ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով եւ Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց եւ երեխաներին:
Արարատ Միրզոյանը, որն «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնության ակունքներում է եղել եւ աշխատել է այդ շրջանակներում, շնորհավորելով Միրզա Դինայիին՝ նշել է, որ իր համար կրկնակի ուրախալի է տեսնել վերջինիս՝ այդ մրցանակը ստացողի դերում:
Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար: