Խզմալյանը ո՛չ Ամիրյան է, ո՛չ Մակունց, ո՛չ Ղարիբյան. մենք նրա հետ հույսեր ենք կապում. Հայկ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կայացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի եւ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը։ Վերջիններիցս Հայկ Բաբայանը, որը նաեւ ռեժիսոր է, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ փոխնախարարին ներկայացրել են «Հայֆիլմի» վերածնման «Նոր սերունդ» ծրագիրը, որի հիմքը կրթությունն է եւ կինոմիջավայրը։

«Մենք չենք ասում, որ պետությունը պետք է ֆիլմ արտադրի, մենք ասում ենք՝ պետք է ստեղծել կինոմիջավայր: Առաջարկում եմ «Հայֆիլմը» տեղափոխել ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո եւ բոլոր հնարավոր ձեւերով շունչ տալ կառույցին: Այս հարցում պետք է լինել մաքսիմալ պետականամետ: Մենք ամբողջ ծրագրերը փոխանցել ենք փոխնախարարին: Այս ծրագրերում հեքիաթներ չկան, կան իրատեսական գործեր: Կան աջակիցներ, կամավորներ, մնում է` պետությունն անի իր առաջին քայլը, մենք էլ կանենք մեր քայլը: Խզմալյանը ո՛չ Ամիրյան է, ո՛չ Մակունց, ո՛չ Ղարիբյան, մենք նրա հետ հույսեր ենք կապում: Ամեն դեպքում, գիտակցում ենք, որ թեման շատ ծանր է, պլանները՝ դժվար իրականանալի»,-մեզ հետ զրույցում շեշտեց Հայկ Բաբայանը:

Թեեւ վերջինս այն համոզման է, որ նշյալ հարցում հարկավոր է լինել կտրուկ, Արա Խզմալյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, զգացմունքայնությունից հարկավոր է զերծ մնալ եւ գտնել խնդրի արդյունավետ լուծումներ: Ռեժիսորը եւս նշում է, որ հաջողությունների հնարավոր է հասնել փուլ առ փուլ.

«Եթե հարյուր տարի էլ անցնի, ոչ ոք չի ասելու. «Ես շատ եմ սիրում մեր Ազգային կինոկենտրոնի ֆիլմերը», բոլորն ասում են եւ ասելու են «Մեր «Հայֆիլմը», այսինքն` գաղափարախոսությունն ապրում է ավելի, քան կառույցի գործունեությունը: Պետությունը պետք է այնպես անի, որ «Հայֆիլմը» պահպանվի որպես սիմվոլ: Այն, ինչ ունեցել ենք տարիներ առաջ, ոչ մի գնով չպետք է կորցնենք»,- եզրափակեց ռեժիսորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս