ՄԻԵԴ-Ի ԱՊՏԱԿԸ` ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին` արձանագրելով, որ զրկված է եղել արդար դատավարության եւ սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Իսկ երեկվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը: Նրա` Բուզանդի 13 հասցեում գտնվող տունն այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք փոխանցվել է պետությանը: Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարելի է դասել բացառիկների թվին մի քանի պատճառներով: Նախ` այդ գումարն ավելին է, քան մինչեւ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը, եւ երկրորդ` դատարանի եզրակացության մեջ շեշտված է կոնկրետ դատավորի` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը: Մասնավորապես, եզրակացության մեջ ասվում է. «…Դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել` այդպիսով խախտելով մարդու` արդար դատաքննության իրավունքը»: Սա աննախադեպ է այն առումով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին: Այն ժամանակ իրավաբանական համայնքը վստահ էր, որ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս դատավորի սխալ վճռի հետեւանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները, եւ նա հրաժարական տվեց միայն հեղափոխությունից հետո: Ընդ որում, հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում տուժողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ի սկզբանե պահանջել էր 10 մլն եվրոյի փոխհատուցում, սակայն գումարն իջեցվել է ՄԻԵԴ-ի կողմից եւ դարձել 1.5 մլն եվրո: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արման Մկրտումյանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն չհաջողվեց: Զրուցեցինք այն ժամանակ Երեւանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանի հետ, որի անունը եւս շոշափվում է փաստաթղթերում: Նա հայտնեց որ ինքը երկրում չէ, անձամբ ծանոթ չէ` ինչ որոշման մասին է խոսքը, սակայն նշեց. «Տրամաբանությունը ցույց է տալիս` եթե քաղաքացիները վիճարկել են քաղաքապետի որոշումը առաջին ատյանի դատարան, որ քաղաքապետարանը ճիշտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ ծանոթ չեմ որոշմանը եւ այլ բան չեմ կարող ասել»: Հավելենք, որ դեռեւս 2016թ.` Մկրտումյանի մասով առաջին որոշումից հետո, այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նախ անցանկալի էր որակել դատավորների մասով նման որոշումները, ապա նշել, որ դատարանները վերափոխման կարիք ունեն: Փաստորեն, արդեն քանի տարի է` բոլորն այդ են ասում, բայց մինչեւ հիմա ոչինչ չի ստացվել:

 

 

 

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում եւ հույժ գաղտնի պայմաններում, որ երբեք որեւէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել են»: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին: Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, եւ ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը եւս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները: Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք եւս հետաքրքիր փաստեր են պարունակում:

 

 

 

 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում: Ն. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ա. Աղաբաբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր: Իհարկե, իրավապահների կողմից ողջունելի է այս բացահայտումը, քանի որ բանակը պետք է զերծ մնա եւ չխառնվի քաղաքական գործընթացներին, բայց լավ կլինի, որ Ա. Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն:

 

 

 

 

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ (միս): Մանկատանը միս մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն հուլիսի 23-ին: Ըստ այդ հայտարարության` անորակ մսի մատակարարման մասին պարզ է դարձել նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ մսի մատակարարման ժամանակ նախարարության ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չի եղել: Նրանք, ինչպես ասում են, դեպքի վայր են ժամանել ուշացած` հաջորդ օրը: Ինֆորմացիան ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հովհաննես Սահակյանի հետ, որն ասաց. «Սնունդ ստանալիս մանկատան տնօրենը կապ է հաստատել ինձ հետ: Գնացի` միսը տեսելու, այնտեղ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր»: Ինչո՞ւ եք այլոց աշխատանքը ձեզ վերագրում. մեր այս հարցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց. «Ավելացնելու ոչինչ չունենք. ինչ գրվել է պաշտոնական հայտարարության մեջ, դա է»:

 

 

 

 

 

ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ
Հանդուրժողականության, բարեվարքության, քաղաքակրթության, դաստիարակության եւ, վերջապես, հայկական ավանդական փոխհարաբերությունների՝ նամուս, թասիբ, մեծ ու փոքր փոխհարաբերությունների սուբորդինացիայի մասին որքան շատ է խոսվում, այնքան շարունակվում են ձեւախեղվել այդ երեւույթները մեզանում: Նախօրեին տեղի ունեցածը ոչ այլ ինչ, քան ուղղակի ամոթ որակելը, դժվար է:
Ինչի՞ մաիսն է խոսքը: ԺՈՒԿ նախագահ, երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին՝ Էմանուել Գասպարյանը, իսկական փորձանքի մեջ է հայտնվել միայն այն բանի համար, որ հանդգնել է նկատողություն անել երկրորդական փողոցում արագ երթեւեկող մի վարորդի: «Մի անդաստիարակ փողոցով ոչ սահմանված արագությամբ էր երթեւեկում. հասկացա, որ հյուր է մեր հարեւանի տանը, ասեցի` զգուշացրե՛ք, որ մեքենան շատ արագ է վարում, թող զգույշ լինի: Զգուշացնելուց հետո մեքենան դիտավորյալ հասավ ինձ եւ ավելի արագ սկսեց վարել` կարծես թե ասելով, թե դու ինձ ինչ դիտողություն ես անում: Փողոցով մոտ 2 տարեկան երեխա էր տատիկի հետ քայլում, էդ ձայնը լսելուց շփոթմունքի մեջ հայտնվեց, գոռացի` կանգնի՛, չե՞ս տեսնում` երեխա է, սա էլ կանգնեց, թե բա` ո՞վ էր հետեւիցս գոռում, ասեցի` չե՞ս լսում, որ ասում են` կանգնի: Մոտեցա մեքենային, ասեցի` էս ի՞նչ արագությամբ ես քշում երկրորդական փողոցում, թե բա` ես իմ արագությունը լավ գիտեմ, ինձ դիտողություն անելու կարիք չկա: Մի 19 տարեկան կլիներ, ինձ մի պահ թվաց, թե անչափահաս էր, մյուս կողմից ծնողը վազելով եկավ, թե բա` ի՞նչ է պատահել, ասեցի` տղայիդ կարգի՛ հրավիրի, տղան թե բա` ո՞վ խփեց ձեռիս…»,- պատմել է Գասպարյանը: Արդեն երեկոյան 4 մեքենաներով մտել են բակ: «Պատուհանները իջացրած՝ հայհոյախառը խոսում էին, ես կասկածեցի, իսկ երբ ես դուրս եկա ճանապարհ, տեսա` մեքենայից իջան եւ դեպի ինձ գալով` հարցնում էին լակոտին, թե ով է քեզ նեղացրել, սա էլ ինձ էր մատնացույց անում: Ես տեսա, որ մահակներով եւ զենքով են զինված, տուն գնացի: Հասկացա, որ եկել են հաշվեհարդար տեսնելու, արդեն դեպի տուն քաշվեցի, երկու հատ կրակոց լսվելուց հետո հարեւաններից մեկը ոստիկանություն է ահազանգել: Երկու կրակոցից հետո փախուստի են դիմել»,- հավելել է ԺՈՒԿ նախագահը:
Հիմա պատկերացնում եք՝ Էմանուել Գասպարյանն էլ լիներ այն արժեհամակարգի կրողը, ինչն ունեն հաշվեհարդարի անհաջող փորձ արածները, կլիներ անխուսափելի արյունահեղություն: Ինչո՞ւ. որովհետեւ մեծ ու փոքր, հարգանք պատիվ կամաց-կամաց վերանում է, եւ ոչ մի կոնվենցիա այլեւս չի փրկի, եթե մենք չցանկանանք ինքներս փոխվել:




Լրահոս