Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է փոխադարձ այցերն ու համնապատասխան մասնագետների ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը լիովին տեղավորում է նախորդ հանդիպումների ընթացքում ուղենշված փոխհամագործակցության ձևաչափում: «Հանրության հետ թափանցիկ, նոր գործիքակազմով աշխատելը կառավարության առաջնահերթություններից է և այս առումով ակնկալում եմ կոնկերտ ոլորտներում տեղեկատվության բարձրացման առումով ընդգծված ուշադրություն»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ պատրաստ են ինչպես «Օրբելի» կենտրոնի, այնպես էլ ՊՈԱԿ-ի մասնագիտական ներուժը ծառայեցնել մասնագետների վերապատրաստման, Արցախի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև Արցախի տեղեկատվական դաշտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: