Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Այսինքն` երեք օր է` մեքենա ներմուծողները չեն կարողանում մասնակցել ճապոնական աճուրդներին: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել: Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ նոր տարի»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման: Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երեւանցիներին: Բայց երբ քննադատական որեւէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք` հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ եւ արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, եւ սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»:
Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ.-ն ավազակության համար 2013 թվականին 10 տարի ազատազրկման դատապարտված Գ.Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա մտերիմից 2019 թվականին մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրների միջոցով պարզեց , որ Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, 4 այլ անձանց հետ մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս. նրանք մուտք են գործել քնած ամուսինների բնակարան, կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, հարվածներ են հասցրել՝ հափշտակելով խոշոր չափի գումար: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել:
Ինչպես հայտնի է, երեկ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանին գտել էին ինքնասպան եղած: Հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել եւ կրակել նրա ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի դարձավ, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Այսպիսով, զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է: Դիքի ավագը զինծառայողին հարցրել է թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, եւ այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Ու, փաստորեն, ըստ նախնական վարկածի` մի հեռախոսի պատճառով երիտասարդ զինվորն իր կյանքին վերջ տվեց:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՎ
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում թերեւս կհաստատվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից հեղինակած որոշման նախագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվելու 2015 թվականի փետրվարի 19-ին ուժի մեջ մտած կառավարության 165-Ն որոշումը: Այս որոշմամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք ձեւավորվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը շարունակեց գոյություն ունենալ Կարեն Կարապետյանի օրոք եւ, ըստ էության, ոչնչով աչքի չընկավ, բացի նրանից, որ փաստաթղթերով ձեւավորված այդ մարմինը ուղղակի կար:
Նույն կարգավիճակում մարմնի գոյությունը շարունակվում էր նաեւ հետհեղափոխական Հայաստանում: Եւ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո էլ, բնականաբար, այդ խորհուրդը փաստացի պարապուրդի էր մատնված, որեւէ նիստ չի գումարել, չի գործել:
Ակնկալվում էր, որ մեռելածին այդ կառույցը վաղուց նաեւ պետք է դե յուրե դադարեցներ իր գործունեությունը. հիմա եկել է պահը, եւ շուտով այդ խորհուրդը այլեւս չի լինելու:
Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի տանելու: Ընդհակառակը, հետհեղափոխական Հայաստանում մեծ տեղ է տրվում կոռուպցիայի դեմ պայքարին, որի համար վերջերս ստեղծվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Խորհրդի առաջին նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հուլիսի 12-ին: Իհարկե, եթե նայենք կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների դե յուրե ունեցած կարգավիճակներին, ապա իրավաբանորեն շատ քիչ բան է փոխվել: Երկու խորհուրդների կազմերը չեն տարբերվում միմյանցից: Ինչպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, այնպես էլ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ խորհրդի կազմում են փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամներ եւ ՀԿ ներկայացուցիչներ: Պարզապես խորհրդի այսօրվա անդամ-ներկայացուցիչները, ի տարբերություն նախահեղափոխական Հայաստանի, կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաներ չեն, մարդիկ են, որոնց ծավալած պայքարն առավել քան իրական կլինի` չհաշված այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանն իրականում անհաշտ կռիվ է տվել եւ շարունակում է տալ կոռուպցիայի դեմ: Վերջինիս նախագահությամբ գործող մարմինը չի կարող հանկարծ որեւէ զիջման գնալ կոռուպցիոն որեւէ երեւույթի: