Եթե հետ մղվող լինեի, արդեն պետք է մղված լինեի. ու՞ր է կորել Լիլիթ Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան կես տարի է՝ հայկական շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լիլիթ Կարապետյանը, ասպարեզում չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ուր է կորել երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված: Նա տեղեկացրեց, որ սպասում է նոր երգի ծնունդին. կան երգահաններ, որոնք իր համար երգեր են գրում, իսկ թե որ երգահանի ստեղծագործությունն առաջինը կհասնի նրան, ցույց կտա ժամանակը: Այլ կերպ ասած՝ Լիլիթը սպասողական վիճակում է: Երգչուհին խոստանում է նաեւ անակնկալ, որը չի ուշանա: Նա երկրպագուների առջեւ նույնիսկ պարտավորված է զգում իրեն տարեկան գոնե երկու տեսահոլովակ ներկայացնել հանրությանը: Նա այն համոզման է, որ նոր գրված ամեն երգ պետք է ունենա իր տեսահոլովակը:

Հարցին, թե մտավախություն չունի, որ նոր սերունդը կգա եւ ասպարեզից դուրս կմղի իրեն ու սերնդակիցներին, Լիլիթը պատասխանեց. «Եթե հետ մղվող լինեի, արդեն պետք է մղված լինեի: 2014-ին ես մեծ թափով վերադարձա շոու-բիզնես (խոսքը «Ժամանակին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մասին է), եւ եթե հանրությունն ինձ կրկին չընդուներ, հենց այդ ժամանակվանից պետք է տապալվեի: Բայց, արի ու տես, մարդիկ ինձ հիշում էին, կարոտում, պահանջում, որ վերադառնամ: Այս փոքրիկ դադարի ընթացքում եւս ես այդ պահանջը զգում եմ: Եթե ժողովուրդը քեզ սիրել է, որքան էլ լռես, հետո ինչ-որ գործ անես, կհիշի: Իհարկե, դիրքերը վերականգնելը երբեմն բավական դժվար է լինում, քան ամեն ինչ նորից սկսելը: Դա էլ կա, չեմ բացառում»:

Լիլիթն այն երգչուհիներից չէ, որոնք նախընտրում են իրենց ամեն քայլի մասին տեղեկացնել սոցցանցերում: Նա այն կարծիքին է, որ հանրությանը զարմացնել կամ հիացնել հարկավոր է գործով: Իսկ, եթե, օրինակ, չկա պատրաստի տեսահոլովակ, երգչուհին նախընտրում է հիշեցնել իր երգերի մասին եւ հենց դրանք շրջանառել օնլայն տիրույթում:

Անի Անտոնյան




Լրահոս