Երազանքը կրկին մնաց երազանք. պետք է պատրաստվել ԱԱ2022-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի J խմբի Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը: Այս խաղից ակնկալիքը միայն հաղթանակն էր, բայց մեր տղաները չկարողացան իրագործել իրենց առջեւ դրված խնդիրը եւ, կարելի է ասել, կորցրին Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու բոլոր շանսերը:
Հայաստանի հավաքականը Տեւրկու քաղաքում պարտվեց ֆիններին 0:3 հաշվով եւ այժմ բաղձալի 2-րդ տեղում հայտնվելու համար պարտավոր է հաղթել մյուս երկու խաղերում եւ հուսալ, որ Ֆինլանդիան տանը կպարտվի ֆուտբոլային գաճաճ պետություն համարվող Լիխտեյնշտեյնին ու Աթենքում Հունաստանին:

Եթե հավանական է, որ Կներվայի տղաները կպարտվեն հույներին, ապա տանը Լիխտեյնշտեյնին զիջելը հավասարազոր է հեքիաթներին հավատալուն: Ընդամենը օրեր առաջ Հայաստանի շանսերը շատ մեծ էին խմբից դուրս գալու, սակայն Լիխտեյնշտեյնի դեմ 1:1 հաշիվը դրեց անհաջողությունների սկիզբը: Հայաստանը ամբողջ 90 րոպեների ընթացքում չկարողացավ ստեղծել գոնե մեկ գոլային պահ եւ պարտվեց առանց շանսերի:

Այս խաղում անհաջողություններըսկսվեցին առաջին գոլիցհետո, երբ Արամ Հայրապետյանը մրցակցի անկյունային հարվածից հետո չկարողացավ հեռացնել գնդակն ու ուղարկեց Յենսենի ոտքին, վերջինս էլ հանգիստ գնդակն ուղարկեց ցանցը ու սկիզբ դրեց Ֆինլանդիայի հաղթանակին: Մինչեւ 31-րդ րոպեն մեր ընտրանին չէր զիջում մրցակցին, սակայն գոլը խուճապ առաջացրեց մեր թիմի գործողություններում:

Իսկ, ահա, 2-րդ գոլիցհետո, ինչպեսնշեց Արմեն Գյուլբուդաղյանցը, մեր տղաները կորցրին խաղային կարգապահությունը, որից էլ առավելագույնս քաղեց Կաներվայի «գնդացիրը»` ՏեմուՊուկին: Անգլիական «ՆորվիչՍիթիի» հարձակվողը մեր դարպասին դուբլ ձեւակերպեց եւ վերջ դրեց ԵՎՐՈ-2020-ին մասնակցելու հույսերին:

Երկրորդ խաղակեսում Արմեն Գյուլբուդաղյանցը փորձեց փրկել իրավիճակը` կատարելով փոփոխություններ: Երբ հաշվի մեջ մեր թիմը պարտվում էր 0:2 հաշվով, Գյուլբուդաղյանցը խաղադաշտ դուրս բերեց հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանին, որը ուղղակի անիմաստ էր թվում այդ պահին: Այս խաղում այդպես էլ րոպեներ անցկացնելու հնարավորություն չստացան Էրիկ Վարդանյանն ու Պետրոս Ավետիսյանը, սակայն արդարության համար պետք է նշել, որ նրանց ներկայությունն էլ ոչինչ չէր փոխի: Իսկ, ահա, Գոռ Մալաքյանը վատ խաղ չանցակցրեց եւ ապացուցեց, որ կարող էր մեկնարկում լինել Արտակ Գրիգորյանի փոխարեն:

Արաս Օզբիլիսն ու Էդգար Բաբայանը նույնպես ակտիվություն հաղորդեցին մեր խաղին, բայց արդյունք ապահովել չկարողացան:

Մեր թիմը Ֆինլանդիայի պարտությունից հետո արդեն մտածում էր ԵՎՐՈ-ի մասին, արդեն մտածում էր, որ լուծված են բոլոր հարցերը, բայց չէ, սա ֆուտբոլ է, եւ այստեղ ամեն ինչ պարզ է դառնում միայն գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:

Սակայն պետք է ընդգծել նաեւ, որմեր հավաքականը, վերջին տարիների համեմատ, լուրջ աճ է գրանցել եւ հետագայում կարող է պայքարել բարձրտեղերի համար:

Ֆուտբոլում հաղթում են ֆուտբոլիստները, իսկ պարտվում է մարզիչը. հենց այսպես է միլիոնների խաղում, բայց պետք չէ այս անհաջողությունը վերագրել միայն Արմեն Գյուլբուդաղյանցին: Ընդամենը մեկ ամսիցէ անցել այն օրերից, երբ Գյուլբուդաղյանցի հասցեին միայն քաղցր ու ջերմ խոսքեր էին հնչում:

Կար մարզչի մեղավորությունը, անշուշտ, բայց Գյուլբուդաղյանցը այս մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություններ կատարեց թիմում եւ վերադարձրեց մեր հավաքականի երբեմնի հաղթական ոգին, որը Վարդան Մինասյանից հետո չէր հաջողվում անել եւ ոչ մեկին: Մերխբից դուրս գալու շանսերը 1%-ից էլ քիչ են, բայց քանի դեռ կա շանս, կա նաեւ պայքար:

Դեռ ունենք երկու խաղ, եւ այդ երկու խաղերում էլ պետք է ձգտենք հաղթանակի, որը նվազագույնը հնարավորություն կտա կրկնել մեր պատմության լավագույն արդյունքը, այն է` Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերում գրավել 3-րդ հորիզոնականը:

Մեր տղաները հաջորդ խաղը կանցկացնեն նոյեմբերի 15-ին` տանը մրցելով Հունաստանի ընտրանու հետ, որից 3 օր անց էլ` նոյեմբերի 18-ին, դրսում` Պալերմոյում, ուժերը կչափեն ԵՎՐՈ-2020-ում տեղը ապահոված Իտալիայի հետ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս