ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԲԴԽ ԱՆԴԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռուզաննա Հակոբյանը հայտնեց. «Ընդհանրապես չեմ մտածում, պահը կգա, կմտածեմ, ինքս էլ չեմ կողմնորոշվել»: Իսկ ի՞նչ է ընդհանրապես կատարվում այս օրերին Բարձրագույն դատական խորհրդում:

8 ամիս անց
Բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ տեւական ժամանակ ԲԴԽ-ում ստեղծված քաոսային վիճակը թույլ չէր տալիս ելք գտնել: 2018 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց: 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր` Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ, մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց:
8 ամիս անց ԲԴԽ անդամների շուրջ նոր կրքեր հասունացան: Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի կողմից դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասով հայտարարությունից հետո, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ նրա հետեւից ԲԴխ որոշ անդամներ եւս հեռացան:
Սկսվեց հերթական անգամ ԲԴԽ անդամ ընտրելու գործընթացը, եւ իրավիճակի փոփոխությունների արդյունքում Նախշուն Տավարացյանը որոշեց երդվել եւ դառնալ ԲԴԽ անդամ, բայց այստեղ էլ թացը խառնվեց չորի հետ, ու սկսվեց Նախշուն Տավարացյանին քարկոծելու գործընթացը: ԲԴԽ գիտնական երեք անդամներ բարձրացրին նրա հրաժարականի հարցը, որը մերժվեց: Սակայն Նախշուն Տավարարցյանը կուլ չտվեց իր հասցեին հնչած վիրավորանքները եւ որոշեց հրաժարական տալ:
ԲԴԽ դատավոր մեկ անդամի տեղը շարունակում է թափուր մնալ, եւ չի բացառվում, որ ԲԴԽ նախկին անդամ Ռուզաննա Հակոբյանը կրկին հետ վերադառնա ԲԴԽ: Բանն այն է, որ դատական համակարգում, հիմք ընդունելով Դատական օրենսգիրքը, ԲԴԽ կազմում գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը, ԲԴԽ անդամ կարող է դառնալ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, եթե նա չորոշի ինքնաբացարկ հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվում է կրկին հետ վերադառնալ ԲԴԽ: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Ես հիմա կարող եմ ասել, որ այդ հարցի շուրջ բացարձակ չեմ մտածում, ուզում եմ, չեմ ուզում, կառաջադրվեմ, թե չեմ առաջադրվի, ընդհանրապես չեմ մտածում. պահը կգա, կմտածեմ, ինքս էլ չեմ կողմնորոշվել»:
Երկու կարգապահականի հարց
Ու մինչ Ռուզաննա Հակոբյանը կկողմնորոշվի` ցանկանում է դառնալ ԲԴԽ անդամ, թե ոչ, ԲԴԽ-ում այս օրերին երկու դատավորի կարգապահական հարց է քննարկվում: Մասնավորապես, Մարտի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը Արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իր նկատմամբ՝ իբր թե նա 150 սնանկության գործ չի հանձնել գրասենյակ Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Կարինե Պետրոսյանը կարգապահական վարույթի հարուցումը կապում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությույանի դեմ դատական հայցերի հետ, որոնք ներկայացրել էր: Նա հիմնավորել էր, որ Հարությունյանը ոչ միայն խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել, այն նաեւ չի կարող խորհրդի անդամ լինել, դրա համար էլ «ընկել էին» Կարինե Պետրոսյանի հետեւից:
Բացի այդ, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ է հարուցվել` նույն հիմքով: Եվ հիմա, չնայած ԲԴԽ նախկին անդամները չկան, եւ դեռ ավելին` նախկին նախարար Զեյնալյանը եւս հեռացել է, ԲԴԽ նոր կազմը պետք է քննի եւ հասկանա՝ արդյոք դատավորները թերացել են, թե այս կարգապահական վարույթը նախարար Արտակ Զեյնալյանը հարուցել է Գագիկ Հարությունյանի հորդորով, միայն այն բանի համար, որ երկու դատավորները համարձակվել էին «դուխ» ունենալ եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով դատարան հայց ներկայացնել: Ու հետաքրքիր է, թե նորացված կամ, այսպես ասած, «ծյունինգ արած» ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի երկու ըմբոստ դատավորների նկատմամբ:

 

 

 

 

ԲԱՆԱԿԻՆ ԽԱՌՆԵԼ ԵՆ

ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատարը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ` պետական մարմինները գործի էին անցել: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել էր ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգել չխառնվել քաղաքական գործընթացներին:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` Բալայանը հրահանգել էր, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ մի զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, քաղաքացիական հագուստով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւ նշել. «Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով` բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:
Եւ հիմա, պարզվում է, որ խորհրդարանական ընտրություններից 8 ամիս անց նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Մասնավորապես, Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատարը, 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, օգտագործելով ծառայողական կախվածությունը, հարկադրել է նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին:
Այս արարքի համար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 3-րդ մասով (կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն):
Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, նրա գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը նախագահելու է դատավոր Արմեն Հովհաննիսյանը:
Նկատենք, որ թեեւ միայն այս դեպքն է դատական վախճան ունեցել, այնուամենայնիվ, շատ են եղել նման հարկադրանքներ, որոնց մասին ընտրությունների շրջանում խոսվում էր: Ընդ որում, իշխանական պատգամավորների ու թեկնածուների համար էլ է «ասվել» զինվորներին, որ քվեարկեն. նախընտրական ժամանակահատվածում շատ էր խոսվում այս մասին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 1-ին «Արմենիա» բկ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ. ծնված տղամարդ, որը նույն օրը մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

 

 

ԱՎԱԳԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը` Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով: Նշենք, որ հուլիսի 23-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում Վոլոդյա Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու` սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել` վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

 

 

ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ
Հուլիսի 24-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2001թ. ծնված մի երիտասարդ: Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ երիտասարդը լողալու նպատակով մտել է Ախուրյանի ջրանցք, որի ընթացքում ջրահեղձ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արագածավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ: Վերջինիս խոսքով` մահացած երիտասարդը վաղը պետք է մեկներ Հայոց բանակ` ծառայության: «Ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում, իրենից փոքր ունի երկու քույր: Ծնողներն աշխատանք չունեն, զբաղվում են գյուղատնտեսությամբ»,- ասել է նա:




Լրահոս