ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԶ. ՏԱՎՈՒՇԻՑ ԿՍԿՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւս որոշել է ամռան ընթացքում մարզեր այցելել` պարզելու բնակիչների տրամարդրվածությունը, այն խնդիրները, որոնք շարունակում են հուզել մարդկանց: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցության պատգամավորներին հրավեր է ուղարկվել, ներկայացվել է, թե երբ են նախատեսում սկսել այցերը: Մենք տեղեկացանք նաեւ, որ հուլիսի 29-ից իմքայլականների մի խումբը մեկնելու է Տավուշի մարզ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք ամռանը պատգամավորական խմբերով շրջելու են Երեւանում եւ մարզերում բնակիչների հետ հանդիպելու համար: «Լուսավորականներն» էլ հանդիպման են գնում այն բնակարանները, որտեղից էլեկտրոնային նամակներ են ստանում:
Մենք տեղեկացանք, որ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մարզ մեկնելու նախաձեռնողներից է եղել խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Վերջինիս հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու համար, թե ինչ նպատակ է հետապնդում խմբակցության նախաձեռնությունը:
-Տիկի՛ն Աբրահամյան, ինչո՞ւ խմբակցությունում որոշվեց ամռանը մեկնել մարզեր, ո՞րն է այդ ամենի նպատակը:
-Մենք գնալու ենք բոլոր մարզերը, ըստ ցանկության` պատգամավորները հերթագրվում են, թե որ մարզ են ցանկանում գալ` կախված նաեւ իրենց համար հարմար օրերից: Ըստ օրերի` պատգամավորները գրանցվում են: Նպատակը` քարտեզագրել մարզային խնդիրները, մարդկանց հետ խոսել, հասկանալ իրենց մտահոգող խնդիրները, ցույց տալ նաեւ, որ մենք իրենց կողքին ենք շարունակաբար, ոչ թե ընտրությունից ընտրություն, ինչպես նախկինում է եղել: Մեր մարզային պատգամավորները շատ ակտիվ են, ամբողջ տարվա ընթացքում ենք շփվում մարզերում ապրող բնակչության հետ, բայց նրանք, ովքեր համապետական ցուցակով են ընտրված, նրանք, ովքեր Երեւանի տարածքներից են ընտրված, մեծ հաշվով այդ հնարավորությունը շատ հաճախ չեն ունենում: Ու սա հնարավորություն է համակարգային քարտեզագրելու խնդիրները, որոնք հետագայում օրենսդրական փոփոխությունների կհանգեցնեն: Այսինքն` հիմնականում տեսնել, թե մարզերում ինչ մտահոգող խնդիրներ կան, ու ինչ լուծումներ դրանք պետք է ստանան:
-Իսկ այդ ամենը հանձնարարվե՞լ է խմբակցության ղեկավարության կողմից, ինչպե՞ս եք եկել այդ եզրահանգման, որ պետք է ամռանը շրջել մարզերով:
-Չէ, սա մի քանի պատգամավորների կողմից նախաձեռնություն է, բայց, բնականաբար, ողջունվել է ամբողջ խմբակցության կողմից, եւ հստակ իրականացնում ենք այդ նախաձեռնությունը: Ես կրկնում եմ, որ շատերը անհատական սկսել էին իրենց այցելությունները մարզեր, բայց սա նաեւ թիմային աշխատանքի ձեւ է, որ մեզ ճանաչեն նաեւ թիմ, ու որպես խմբակցություն ենք ցանկանում այցելությունները կատարել: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, ու հստակ ուզում եմ շեշտել, որ մենք չենք ուզում գնալ, այսպես ասած, կաբինետային հանդիպումներ ունենալ, այլ մենք ուզում ենք հենց գյուղերում, գյուղամիջում մարդկանց հետ խոսենք, մարդկանց մտահոգություններ լսենք, այսինքն` ոչ թե գյուղապետեր, մարզպետեր եւ այլն, այդ մակարդակում հանդիպումներ լինեն, այլ ուղղակիորեն մարդկանց հետ շփվելով:
-Բայց նման նախաձեռնությամբ առաջինը հանդես է եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ իրենք արդեն բավական երկար ժամանակ է` շրջում են մարզերով: Դա՞ է եղել նաեւ պատճառներից մեկը, որ իմքայլականները որոշեցին իրենք եւս մարզային այցելություններ ունենալ արձակուրդային շրջանում:
-Ես կարող եմ ասել, որ այս առաջարկը արել եմ դեռեւս մայիս ամսվա կեսերին, որ ամռան ամիսները դա իրականացնենք, ու մեր զբաղվածության պատճառով ինչ-որ չափով հետաձգվեցին մեր այցելությունները: Ի դեպ, պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ է այս առաջարկը արել, այնպես որ, սա շատ վաղուց էր քննարկվել մեր խմբակցությունում, այն նոր չէ: Իրականում, սա նորմալ պրակտիկա է, սա ամեն մեկի ներքին պատասխանատվության խնդիրն է: Բնականաբար, ամեն մարդ ինքն է որոշում` ինչպես պետք է վարվի:
-Ըստ Ձեզ` մարզերում սպասո՞ւմ են իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ ակնհայտ է, որ արդեն դժգոհություն է հասունացել նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:
-Ես տարբեր մարդկանց հետ հանդիպել եմ վերջին ժամանակներս, ու շատ նորմալ են ընդունում, եւ այն ապոկալիպտիկ տպավորություններն են առկա ֆեյսբուքում, բացարձակ իրական կյանքում չկան, բայց վստահ եմ, որ մտահոգություններ կան, ու գիտենք, որ դրանք դեռ չեն վերացել, ու, բնականաբար, պատրաստ ենք նաեւ քննադատության, ոչ թե պատրաստ ենք, այլ հենց քննադատության ու բողոքներ լսելու համար ենք գնում: Սա է հիմնական առաքելությունը, այսինքն` մենք չենք գնում, որ մեզ` վայ, ինչ լավ է` դուք եկաք եւ այլն: Կարծում եմ, բոլորս էլ պատրաստ ենք քննադատություններ լսել, որովհետեւ, ի վերջո, գնում ենք այդ բողոքները լսելու եւ դրանց լուծում տալու համար: Հստակ գիտակցում ենք, որ ակնկալիքները չափազանց մեծ են, մենք էլ ամեն ինչ անում ենք դրանք արդարացնելու համար:

 

 

 

 

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԱՌԱՋԻՆ ԱՆՁԸ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը իրականացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող աշխատանքները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախօրեին նիստ է անցկացրել: Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը հյուրընկալել է առաջին անձին, որը ներկայացրել է իր ունեցած տեղեկությունները` 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայացած առաջին անձնավորությունը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ է:

Մեր տեղեկությունների համաձայն` ՊՆ ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է այն իրողությունը, որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին: Քննիչ հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Պաշտպանության նախարարության կողմից:
Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը մեծ ցանկ է ուղարկել ՊՆ, որպեսզի հերթով այն անձնավորությունները, որոնք ինչ-որ առումով մասնակցություն, տեղեկություն են ունեցել քառօրյա պատերազմի մասին, անպայման ներկայանան խորհրդարանական հանձնաժողովին: Հավելենք նաեւ, որ խորհրդարանում առանձին սենյակ է նախատեսված հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, որտեղ ոչ մի ձայնագրող սարք չկա, ու ամեն ինչ արվում է նիստից արտահոսք չլինելու համար: Մեր տեղեկությունների համաձայն` հանձնաժողովը մյուս շաբաթ հնարավոր է երկու նիստ հրավիրի, որպեսզի ավելի արագ ընթանա այն պրոցեսը, որը սկսվել է պատերազմի հանգամանքերը պարզելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանի հետ, որը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: Վերջինս հաստատեց, որ իրենք նիստ անցկացրել են, բայց որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ այն փակ ու գաղտնի ռեժիմով են անցկացնում: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ակտիվ աշխատանքային փուլում են ու ամեն ինչ անում են, որպեսզի այս ժամանակահատվածում իրենց աշխատանքները արդյունք ունենան: Այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով` Ա. Բաբլոյանը որոշել է այլեւս քաղաքական գործունեությունից հեռու մնալ ու զբաղվել բացառապես բժշկական գործունեությամբ: Երեկ Արա Բաբլոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ, ահա, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Տեղեկությունը ճշտե՛ք իրենից, կեղծ ինֆորմացիան ճշտե՛ք որտեղից է գալիս, մեզ մոտ նման բան արձանագրված չի»:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ
Երեկ ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել: Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ: Որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս որոշումը իրականում շատ խորը արմատներ ունի: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` բանակում զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպերով տարվող քննությունները ցույց են տվել, որ զինվորներից շատերն առողջական խնդիրներ ունեն, ինչի հետեւանքով էլ միջադեպերը ճակատագրական ավարտ են ունենում: Բացի դրանից, օրերս մեծ աղմուկ բարձրացրեց շարքային Յուրիկ Բրոյանի հետ կատարվածը, որ զինվորը զորակոչվել է բանակ, որից հետո ինքնավնասման էր գնացել: Ռազմական ոստիկանությունը հուլիսի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր` զինծառայողը բուժումը ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս, գնացել է անհայտ ուղղությամբ: Ահա այս եւ այլ դեպքերից հետո ՀՀ պաշտպանության նախարարը իշխանություններին ներկայացրել է իրավիճակը` հորդորելով քայլեր իրականացնել, եւ ավելի լավ է` նման զինվորները չզորակոչվեն բանակ, քան թե գան եւ պետության ու բանակի համար դառնան խնդիր: Երեկ կառավարությունը նման որոշումը կայացրեց:

 

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված, ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ դատավոր Սուրեն Անտոնյանը կատարվածից տեղյակ չէ եւ միայն ինքն է այդ ամենի մասին իմացել: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտեց` քաղաքացիական գործերից մեկով ցանկացել են միջամտություն իրականացնել: Պարզել էինք, որ գործը կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:




Լրահոս