Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում Ռուսաստանում է: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով: Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ից մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2008-ի հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թթ: