Ֆրանսիայում քննարկվել են ՀՀ-ում ընթացող դատաիրավական ​​բարեփոխումները. Վլադիմիր Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հրավերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան֊Ֆրանսիա բարեկամության խմբի Ֆրանսիայի Հանրապետություն այցի վերաբերյալ մամլո հաղորդագրություն.

«Կայացան քննարկումներ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, Սիրիա թուրքական ներխուժմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

2019թ. հոկտեմբերի 14-18-ը Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ Ռոնից ընտրված սենատոր պարոն Ժիլբեր-Լյուկ Դը ՎԻՆԱՅԻ հրավերով Ֆրանսիայում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գլխավորությամբ:

Սենատում անցկացված բովանդակալից հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի թվում էին Հայաստանյան զարգացումները՝ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխության》համատեքստում։ Առանձնահատուկ հետաքրքրությամբ քննարկվել են ՀՀ֊ում ընթացող դատաիրավական ​​բարեփոխումները, Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և խորացված համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը և ընդգծվել է այդ հարցերում խորհրդարանական համագործակցության կարևորությունը:

Օ-դը-Սեն դեպարտամենտ և Լիոն այցելությունները հնարավորություն են ընձեռել անդրադառնալ Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերին, ներառյալ՝ տարածքային զարգացումը, համալսարանական կրթությունը և զբոսաշրջությունը։

Այցի ավարտին, որը նշանավորեց միջխորհրդարանական հարաբերությունների նոր փուլը, նախագահներ Ժիլբեր-Լյուկ ԴըՎԻՆԱՆ և Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԸ խստորեն դատապարտեցին Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք:

Նրանք խորին մտահոգություն հայտնեցին քաղաքացիական բնակչության շրջանում զգալի կորուստների, զանգվածային տեղահանությունների և փոքրամասնությունների առջև ծառացած լուրջ սպառնալիքների կապակցությամբ՝ ընդգծելով դրանցից բխող մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ​​ծանր հետևանքները, որոնք կարող են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»։




Լրահոս