«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «3-րդ Ալիք» հեռուստածրագրի ռեժիսոր-մեկնաբան, դերասան Արտավազդ Եղոյանն է: Նա անդրադարձել է իր նախասիրություններին, սովորություններին, բնավորության գծերին:
-Պարո՛ն Եղոյան, ո՞ր դեպքում է Ձեր օրը տոն դառնում: Դա հե՞շտ է իրականացնել:
-Իմ օրը տոն կլինի, երբ դրացիս, մտերիմս երջանիկ կլինի, ոչնչի պակաս չի ունենա: Ցավոք, ինձ թվում է, որ այս կյանքում ես չեմ հասցնի ներկա լինել այդ տոնին: Օրերս անցնում են ինչ-որ բանի սպասումով:
-Ըստ Ձեզ` ո՞րն է օրվա լավագույն պահը:
-Առավոտը, որովհետեւ դիմացս օր կա ապրելու, իսկ երեկոյան օրը մեռնում է…
-Ձեզ հնարավո՞ր է մանրուքներով ուրախացնել:
-Իհարկե հնարավոր է, եթե այդ մանրուքը մեծ արժեք է ունենում:
-Այս երեքից ո՞ր հատկությունն այնքան էլ բնորոշ չէ Ձեզ` պարտաճանաչ, բծախնդիր, պունկտուալ:
-Երեքն էլ բնորոշ է ինձ:
-Ո՞րն է 21-րդ դարի չարիքը:
-Բոլոր դարերի չարիքը անուղեղ ղեկավարներն են: Առաջնորդել ազգին նշանակում է ինչ-որ լավ բան տալ մարդուն, նրա կյանքը դարձնել անհոգ ու լիարժեք, հույս ներշնչել ապագայի նկատմամբ, իսկ մենք մի տեսակ ապրում ենք անհույս: Այսօր ժողովուրդը բաժանվել է երկու մասի: Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ոչ մեկի ֆանատը չեմ: Ինձ ասում են, թե բոլորին քննադատում եմ, բայց այդպես չէ: Եթե լավ բան են անում մեր ազգի համար, ինչպե՞ս կարող եմ դեմ լինել: Իշխանություն է փոխվել, թող այս նորերը սխալվեն, մենք` քննադատենք: Դա չի թողնի, որ սխալ ճանապարհով ժողովրդին տանեն: Բա մենք ինչի՞ համար ենք: Ուզում եմ երկիրս ծաղկի, ոչ թե Իջեւանում Փաշինյանին ասեն. «Բա ես քեզ համար պայքարեցի, որ քո իշխանությունը արգելի՞ ծառ տնկել»: Ախր դուք պայքարել եք ոչ թե Փաշինյանի համար, այլ ինքներդ ձեր, ձեր զավակների ապագայի համար: Ախր պիտի բոլորս հասկանանք, որ հանրայինն էլ է մերը: Մի բան թողնենք գալիք սերունդին: Ես ուզում եմ, որ մեր զավակները անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում… Ես պետականամետ եմ, իշխանամետ չեմ:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը կարող է անգամ աշխարհը շուռ տալ, եթե…»:
-Կինն առանց «եթե»-ի էլ աշխարհը շուռ է տալիս (ծիծաղում է):
-Եթե սիրել, ապա…
-Լիաթոք:
-Ձեզ հիասթափեցնում են մարդիկ, որոնք…
-Անողնաշար են, անկամ, ստախոս:
-Չեք դադարում հիանալ…
-Կանանցով, արեւածագով, լավ եղանակով, բարի մարդկանցով: Մի մանրուքից կարող եմ երեխայի պես ուրախանալ ու թռչկոտել եւ, հակառակը, անմիջապես նեղսրտել, երբ ինչ-որ բան այնպես չի գնում: Բայց երբեք շուտ չեմ հիասթափվում:
-Պահապան հրեշտակների գոյությանը հավատո՞ւմ եք:
-Իհարկե հավատում եմ:
-Ձեզնից հազիվ թե դուրս գար բժի՞շկ, ուսուցի՞չ, թե՞ իրավաբան:
-Երբ դպրոցը մի կերպ ավարտեցի, ուզում էի դերասան դառնալ, տնեցիք չէին թողնում: Հետո Ձախ Հարութին հանդիպեցի, սկսեցինք նվագել, դեպի արվեստ էի գնում, թեպետ հայրս տանում էր Պոլիտեխնիկ, մայրս` բժշկական համալսարան: Բոլոր տեղերից կտրվեցի, որովհետեւ աչքս ուրիշ տեղ էր: Ձեր նշած մասնագիտություններից ոչ մեկն էլ իմը չէ: Մաթեմատիկայի ուսուցիչս փողոցում տեսնելիս ինձ անընդհատ ասում էր. «Պարոն Եղոյան, Դուք մարդ չեք դառնա»: Երբ արդեն մեծացա, վայելում էի ժողովրդի սերը, փողոցում մարդիկ ինձնից ինքնագիր էին խնդրում, կողքովս անցավ ու ասաց. «Մեկա, էլի մարդ չես դառնա» (ծիծաղում է):
-Մի ուտելիք, որից անսահման օգտվելու հնարավորության դեպքում Ձեզ երջանիկ կզգայիք:
-Սիրում եմ համեղ ուտել, համով ապրել, նախընտրում եմ «խե-ով սկսվող ուտեստները` խաշ, խորոված, խինկալի: Ես ամեն ինչի «համով»-ն եմ սիրում` համով ուտել, համով սիրել, համով ապրել: Սակայն երբ ուտելիս հիշում եմ, որ կան մարդիկ ու հատկապես երեխաներ, որոնք գուցե հենց այդ պահին քաղցած են, հացն ասես կուլ չի գնում: Ինչ-որ բան կոկորդս խեղդում է:
-Ձեզ երբեւէ թվացե՞լ է, որ Դուք ունեցել եք նախկին կյանք, դեժավյուներ հաճա՞խ եք ունենում:
-Այո, 49 տարի է` մի կնոջ հետ եմ ապրում, բա դա դեժավյու չէ՞ (ծիծաղում է):
-Շո՞ւն, թե՞ կատու:
-Բոլոր կենդանիներին էլ սիրում եմ, նույնիսկ օձերին: Միայն բորենիներին չեմ սիրում. անընդհատ վնգստում են: Այն, ինչ անում է գոյության համար, տհաճ է: Դրանք լափող տեսակներ են: Այսօր էլ մեր իրականությունում դեռ կան բորենու նման կյանք վարողներ: Նողկալի է…
-Եվ վերջում` իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:
-Մեր մեջ ասած` բոլորն էլ դուր եկան: Շնորհակալ եմ. մենակությունս իմաստավորեցիք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՈՐՏԵ՞Ղ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ
Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն օգոստոսին ընկերների հետ կմեկնի Ամստերդամ, Բրյուսել եւ Փարիզ` ամառային հանգստի: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ այդ քաղաքներում լինելու մասին իր երազանքը համընկավ ընկերների երազանքի հետ, եւ անմիջապես որոշեցին իրականացնել այն: Ընկերներով արդեն գծել են ճանապարհային քարտեզն ու մշակել օրակարգ, ճամպրուկները կապել են ու անհամբերությամբ սպասում են թռիչքին:
Առհասարակ, Գրիգորը կարողանում է համատեղել աշխատանքն ու հանգիստը, բայց այս անգամ մեկնում է արտերկիր զուտ լիցքաթափվելու համար. «Անկեղծ ասած` աշխատանքս այնքան եմ սիրում, որ դրանից կտրվելը հանգիստ չեմ համարում: Կարելի է ասել` միշտ եմ հանգստանում եւ երբ չեմ աշխատում, կարծես հոգնում եմ: Այդ է պատճառը, որ հանգստի մեկնելուն հատուկ, ընդգծված կերպով չեմ սպասում»,-նկատեց նա:
Ծովափնյա պասիվ հանգիստը երգչի համար չէ: Նրան հարկավոր է միջավայրի փոփոխություն, այցելություն մշակութային օջախներ. «Միշտ ցանկացել եմ լինել Վան Գոգի թանգարանում եւ հիմա արդեն հնարավորություն կունենամ ցանկությունս իրականության վերածել: Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին»,-նշեց Գրիգորը:
Նա իրեն համարում է շատ ճամփորդող մարդ, հասցրել է լինել 10 երկրների 14 քաղաքներում` Սիդնեյից մինչեւ Նյու Յորք. «Ամենատպավորիչ երկիրը, որտեղ եղել եմ, միանշանակ Ավստրալիան է: Ինձ ցնցել են այնտեղի գեղեցիկ բնությունը, մշակութային ուշագրավ ժառանգությունը եւ ժամանցի վայրերը: Իսկ անապաստան մարդկանց Ավստրալիայում առհասարակ չես հանդիպի»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա շատ է սիրում նաեւ էքստրեմալ հանգիստ: Նախորդ տարիներին արտերկրում հաճախ է օգտվել ընձեռված հնարավորություններից, օրինակ` ցատկել է բարձր տեղերից, սակայն այս տարի նախընտրում է ժամանակ ծախսել մշակութային օջախներ այցելելու, քաղաքային ճարտարապետությունն ուսումնասիրելու համար:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՀԵՌԱՑՎԵՑ
Հայացավ ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեան, որի ընթացքում որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը հեռացնել Օլիմպիական կոմիտեի անդամակցությունից: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով` նման որոշում կայացվեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի թույլ տված սխալների եւ անօրինությունների եւ ՀԱՕԿ-ի հեղինակությանը հարված հասցնելու պատճառով: Ասամբլեային ներկա 67 անդամներից 2-ը քվեարկեցին ձեռնպահ, 1-ը` չմասնակցեց, իսկ մնացածը քվեարկեցին կողմ:
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՅՈՒՆԱՅԹԵԴ»
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» շուտով պաշտոնապես ձեռք կբերի իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Մինկովիչ-Սավիչի տրանսֆերը: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար մանկունյանցիները իտալացիներին կվճարեն 75մլն եվրո: Անգլիական ակումբում այս ֆուտբոլիստին դիտարկում են որպես Պոլ Պոգբայի փոխարինող, ով կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում: Նշվում է, որ մանչեստրցիները ցանկանում են ֆրանսիացու վաճառքից ստանալ առնվազն 100մլն եվրո:
ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսին այնուամենայնիվ տուգանվեց եւ որակազրկվեց CONMEBOL-ի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու պատճառով: Արգենտինացին բաց կթողնի 2020 թվականին մեկնարկող Ամերիկայի Գավաթի առաջին խաղը: Նա նաեւ կվճարի 1500 դոլար տուգանք: Նշվում է, որ այսպիսի մեղմ պատժի պատճառ է դարձել այն, որ ֆուտբոլիստը ներողություն էր խնդրել իր խոսքերի համար: Հիշեցնենք, որ Լեոն CONMEBOL-ին մեղադրել էր կաշառակերության եւ մրցաշարում Բրազիլիայի շահերը պաշտպանելու համար:
ՀԱՂԹԱՆԱԿ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ
Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում կայացավ իտալական ամենասպասված դիմակայություններից մեկը: «Յուվենտուսը» կարողացավ 11մ հարվածաշարում հաղթանակ կորզել «Ինտերից»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1: Խաղի երկու գոլերն էլ հեղինակեցին թուրինցիները` դե Լիգտը գրավեց սեփական դարպասը, իսկ Ռոնալդուն` մրցակցի: 11մ հարվածաշարում փայլեց «Յուվեի» դարպասապահ Ջիջի Բուֆոնը, որը հետ մղեց մրցակցի 3 հարված: «Յուվենտուսը» հետխաղյա հարվածաշարը 4:3 հաշվով ավարտեց:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ