ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ԱՆՑԱԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի խորհրդարանում անհանգստացած են Բագրատաշենի մաքսային կետում կատարվող իրադարձություններից: Բանն այն է, որ վերջին ժամանակներս շատ լարված վիճակ է անցակետում, քանի որ Հայաստանում մեքենա ներկրողների թիվն ավելացել է, ինչի պատճառով մարդիկ օրերով հերթի մեջ են մնում: Մեր տեղեկությունների համաձայն` ՀՀ քաղաքացիները անգամ գիշերում են անցակետերի մոտ, քանի որ մաքսային կետում չեն հասցնում մաքսազերծում իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մեքենա ներկրողները պատրաստվում են առաջիկայում շատ մեծ թվով բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նշվում է նաեւ, որ ավտոներկրողները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց խնդիրը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օգոստոսի 2-ը գտնվելու է արձակուրդում: Մենք տեղեկացանք, որ խորհրդարանից պատգամավորներ են նախօրեին գործուղվել Բագրատաշենի մաքսային կետ` հասկանալու համար, թե ինչպես կարող են հարցին լուծում գտնել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործուղված պատգամավորներից է եղել, ում հետ էլ զրուցել ենք` պարզելու համար, թե ինչ լուծում են գտել:
-Պարո՛ն Փամբուխչյան, Դուք եւս եղել եք Բագրատաշենի մաքսային կետում, որտեղ այս օրերին լարված վիճակ է, քանի որ մեքենաների կուտակումներ են, մաքսակետում չեն հասցնում աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտել: Ի վերջո, ի՞նչ պարզեցիք, ո՞րն է այդ խնդրի լուծումը:
-Բագրատաշենի մաքսային կետը բնականոն ձեւով աշխատում է, մենք այնտեղ զրուցել ենք նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր ավտոբուսով ժամանել էին Հայաստան, այսինքն` անձնագրայինում էլ խնդիրներ չկար: Այնտեղ մի փոքր խնդիր էր ավտոների շատ ներկրման հետ կապված, այսինքն` մեքենաներ այս ժամանակահատվածում շատ են ներկրում: Մենք միայն 3 ժամվա մեջ, որ գնում էինք անցակետ, 7 հատ թրեյլեր ենք տեսել, որ ներկրում էին, գնացինք, տեղում էլ 3-4 հատ կանգնած էին, ու դեռ սպասում էին: Ես դա Ձեզ ասում եմ` երեք ժամվա մեջ: Այսինքն` ահռելի քանակությամբ մեքենաներ է ներկրվում, ու դրա պատճառով ոչ թե ասեմ կուտակում, այլ մի փոքր շատ էր մեքենաների թիվը: Կուտակումներ, որպես այդպիսին, չկա: Պետք է հասկանալ, որ այս ժամանակահատվածում շատ են մեքենա ներկրողները, ու անհնարին է, որ նման իրավիճակ չլինի:
-Այսինքն` ըստ Ձեզ` որեւէ լարվածություն, կուտակում չկա՞ անցակետում: Ըստ ավտոներկրողների` խայտառակ իրավիճակ է տիրում մաքսակետում, դա իրականություն չի՞:
-Մենք տեղում տեսել ենք, պարզել ենք, որ լարվածություն, խուճապային իրավիճակ չկա, ուղղակի մեքենաների ներկրողների թիվը շատացել է, մեքենաներ այս ժամանակահատվածում շատ են բերում, ինչի համար էլ գուցե նման տեղեկություններ տարածվեն: Մենք եղել ենք տեղում` պարզելու իրավիճակը, որպեսզի եթե նման հարցեր լինեն, մենք կարողանանք փաստեր ներկայացնել: Ես Ձեզ ներկայացնում եմ այն իրավիճակը, որին մենք ականատես ենք եղել:
-Բայց կարող էիք ընդամենը մի քանի ժամվա ընթացքում պարզել այն մտահոգող հարցերը, որոնք բարձրաձայնում են ավտոներկրողները: Գուցե մի քանի օր հետեւեի՞ք ստեղծված իրավիճակին` իրականությունը հասկանալու համար:
-Մենք գնացել ենք բավականին պիկ ժամի ու դա տեսնելով` կարելի է ընդհանուր պատկերը հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Մենք կարողացել ենք իսկապես հասկանալ այն ամենը, ինչը մեզ համար կարեւոր էր: Հավատացե՛ք, մենք այդ ժամանակահատվածում հասցրել ենք պարզել բոլոր այն անհանգստացնող տեղեկությունները, որոնք այս ժամանակահատվածում բարձրաձայնվել են:
-Տեղեկություններ կան, որ մաքսակետի «հագեցվածության» պատճառով մարդիկ օրերով գիշերում են այնտեղ: Ինչպե՞ս էր իրավիճակն այդ առումով, կարողացա՞ք հարցին լուծում տալ:
-Ես նման բան չտեսա, որ մարդիկ օրերով քնում են անցակետերում. քնելու հետ կապված` մեզ տեղեկացրեցին, մենք էլ վարորդների հետ խոսեցինք, իրենք ասեցին, որ գրանցումներն անելուն պես իրենք երբեմն այդտեղ հանգստանալու նպատակով ինչ-որ մի ժամանակ քնում են, որից հետո նոր շարունակում են իրենց ճանապարհը: Խնդիր չկա, մարդիկ փորձում են ինչ-որ մի ժամանակ հանգստանալ, քնել, նոր երթեւեկել: Չեմ կարծում, որ դա խնդիր է: Կարծում եմ` դա ավելի ճիշտ է:
-Նշվում է նաեւ, որ հնարավոր է հետաձգվի այն հարցը, որ պետք է արդեն 2020 թվականին թանկանա մեքենաների մաքսազերծումը: Արդյոք դա հնարավո՞ր է:
-Ես չեմ կարծում, որ հարցը կհետաձգվի, որովհետեւ դա ԵԱՏՄ-ով մեր ստանձնած պարտավորությունն է: Ամեն դեպքում, փորձ արվում է հնարավորության դեպքում ինչ-որ բան անել: Բայց, եթե անկեղծ, ես կարծում եմ, որ որեւէ հետաձգում չի լինելու: Մարդիկ մեքենա են ներկրում, իրենք բիզնեսով են զբաղվում կամ իրենց պարկն են թարմացնում, ուրեմն պահանջարկ կա, որ նման բան է արվում: Իսկ մեր ներկրողները շատ լավ տեղեկացված են, որ մաքսազերծման մեջ փոփոխություններ են սպասվում: Ես կարծում եմ, որ նորմալ պրոցեսներ են ընթանում, ու պետք չէ այս ամենը արտառոց համարել: Հավատացե՛ք, նորմալ իրավիճակ է ընթանում:

 

 

 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման: Նրանցից շատերին տեսել են քաղաքապետարան մտնելիս:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործուղումից նոր է վերադարձել Հայաստան ու սկսել է հանդիպումներ նախաձեռնել: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երեւանցիներին:
Մեզ հաջողվեց պարզել, որ իշխանական պատգամավորները Հայկ Մարությանից փորձել են պարզել, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Երեւանի համար գերխնդիր դարձած աղբահանության հարցը, ինչպես են լուծելու տրանսպորտի ու ընտրությունների ժամանակ քարոզչության ընթացքում բարձրաձայնած խնդիրները: Հայկ Մարությանն էլ պատասխանել է պատգամավորների հարցերին ու խոստացել բոլոր հարցերին հերթով լուծումներ տալ: Նա ասել է, որ այն արագությունը, որով աշխատում են, արդեն բավականին մեծ է, ու անհնար է դրանից արագ ու արդյունավետ աշխատել: Երբ նրան փոխանցել են այս կամ այն դժգոհությունը, Մարությանն անգամ վրդովվել է, թե սրանից ավելի արագ ու արդյունավետ ոնց կարելի է աշխատել:
Մեզ հաջողվեց պարզել, որ հանդիպմանը ներկա է գտնվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ հանդիպման ֆորմատը փակ է եղել:
-Տիկի՛ն Գալստյան, ինչո՞ւ էր որոշել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար: Չէ՛, որեւէ մտահոգություն կամ խնդիր չի եղել, փորձել ենք հասկանալ օրենսդիր, քաղաքապետարան աշխատանքները օրենսդրական դաշտում:
-Իսկ ի՞նչ որոշեցիք, ինչպե՞ս եք կազմակերպելու այդ երկու գերատեսչությունների աշխատանքները:
-Կոնկրետ որոշումներ, ինչ-որ ֆորմատային ձեւաչափ չի ընդունվել, պարզապես եղել է քննարկում` ընդհանուր թեմաների շուրջ, որոշել ենք, որ հետայսու սերտորեն համագործակցենք, շարունակենք աշխատել միասին:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԵՐԹԸ ՔԿՀ ՊԵՏԵՐԻՆՆ Է
«ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 23-ին գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետն ազատվում է նախկինի կադրերից եւ փոփոխությոոններ է նախաձեռնել: Գրել էինք նաեւ, որ առաջիկայում նա կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելանից: Երեկ «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանուկ Միքայելյանի հրամանն արդեն ստորագրվել է, եւ նա ազատվել է պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՔԿ ծառայության լրատվական բաժին, որտեղից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ Մանուկ Միքայելյանը չվերանշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնին, եւ արդարադատության նախարարի հրամանով` նրա փոխարեն ՔԿ ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Սակայն ազատումները այսքանով չեն սահմանափակվելու, եւ ՔԿ ծառայության այլ պաշտոնատար անձինք, որոնք հնաբնակներ են, եւս առաջիկայում կազատվեն պաշտոններից: Ի դեպ, ՔԿՀ-ներում լուրեր կան, որ ծառայության կադրային ջարդից հետո հերթը հասնելու է ՔԿՀ պետերին, եւ այդտեղ եւս նոր նշանակումներ են լինելու: Այս իրավիճակի մասով ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՔԿՀ պետերը աշխատում են:

 

 

 

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ` ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում կրճատումներ կլինեն: Մասնավորապես կկրճատվի արգելոցի վարչական անձնակազմի թվաքանակը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր կներկայացնի կառավարությանը: Ըստ այդմ` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում գիտության եւ պահպանության գծով տեղակալների հաստիքները կկրճատվեն: Բացի այս, հաստիքների գործառույթները կվերանայվեն, իսկ դրանցից գոյացած ֆինանսական միջոցներն էլ կուղղվեն պահպանության որակի բարձրացմանը։

 

 

 

ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ
Հայաստանի գործադիրը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին գումար կհատկացնի` 270 մլն դրամի չափով: Պարզվում է` գումարն անհրաժեշտ է, քանի որ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակներում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախատեսում է առաջին անգամ ստանալ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը եւ տեղանքի թվային մոդելը։ Հուսանք` այս գումարները իրենց նպատակին կծառայեն եւ չեն փոշիացվի:




Լրահոս