Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետեւանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ: Կապանում Ողջի գետի աղտոտումը, ըստ բնապահպանների, էկոլոգիական հանցագործություն է: Այս արտակարգ իրավիճակի մասին հինգշաբթի օրը ահազանգ հնչեցրեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) անմիջապես հայտարարեց, որըստ ՀՀ քրեական օրենսգրքի` բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Նման հանցագործությունները ընդունված է անվանել Էկոցիդ: Այն իրենից ներկայացնում է հանրային վտանգավորություն, հսկայական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին եւ անհնար է դարձնում մարդու գոյությունը:
Վթարի միակ մեղավոր պղնձամոլիբդենային կոմբինատը նախօրեին` կեսօրից հետո, հաղորդագրություն տարածեց`նշելով, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան 05.00-ի սահմաններում, աշխատակիցները վթարը կանխել են 30-40 րոպեների ընթացքում,ու այդ ժամանակահատվածում վթարային ավազանից տեղի է ունեցել որոշակի արտահոսք դեպի գետ:
Բայց ականատեսների պատմելով` այդ որոշակի բնութագրված արտահոսքը մինչեւ ցերեկվա ժամը 15.00-ն հոսել է Ողջի գետով: Ըստ ՀԲՃ-ի` ստացվում է, որ վթարից 10 ժամ անց արտահոսած թափոնաջրերը դեռ հոսել են գետով: Պարզվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վթարի մասին տեղեկացել է 8:40-ին: Կոմբինատից նշել են, որտեղեկությունը տրամադրել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում: Առողջապահության նախարարությունը այդպես էլ որեւէ հայտարարություն չտարածեց, կոչով չդիմեց քաղաքացիներին, որպեսզի զգուշանան. չէ՞ որ ոռոգման համար այն ոչ պիտանի ջուր է, որն էլ կարող է առաջացնել էկոլոգիական խնդիրներ ու մարդկանց առողջության վրա ազդեցություն ունենալ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ի՞նչ է արել առողջապահության նախարարությունը այս դեպքում, նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանեց`նշելով, որ աղտոտման վայրից վթարի օրը ջուրը վերցրել են, կատարվում են քիմիական հետազոտություններ, արդյունքների մասին հետո կհայտարարեն: Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրենք եւս ջրի նմուշառումներ են վերցրել, որոնց արդյունքները դարձյալ պարզ կլինեն առաջիկա օրերին:
Իսկ մինչ այդ, նշենք, որ վթարի մանրամասները պարզելու, վթարի հասցված վնասները գնահատելու համար կոմբինատի ղեկավարության կողմից կատարվում է ներքինքննություն: Պարզվում է, որ կոմբինատի պոչամբարի վթարի հարցով զբաղվում է միայն կոմբինատի ղեկավարությունը: Իսկ այս ընթացքում տեսչական մարմինը պետք է սպասի, թե երբ է ավարտվելու այդ ներքին քննությունը, որպեսզի բոլոր փաստաթղթերը տրամադրվեն իրենց: Այստեղ հարց է առաջանում` արդյոք կոմբինատի ղեկավարությունը ներքին քննությունը անաչառ կիրականացնի՞, թե՞ այդ ընթացքում «սխալները կկոծկվեն»:
Այնուամենայնիվ, այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմին, որտեղից փոխանցեցին, որ այս պահին վարչական վարույթ է հարուցվել, այն իրականացվում է, առաջիկայում պարզ կլինի, թե ինչի կբերի այդ վարույթը: Ապա նշեցին, որ վարույթն ավարտելուց հետո ստացած փաստաթղթերը գուցե փոխանցեն իրավապահ մարմիններին: «Հիմա` այս պահին, ընկերությունը նախաձեռնել է ներքին քննություն իրականացնել, որից հետո փաստաթղթերը կտրմադրի տեսչական մարմնին: Իսկ տեսչական մարմնի գործողությունները պարզ կլինեն վարույթն ավարտվելուց հետո»,- հայտնեցին տեսչական մարմնից:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ողջիի աղտոտման մասին արտակարգ լուրով մեկնարկեց կառավարության հոկտեմբերի 17-ի նիստը:Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ վթարի մեղավորը գործարանն է. «Եթե չեմ սխալվում, ԽՍՀՄ տարիներին է ներդրվել այդ խողովակային համակարգը, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտի պոչերը տասնյակ կիլոմետրերով տեղափոխվում են դեպի Արծվանիկի պոչամբար»: Իսկ թե ով պետք է պատժի կոմբինատին առաջացած վթարի համար, բոլորը լռում են: Անգամ իրավապահ մարմինները, որոնք, ի դեպ, ըստ որոշ տեղեկություննների, վթարի մասին լսելուց հետո դեպքի վայրում են եղել:
Այս վթարին անդրադարձել է նաեւ տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը`նշելով, որ տեսչական մարմինը պետք է կոմբինատում իրականացնի մասնակի ստուգում: Բացի այս, տեսչական մարմնի լաբորատորիան դեռ չունի տեխնիկական հագեցվածության այն մակարդակը, որ կարողանա լիարժեք հետազոտություն իրականացնել (այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է):
Արթուր Գրիգորյանի խոսքով` բնապահպանական վերահսկողության գործիքակազմը շատ բազմազան է եւ չի ենթադրում միայն մի քանի գրոշի չափով վնասի հաշվարկ ու տուգանք, ինչպես փորձում են ներկայացնել բնապահպանության ոլորտի այսօրվա պատասխանատուները. «Տեսչության ամենաազդեցիկ գործիքը ընկերության տնօրենինտրվող հանձնարարականն է, որը տվյալ դեպքում պետք է լինի «առնվազն Գերմանիայում ընդունելի չափանիշներին համապատասխան Ողջի գետը ընկերության լցրած թափոններից մաքրելը»:
Ապա Գրիգորյանը բերել է Շվեդիայի օրինակը, որտեղ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված մի փոքր գետակ մաքրելու համար ծախսվել է շուրջ 15 մլն եվրո: «Թող սրանք էլ այդքան փող ծախսեն ու մաքրեն, տեսնեմ` հաջորդ անգամ էդպիսի ղալլաթ կանեն: Սա է այն հիմնական գործիքը, որ ընկերություններին կստիպի իրենց ենթակառուցվածքները կարգի բերել, ֆիլտրեր տեղադրել ու պետությանը մարդատեղ դնել: Զանգեզուրի կոմբինատի վերաբերյալ կառավարությունը պետք է քաղաքական որոշում ընդունի, այլ լուծում չկա, իրավական որոշումն աներկբայորեն ենթադրում է կոմբինատի գործունեության դադարեցում»,- նշել է Արթուր Գրիգորյանը:
Սյունէ Համբարձումյան