«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: Նա հիշեց մի քանի դրվագ նախ իր ուսանողական կյանքից:
Պարոն Բաբայանը խոստովանեց, որ երաժշտական լսողությունից բացարձակ զուրկ մարդ է, բայց կարողացել է Մոսկվայում ուսանելու տարիներին խաբել դասախոսներից մեկին: «Երաժշտության պատմության դասախոսիս ասացի, թե, իբր, Երեւանի կոնսերվատորիայի սան եմ, դիրիժոր: Այս կինը ոտքի կանգնեց եւ մեծ ակնածանքով հիացմունք հայտնեց, որ նման բազմակողմանի զարգացած մարդ եմ»,-ծիծաղելով հիշեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ նշեց, որ բեմական խոսքի հետ կապված իր ունակությունները փայլուն չեն եղել երբեք, բայց իրեն հաջողվել է բարձր գնահատական կորզել դասախոսից. «Համակուրսեցիներս ծիծաղեցին, երբ բարձր ստացա, բայց դասախոսս այսպես մեկնաբանեց. «Երբ Բաբայանը խոսում է, ոչ մի բան չես հասկանում, բայց երբ ինչ-որ բան էլ հասկանում ես, շատ հետաքրքիր է դառնում»»,-պատմեց պարոն Բաբայանը:
Մյուս դրվագները, որոնց անդրադարձավ գեղարվեստական ղեկավարը, կապված են մեր քաղաքական գործիչների հետ: Դրանցից առաջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ է տեղի ունեցել.«Ես միշտ դեմ եմ եղել կոչումներին, 2004 թվականին տանը նստած հեռուստացույցով իմացա, որ ինձ կոչում են տվել: Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 1-ին հրավիրեց նախագահական նստավայր՝ կոչումները հանձնելու համար:
Նա մոտեցավ ինձ, ասաց. «Ձեր մասին շատ լավ բաներ եմ լսել», ես էլ պատասխանեցի. «Մի՛ հավատացեք, պարո՛ն նախագահ, բամբասում են»: Շատ լուրջ ընդունեց, դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց: Ու թեեւ լուրջ չեմ վերաբերվում կոչումներին, ստիպված էի բեմից խոսք ասել: Մոտեցա խոսափողին, ասացի. «Ես կարծում եմ՝ խորհրդանշական է, որ ապրիլի 1-ին ենք ստանում այս կոչումները, խաբելու օրը, եւ այդ պահին Քոչարյանը խառնվեց իրար ու էլի լուրջ ընդունեց, ասաց. «Վայ, էս ոնց հաշվի չէինք առել, էս ինչ սխալ օր ընտրեցինք կոչումները տալու համար»,-հիշեց գեղղեկավարը:
Մեկ այլ դրվագ էլ գրանցվել է Տավուշի մարզպետներից մեկի հետ: Մանկական փառատոնի փակման արարողության ժամանակ նա, ցանկանալով ներկայացնել պարոն Բաբայանին, շատ լուրջ դեմքով հայտարարել է. «Շատ ուրախ ենք, որ մեզ հյուր է եկել Երեւանի տիկնիկային թատրոնը՝ պարոն Թումանյանի ղեկավարությամբ»: Այդ պահին պարոն Բաբայանն իրեն չի կորցրել եւ նկատել է. «Պարոն մարզպետ, եկեք ձեւականությունների հետեւից չընկնենք եւ ինձ դիմեք պարզապես՝ Հովիկ»: Ամբողջ դահլիճը ծիծաղել է:
Առհասարակ, պարոն Բաբայանն այն համոզման է, որ ամեն մարդ պետք է ինքնահեգնանքով եւ հումորով վերաբերվի սեփական անձին. «62 տարեկան եմ, եւ ամեն օր մտածում եմ՝ այ մարդ, էս ո՞նց եմ կարողացել բոլորին խաբել այնպես, որ կողքիններս ինձ էսքան լուրջ են ընդունում: Ի դեպ, քաղաքական գործիչների օրինակով նկատել եմ մի բան՝ որքան մեծ, կայացած ֆիգուրի հետ գործ ունենք, այնքան նկատելի է նրա հումորը: Չերչիլը, Թետչերը դրա լավագույն վկայությունն են»:
Աննա Բաբաջանյան