ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում արդեն ավարտին է մոտենում Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը:

Հուլիսի 14-ից շարունակվող մրցաշարը կավարտվի վաղը` հուլիսի 27-ին, Պորտուգալիա- Իսպանիա եզրափակիչ խաղով:
Չնայած այն փաստին, որ Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը դուրս է մնացել պայքարից, միեւնույնն է, ֆուտբոլային կրքերը Երեւանում չմարեցին:
Այժմ եկել է մրցաշարի ամենապատասխանատու պահը` եզրափակիչը: Ինչպես որ կանխատեսվում էր, դեռ մրցաշարից առաջ եզրափակչում հայտնվեցին Պորտուգալիան եւ Իսպանիան: Երկու հզորագույնները կպարզեն առաջնության չեմպիոնին արդեն վաղը «Հանրապետական» մարզադաշտում:
Այս եզրափակիչը, իհարկե, կանխատեսում էին շատերը, սակայն հստակ ասել, թե որ հավաքականն է այս խաղի ֆավորիտը, անհնար է:
Հիմա վերհիշենք, թե ինչ ճանապարհ են անցել այս երկու հավաքականները մինչ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ նրանք ընդգրկված էին նույն A խմբում:
Իսպանիայի Մ19 հավաքական
«Կարմիր Ֆուրիան», ընդգրկված լինելով «մահվան խմբում», կարողացավ դուրս գալ այնտեղից երկրորդ հորիզոնականով: Խմբային փուլում իսպանացիները 4:1 հաշվով հաղթեցին մեր ընտրանուն, ապա ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեցին խաղը պորտուգալացիների հետ, իսկ վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեցին Իտալիային եւ ապահովեցին իրենց տեղը կիսաեզրափակչում: Ասել, որ իսպանացիները տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին խմբում, այդքան էլ ճիշտ չի լինի: Նրանցից սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն, ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում, եւ փաստն այն է, որ նրանք եզրափակչում են: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիան մրցեց Ֆրանսիայի հետ եւ կարողացավ հաղթել միայն հետխաղյա 11 մ հարվածարի արդյունքում: Իսպանացիների համար այդ խաղում հաղթանակը անչափ դժվար տրվեց, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ նրանք խաղադաշտում անցկացրել են ավելորդ 30 րոպե, կարող է ֆավորիտի «ծանրությունը» թեքել պորտուգալացիների կողմը: Այսպիսի պատասխանատու խաղերից առաջ հենց մանրուքներն են դառնում ճակատագրական:
Պորտուգալիայի Մ19 հավաքական
Եվրոպայի Մ19 առաջնության գործող չեմպիոններ, ֆանտաստիկ ֆուտբոլ խմբային փուլում, ջախջախիչ հաղթանակ կիսաեզրափակչում: Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը այս մրցաշարը հիանալի է անցկացնում: Խմբային փուլում նրանք կարողացան 4:0 հաշվով հաղթել Հայաստանին, 3:0` Իտալիային, իսկ Իսպանիայի հետ խաղացին ոչ-ոքի` 1:1:
Կիսաեզրափակչում Պորտուգալիան ոչնչացրեց Իռլանդիային` 4:0: Այսպիսի հանդիպումներ անցկացնելուց հետո թղթի վրա եզրափակչի ֆավորիտը հենց պորտուգալացիներն են: Հատկանշական է շեշտել նաեւ այն, որ «եվրոպական բրազիլացիները» այս առաջնությունում միակ գոլը բաց են թողել հենց Իսպանիայից:
Վերջին խաղում պորտուգալացիների կազմում փայլեց Գոնսալո Ռամոսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին նաեւ Կոշտինյան, Ժոաու Մարիուն եւ Ֆելիշ Կորեիրան:
Մրցակիցներն հավասար են, ինչ-որ մեկին առանձնացնել անհնար է, եւ, ով գիտե, միգուցե ֆուտբոլային «բախտախաղը» վճռի այս հանդիպման ելքը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել էր իտալացիներին 4:3 հաշվով եւ հռչակվել Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոն:
Հավելենք, որ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս