ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրները Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն կնպաստի քրդական միավորումների դուրսբերմանը: «Թուրքիան կդադարեցնի կրակը, որպեսզի YPG-ի ուժերին հնարավորություն տա 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտուց:
YPG-ի ուժերի դուրսբերումից հետո բոլոր ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն»,- ասել է Փենսը: Սահմանազատման գոտին, որտեղից դուրս կբերվեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից 30 կմ դեպի հարավ: Վաշինգտոնը, ըստ աղբյուրի, քրդական կազմավորումներից երաշխիքներ է ստացել, որ կազմակերպված կհեռանան Թուրքիայի հետ սահմանից:
ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում, այլ կսահմանափակվի դիվանագիտությամբ: Փենսը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ:
Նա հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել Անկարայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կրակի դադարեցմանը զուգընթաց: