Կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ -Արմենիա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» առաջին հանդիպումը: Խաղն ընթացավ հայկական թիմի մեծ առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստները կարողացան ընդամենը 2 գոլ խփել Ջիբրալթարը ներկայացնող թիմի դարպասը: Հայկական թիմից առաջին խաղակեսի 33-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոն Կոբյալկոն, ապա առաջին խաղակեսի մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Կոջո Ալֆոնսը: Հանդիպման մեկնարկից առաջ բացահայտ ֆավորիտը համարվում էր հայկական ակումբը, եւ չնայած այն փաստին, որ մեր ֆուտբոլիստները կարողացան հաղթել, միեւնույնն է, հաշիվը գոհացնող չէ, եւ պատասխան խաղից առաջ բաց հարցեր է թողնում:
Հաշվի առնելով Վարդան Մինասյանի սաների առավելությունը, երկրորդ խաղակեսում ստացած մրցակցի կարմիր քարտը` իհարկե, հաշվի սպասելիքներն ավելի խոշոր էին, քան 2:0-ն: Ընդամենը մի քանի օրից կկայանա արդեն պատասխան հանդիպումը, ինչ-որ առումներով բարդություններ կան հայկական թիմի համար: Նախ` երկար ուղեւորությունը Ջիբրալթար, ապա մրցակցի խոտածածկի արհեստական լինելու փաստը եւ, դրանց գումարած, ռոտացիա, որը ե՛ւ անելը, ե՛ւ չանելը կարող է ճակատագրական դեր խաղալ: Դիմակայության առաջին հատվածում մենք տեսանք, որ Վարդան Մինասյանը դիմել էր ռոտացիայի` պահեստայինների նստարանին թողնելով թիմի հիմնական դարպասապահ Աբակումովին եւ խաղադաշտ դուրս բերելով Ցուպիչին:
Վերջինիս խաղի մասին դեռեւս ասել ոչինչ հնարավոր չէ, որովհետեւ մրցակից թիմը հարված այդպես էլ չկատարեց մեր դարպասին: Սակայն երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում նա կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալ, բայց նրա փոխանցումից հետո հարձակվողները չկարողացան իրացնել հիանալի հնարավորությունը: Խաղից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանը նշեց` իր գրանցված արդյունքից գոհ չէ, սակայն դրա համար չի անհանգստանում, որովհետեւ թիմը ստեղծում էր բազմաթիվ գոլային պահեր: Այո՛, իրականում կարելի է համաձայնել մասնագետի հետ, սակայն այդ բարդ ուղեւորությունը եւ դաշտի արհեստական լինելը շատ բարդ խաղ է խոստանում տղաներին: Ամեն դեպքում, այսպիսի մրցակցից մրցաշարից դուրս մնալը պարզ է, որ չի մտնում «Արարատ – Արմենիայի» ծրագրերի մեջ:
Հաջորդ փուլ անցնելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը, ամենայն հավանականությամբ, ուժերը կչափի վրացական «Սաբուրտալոյի» հետ, Չեմպիոնների Լիգայի որակավորան փուլում տանը 0:2 հաշվով զիջեցին «Դինամո Զագրեբրին»: Պահերի այսպիսի իրացումը Վրաստանի չեմպիոնների դեմ խաղում կարող է չար կատակ խաղալ մեզ հետ: Ջիբրալթարական թիմի դեմ խաղից հետո «Արարատ – Արմենիայի» ֆուտբոլիստները նշեցին, որ կարեւորը հաղթանակն էր, ու ամեն ինչ կանեն մյուս խաղում նույնպես հաղթելու համար: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին Ջիբրալթարում:
Հավելենք, որ այսօր Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում պայքարը կսկսեն նաեւ «Ալաշկերտն» ու «Փյունիկը», որոնք համապատասխանաբար կմրցեն «Ստյաուայի» եւ «Յաբլոնեցի» հետ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՉՎԵՐԹՆԵՐ ԵՆ ՉԵՂԱՐԿՎԵԼ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարել է Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի մի քանի չվերթի չեղարկման մասին: Այսօր` ժամը 17:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի No102 արագընթաց գնացքը դուրս չի գա երթուղի: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից եւ 17:15-ին Երեւանից մեկնող Գյումրի-Երեւան-Գյումրի No103/102 արագընթաց էլեկտրագնացքները: Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու No100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երեւանից 09:40 եւ Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:
ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՆՎԱԶԵԼ Է
2019 թվականի առաջին կիսամյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84.441 գործարք, ինչը 2018 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ նվազել է 2.3 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել 11.1 %-ով: Նշենք, որ Երեւանում 2019 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.6 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 9.5 %-ով:Մարզերի քաղաքներում 2019 թվականի առաջին կիսամյակի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 1.9 %-ով: