւ կաթը չի բավականանցնում, հիմնականում կաթի ընդհանուր պահանջարկի մեկ երրորդը կաթնարտադրությունը չի կարողանում ապահովել, եւ այդ պակասը լրացվում է կաթի փոշու հաշվին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջազգային շուկայում կաթի փոշու մեկ կգ-ի գինը հոկտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 3.1 դոլար կամ 1490 դրամ, իսկ Հայաստանում կաթի փոշու անհատ ներկրողները, ոչ ընկերությունները, մեծածախ տարբերակով կաթի փոշու մեկ կիլոգրամը վաճառում են 1700 դրամով, 25 կգ-անոց պարկով գնելու դեպքում մեկ կիլոգրամը՝ 1650 դրամով: Այսինքն` կաթի փոշին ճանապարհ է անցնում մինչեւ Հայաստան հասնելը, մաքսազերծվում է, բայց տեղական արտադրողի համար ավելի ձեռնտու է տեղական կաթի օգտագործումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս