«Լազարևյան ակումբը» դատապարտել է ադրբեջանցիների հարձակումները Արցախ այցելած Զատուլինի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության «Լազարևյան ակումբի» խորհուրդն Արցախ այցելած Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների հետ կապված հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդն իր պարտքն է համարում արձագանքել «Լազարևյան ակումբի» կազմկոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինի դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնյաների և անհատ քաղաքացիների արշավին:

«Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի դեմ ուղղված ագրեսիվ և կոպիտ հռետորաբանությունը, սպառնալիքներն ու ահաբեկումները վկայում են պատվիրված հոդվածների հեղինակների ցածր մակարդակի մասին: Հիստերիան ակնհայտորեն ցույց է տալիս նրանց փաստարկների բացակայությունը, ովքեր խաղաղություն չեն ցանկանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ոչ մի փաստ, ոչ մի ճշմարտացի խոսք. այսպես կարելի է բնութագրել այն բոլոր նյութերը, որոնք մի շարք լրատվամիջոցներում թողարկվեցին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից անմիջապես հետո»,- ասված է «Լազարևյան ակումբի» մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ակումբի խորհուրդը չի կարողանում ըմբռնումով մոտենալ Պետդումայի որոշ պատգամավորների հայտարարություններին, թե Արցախում հնչած Կոնստանտին Զատուլինի կարծիքը չի համընկնում Ռուսաստանի խորհրդարանի և պետության դիրքորոշման հետ:

«Նրանք գոհ չե՞ն Զատուլինի խաղաղության կոչից կամ «ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծումից», ինչի մասին Զատուլինը Ստեփանակերտում ասել է: Որտեղ են նրանք Ռուսաստանի կողմից, որպես միջնորդ, տեսել այդ խոսքերի ժխտումը: Եվ ե՞րբ և ո՞վ է Պետդումայում քվեարկել ղարաբաղյան կարգավորման այս կամ այն ​​վարկածի օգտին»,- նշված է հայտարարության մեջ:




Լրահոս