ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՀՀԿ-ԱԿԱՆԻ ՇԱՀԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ նրա նախկին գործունեությունը շարունակում են մնալ հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օրինակ` խոսքը նրա` արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլ տվել, կամ իրավապահների` Ազգային ժողովում սկսված ուսումնասիրությանը, երբ նա ԱԺ աշխատակազմի ղեկավար էր:

Նկատենք, որ Հրայր Թովմասյանի գործունեությունն ու անձը միշտ էլ եղել են լրատվամիջոցների եւ հանրության ուշադրության կենտրոնում: Անգամ երբ նրա թեկնածությունն էր ներկայացվել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, շատերը, այդ թվում եւ ընդդիմադիր ուժերը, թերահավատորեն էին վերաբերվում նրա թեկնածությանը եւ հատկապես բերում էին այն պատճառաբանությունը, թե Հրայր Թովմասյանը, որը մինչ այդ Հանրապետական կուսակցության անդամ էր եւ, ըստ էության հրաժարական տվեց նոր պաշտոնին անցնելու համար, կարող է Սահմանադրական դատարանում կրկին պաշտպանել ՀՀԿ-ականների շահերը եւ առաջ տանել դրանք: Իսկ վերջինս էլ ամեն կերպ փորձում էր ապացուցել, թե ինքը կաշկանդված չի լինելու որոշումներ կայացնելու հարցում, որքան էլ որ նախկինում հանրապետական է եղել:
Սակայն պարզվում է` 2018 թվականի դեկտեմբերի 14-ին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից օրեր անց, Սահմանադրական դատարանը` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, մի հոդված է ճանաչել հակասահմանադրական, որի հիման վրա «Մետէքսիմ» ընկերությունը տուգանվել էր Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Այստեղ պետք է ընդգծել, որ այս ընկերության 98 տոկոս բաժնետերը 2000 թվականից առ այսօր հանդիսանում է Միխաիլ Հարությունյանը: Եվ նա ամենեւին էլ պատահական մարդ չէ, այլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը: Հարությունյանների ընտանիքին է պատկանում նաեւ «Գրիար» ընկերությունը, որը մասնագիտացած է շինարարության ոլորտում: 2004-ին ընկերության գլխավոր տնօրենը Արթուր Յորդյանն էր` Միխաիլ Հարությունյանի եղբոր` Գրիգորի Հարությունյանի դստեր ամուսինը: Ներկայումս գլխավոր տնօրենը Գրիգորի Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մտերիմներից է: Նշենք, որ «Մետէքսիմ» ՍՊԸ-ն բիզնես խմբի մեջ է մտնում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Միկմետալ», «Միկշին», «Քեթրին» եւ այլն: Իսկ Միխայիլ Հարությունյանի որդին էլ` Վահան Հարությունյանը, վեցերերոդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավորն էր:
Ընդ որում, «Մետէքսիմե ընկերության եւ Միհրան Պողոսյանի մասով եւս ուշագրավ տվյալներ կան: Խոսքը 2014 թվականին տրամվայի լուծարման մասին է. տրամվայի ռելսերի ապամոնտաժումը բավականին արագ է կատարվել: Երեւանում ապամոնտաժումից առաջ կար տրամվայների շուրջ 180 կմ գիծ, որի յուրաքանչյուր մետրը 45 կգ էր, բոլոր ռելսերը միասին 8100 տոննա, եւ 2004 թվականին Պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարն այն ժամանակ Սերժ Սարգսյանն է եղել, հայտարարել է, թե ռելսերը հարկավոր են առաջնային գծի անվտանգության ապահովման համար: Սակայն փաստացի դրանք ամբողջովին չեն օգտագործվել, եւ Պաշտպանության նախարությունից, «ՍիվիլՆեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ 2005-2011 թթ. Երեւանի քաղաքապետարանի ութ որոշումներով Պաշտպանության նախարարությանն է հատկացվել շուրջ 5700 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն, եւ նախարարությունն էլ ծախսել է ընդամենը 137 տոննան, այսինքն` տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը: Եվ մնացած 5563 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը տրամադվել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին: Այսինքն` այստեղ գործել է Սերժ Սարգսյան-Միհրան Պողոսյան-Միխայիլ Հարությունյան եռանկյունին:
Իսկ հիմա էլ` այսքան տարի անց, այս նույն ընկերության համար արդեն դրույթ է հակասահմանադրական ճանաչվում, որը հնարավորություն է տալիս խուսափել տուգանքից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 44-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Եվ դռնբաց նիստում քննելով պատգամավորների որոշումը` Սահմանադրական դատարանը որոշել էր, որ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները ստորագրահավաք էին սկսել 2018 թվականի հոկտեմբերին, ընդ որում` այդ ժամանակ դեռ պատգամավոր Վահան Հարությունյանի նախաձեռնությամբ: Նա կարողացել էր ՍԴ դիմելու համար անհրաժեշտ ստորագրահավաքներն ունենալ:
Եվ համադրելով եղած փաստերը` հետաքրքիր պատկեր է ստացվում. այսպիսով, դիմումը եղել է ՀՀԿ պատգամավորների նախաձեռնությամբ, իսկ նախաձեռնությունն էլ եղել է ՀՀԿ պատգամավոր, «Մէտեքսիմ» ընկերության սեփականատիրոջ պատգամավոր որդուց, որն էլ Միհրան Պողոսյանի բարեկամն է, իսկ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն դրույթը, որի հիման վրա ընկերությունը տուգանվել էր ՊԵԿ-ի կողմից: Արդյոք սա կարող ենք դիտարկել որպես նոր կոռուպցիոն բացահայտում` ժամանակը ցույց կտա. ի վերջո, գործին խառնված են եղել ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյան-Հրայր Թովմասյան տանդեմը, եւ նման որոշում է կայացվել, այն էլ` արտահերթ խորհրդարանական ընտրություններից օրեր անց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԹՈՓ ԵՌՅԱԿԸ
Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից բացակայելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը` 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում: Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` 9 անգամ բացակայությամբ եւ 426 հազար 700 դրամ պահումով: Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Կորյուն Մկրտչյանը: Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, եւ աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ:

 

 

 

ԳԻՇԵՐԸ ՉԻ ԹՌՉՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտրոն, բացասական պատասխան են ստացել: Եվ պարզվում է` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կարող թռիչքներ իրականացնել: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, ոտեղից հայտարարեցին` նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաստանում հնարավոր չէ` լեռնային պայմանների հետ կապված: Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, եւ տեխնիկապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չէ կազմակերպել: Հիշեցնենք, որ նախարարի` սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետների մոտ, քանի որ սանավիացիան հարմարեցված չէ բժշկական օգնության տարրական՝ տեղաշարժվելու պայմաններին, Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում:

 

 

 

ԱԻՆ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Արտավազդ Մկրտչյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ա. Մկրտչյանը, զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր համագյուղացի Կարեն Մարտիրոսյանի կողմից դիտողություն է ստացել` գարեջուր խմելուց հետո տարաները տարածքում թողնելու վերաբերյալ: Ա. Մկրտչյանը բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Կ. Մարտիրոսյանի հասցեին, ձեռքերով, ոտքերով, գարեջրի ապակյա տարաները նետելու եղանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտավազդ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով երեկ Բագրատաշենի մաքսատուն կատարած այցի արդյունքները, ասել է, որ, որպես ՊԵԿ նախագահ, մաքսային գործառույթների առումով Բագրատաշենում իրավիճակը գնահատում է բավարար: Նրա խոսքով` դիտարկվել է մաքսատան ամբողջ աշխատանքը, հասկացել են, թե ինչ խնդիրներ են առկա: «Գործառութային առումով խոշոր թերություններ չկան, կան կադրեր եւ որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիրներ, որը մեր կողմից արդեն գործարկվել էր: Մրցույթը արդեն հայտարարվել է, շենքային պայմաններ պիտի ավելացնենք եւ 4-5 աշխատող ներգրավենք»,-ասել է Անանյանը:

 

 

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն է տրամադրել «Այ պլաստ» ՍՊ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում: Կառավարությունը բավարարել է նաեւ «Ոսկե կար» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ` 111,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վերջինիս ընդունել են Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Կ. Աբրահամյանը Կասպրշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը: ԱԳ նախարարն ու Ա. Կասպրշիկն ընդգծել են Ադրբեջանի եւ Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման կարեւորությունը:

 

 

 

150.000 ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նպատակ է հետապնդում կանխարգելել ավտովթարները: Առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150 հազար դրամ: «Մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով»,- տեղեկացրել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից:




Լրահոս