ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԳՏՎԵԼ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տեւում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Այսինքն` երեք օր է` մեքենա ներմուծողները չեն կարողանում մասնակցել ճապոնական աճուրդներին: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել: Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ նոր տարի»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է: Այսինքն` երրորդ երկրից Հայաստան ներմուծված մեքենաների մաքսազերծումը զգալի կթանկանա: Բանն այն է, որ Հայաստանը 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին է անցում կատարելու: «Շատերի անձնական էջերը փակվել են հուլիսի 22-ից, որովհետեւ ճապոնական կողմը չի խոստանում, որ մեքենան կարող են մինչեւ 2020 թվականի հունվարի մեկը հասցնել Հայաստան: Մերոնցից կան, որ ռիսկի են դիմել, գումարն էլ են ուղարկել, բայց դիլլերները հետ են վերադարձրել այն: Ասում են` եկե՛ք այստեղ, ստորագրություն տվե՛ք, որ եթե մեքենան հունվարի 1-ից հետո հասնի Հայաստան, դուք մեզ համար խնդիր չեք առաջացնի»,- իրավիճակը ներկայացրեց մասնագետը:
Ի դեպ, Տ. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց նաեւ, որ Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաների գներն այս ընթացքում բավականին նվազել են: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` Հայաստան անցած տարվա ընթացքում ներմուծվել է մոտ 67 հազար ավտոմեքենա: Միայն Ճապոնիայից անցած տարվա ընթացքում Հայաստան ներմուծվել է 17 հազար 500 ավտոմեքենա: Իսկ այդ մեքենաների հիմնական գնորդները ղազախներն ու ռուսաստանցիներն են: Ավտոմեքենա վաճառողների խոսքերով` հենց ղազախների ու ռուսաստանցի գնորդների շնորհիվ անցած եւ այս տարվա ընթացքում մեքենաների իրացման ծավալները զգալի ավելացել են: Բայց, մյուս կողմից, պաշտոնական տվյալներով` Հայաստանում ավտոմեքենաների առեւտրի շրջանառությունը ոչ թե աճել է, այլ հակառակը` նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում ավտոմեքենաների առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 17.8 տոկոսով նվազել է: Այսպես, այս տարվա 5 ամիսների ընթացքում մեր հանրապետությունում ավտոմեքենաների առեւտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 70 մլն 900 հազար դրամ:
Բայց մայիսին, ապրիլի համեմատ, ավտոմեքենաների իրացման ծավալները 6.8 տոկոսով ավելացել են: «Ո՞վ է ասում, որ վաճառքը նվազել է: Արտահանում. Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիները գալիս են այստեղից են մեքենա տանում: Չեմ պատկերացնում, որովհետեւ չի նվազել, անհնար է: Բավականին լավ վաճառվում է: Ղազախները գալիս, գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, իրենք էլ են առեւտրի մեջ, իրենք էլ են մեքենա ներկրում ու ծախում: Մեր քաղաքացիների անունով գրանցվում են ու ձեռնարկատիրությամբ են զբաղվում, մեզ հետ միասին գալիս են, Վրաստանից մեքենա են բերում: Մարդիկ 100 դոլար վճարում են մեր բնակիչներին, գրանցվում են իրենց տան վրա ու գնում, մեքենա են բերում: Հավանաբար հայկական համարներով են արտահանում եւ դրա համար առուվաճառք, որպես այդպիսին, չի գրանցվում: Չի երեւում էդ առեւտուրը: Ոչ թե նվազել է, այլ 70 տոկոսով ավելացել է առեւտրի շրջանառությունը»,- փոխանցեց Տ. Հովհաննիսյանը:

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՈՉԽԱՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸ

Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Հիշեցնենք` ոչխարաբուծության ոլորտին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանձնարարել է իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Եւ վարչապետի հանձնարարականի հետքերով Էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ներկրել շուրջ 30 հազար գլուխ ոչխարներ եւ այծեր: Ըստ Էկոնոմիկայի նախարարության` կավելանա ոչխարների եւ այծերի գլխաքանակը, 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 97 մլն 125 հազար դրամ: Իսկ ձեռք բերվող 1 գլուխ ոչխարի եւ այծի միջին հաշվարկային արժեք է ընդունվել 450 հազար դրամը։ Նկատենք, որ Հայաստանում ոչխարաբուծությամբ հիմնականում զբաղվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` վերջին տարիներին ոչխարների եւ այծերի գլխաքանակը զգալի նվազել է: Ավելին, մեր երկրում ոչխարի եւ այծի գլխաքանակը այս տարվա հունվարի մեկի դրությամբ կազմել է 638 հազար 200 գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածին գրանցված 745 հազար 800 գլխի դիմաց:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ-ից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար եւ 2100 տոննա ոչխարի միս: Միայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար եւ 21 տոննա ոչխարի միս: Հիմնականում արտահանվել է Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Վրաստան:
Ի դեպ, ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար եւ ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրին մասնակից կարող են լինել բանկերը կամ վարկային կազմակերպությունները: Կտրամադրվեն վարկեր ՀՀ դրամով` առավելագույնը 12 % անվանական տոկոսադրույքով: Ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխար եւ այծ, ոչխարի ու այծի արու եւ էգ տոհմային մատղաշ:
Շահառուն բանկին կարող է ներկայացնել ոչխար ներմուծելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով ձեռքբերվող տոհմային մատղաշի քանակը, ներկրման վայրը, ձեռքբերման ժամկետները: Շահառուի ցանկությամբ վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս, վարկի մարման ժամկետ է սահմանվում մինչեւ 4 տարի: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն շահառուներին 2% տոկոսադրույքով:
Իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ «ՄՈՒՍՈՐ» ԱՆՎԱՆԱԾԸ
Իջեւան քաղաքում փայտի բիզնեսով զբաղվողների բողոքի գործողությունների ժամանակ լրատվամիջոցներին հարցազրույց տված 18-ամյա Էրիկ Խոջումյանը Իջեւանի բոլոր ոստիկաններին «մուսոր» անվանեց, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` «մուտիլովչիկ»: Իսկ ո՞վ էր նա:
ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էրիկ Խջումյանը վերջերս Իջեւանի «Բազե» սուպերմարկետից գողություն է կատարել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետն ասաց, որ Է. Խոջումյանը խուսափում էր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար բժշկական զննում անցնելուց, առաջիկա օրերին նա կուղարկվի բուժզննման: Տեղեկացնենք, որ Էրիկ Խոջումյանը բնակվում է Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում:

 

 

 

5000 ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱՐՁԱՎ 5000 ՀՈԳԻ
2019թ. մայիսի 17-ին Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ նպատակ ունի արտերկրից 5000 ընտանիք վերաբնակեցնելու Տավուշի մարզում: Հունիսի 19-ին Տավուշի մարզպետարանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ արտերկրի հայերի` Տավուշի մարզում վերաբնակեցման ծրագիրը նախատեսում է հինգ տարվա ընթացքում հինգ հազար մարդու ներգաղթ, որոնք կգան ու կապրեն Տավուշում: «Եվ սա այն ներգաղթն է, որ պիտի էականորեն փոխի ժողովրդագրական վիճագրությունը, իր հետ բերի նոր ոգեւորություն, նոր մշակույթ: Բնականաբար, նմանատիպ ծրագրերի իրականացման համար պիտի հենվենք, ապավինենք, համագործակցենք այնպիսի հարթակի հետ, ինչպիսին Հայաստան համահայկական հիմնադրամն է»,- ասաց մարզպետը: Հունիսի 22-23-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ակադեմիայում ««Իմ քայլը»` հանուն Տավուշի» երկօրյա ներդրումային գործարար համաժողովի ժամանակ Տավուշի մարզպետը հայտարարեց վեդրաբնակեցման ծրագրի մեկնարկի մասին, որ կոչվում է «Վերադարձ»: Մարզպետը այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար կարեւորեց ԱՄԿ-ի` փախստականների հարցերով գրասենյակի աջակցությունը: Մինչ Տավուշի մարզի բնակիչները դժգոհում են սահմանամերձ մարզում աշխատատեղերի պակասից, խմելու եւ ոռոգման ջրի հիմնախնդիրներից, մարզպետը արտերկրից սահմանամերձ Տավուշ հազարավոր մարդկանց վերաբնակեցման անիրական ծրագիր է կազմում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս