«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՈՉ ՀԱՋՈՂ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության առանձնահատուկ գծերին, վախերին, ամենամեծ երազանքին: Սուրենը խոստովանել է, որ որքան էլ մեծանա, հոգում փոքրիկ տղա է եւ ուրախ է դրա համար: Բեմադրիչը խոսել է սիրո մասին` տեսակետ հայտնելով, որ նա, ով պատրաստ չէ պարտվելու, սիրել չի կարող: Նա անդրադարձել է նաեւ իր հեռուստատեսային կերպարին` նշելով, որ ինքն իրականում ագրեսիվ եւ կոպիտ չէ, այդ մարդու դիմակը կրում է հաղորդումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Ինչ վերաբերում է իրեն քննադատողներին, ապա նրանք, ըստ Սուրենի, հիմնականում նախանձ մարդիկ են: Համենայնդեպս, բեմադրիչը ոչ ոքի առաջ չի արդարանում, բացի ինքն իրենից:

-Սուրե՛ն, ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը, թե՞ նման բաներով չեք առաջնորդվում:
-Կարգախոսս հետեւյալն է` ես իմ խղճի առջեւ պետք է լինեմ մաքուր ու ազնիվ:
-Կա՞ մեկը, ում ասածը Ձեզ համար օրենք է, կլինի մասնագիտական կյանքում, թե դրանից դուրս:
-Ոչ, այդպիսի մեկը չկա, բայց մասնագիտական շրջանակներում կան մարդիկ, որոնց ականջալուր եմ լինում:
-Ի՞նչ եք կարծում, սիրո մեջ կա՞ն հաղթողներ եւ պարտվողներ:
-Սերն արդեն իսկ պարտություն է: Սերը համարում եմ թուլություն: Սիրող մարդն ամեն ինչի պատրաստ է, դա մարդուն թուլացնում է: Եթե սիրո մեջ չես պարտվում, սիրո մասին խոսք լինել չի կարող:
-Սայթաքելուց հետո միշտ հիշում եք…
-Պապիկիս խոսքը` տասը չափի՛ր, մեկ կտրի՛ր:
-Ձեզ քննադատողներին ի՞նչ խմբերի կբաժանեք: Նրանք հիմնականում ի՞նչ կատեգորիայի մարդիկ են:
-Նրանք այն մարդիկ են, որոնք նախանձում, խանդում են ինձ:
-Հաճա՞խ եք արդարանում, փորձում բացատրել, թե ինչը ինչու արեցիք կամ ասացիք:
-Նայած` ում առաջ: Ինքս իմ առաջ պետք է կարողանամ արդարանալ, մյուսների առաջ արդարանալու խնդիր չունեմ:
-Դպրոցում Դուք եղել եք արքայազն, որին բոլոր աղջիկները սիրահարվո՞ւմ էին, թե՞ նրանց լավ ընկերը:
-Ավելի շուտ լավ ընկերը:
-Ամենակենարար միրգը, որից երբեք չեք հրաժարվի:
-Կանաչ խնձորը:
-Ավելի շատ վախենում եք ծերությունի՞ց, թե՞ մահից:
-Ո՛չ մեկից, ո՛չ մյուսից: Վախենում եմ, որ զավակներիս կողմից կարող եմ չհասկացված լինել:
-Մի բան, որ մարդիկ միշտ մտածում են Ձեր մասին, բայց դա սխալ է:
-Շատերը կարծում են, թե ես ագրեսիվ, կոպիտ մարդ եմ, բայց այդ մարդիկ ճանաչում են միայն «Չէին սպասում» հաղորդումից: Իսկ նրանք, ովքեր գիտեն ինձ մոտիկից, տեղյակ են, որ ես այդպիսին չեմ. դա մի դիմակ է, որը կրում եմ հաղորդումը հետաքրքրացնելու նպատակով:
-Ձեր ամենամեծ առավելությունը ո՞րն եք համարում:
-Համբերատարությունը: Ես ռեժիսորի համբերություն ունեմ:
-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության անտանելի կողմը:
-Բծախնդիր եմ շատ:
-Սնահավա՞տ եք:
-Չէի ասի:
-Երբ փոքր էիք, հավատում էիք, որ…
-Ամեն ինչ կարող եմ անել այս աշխարհը դեպի լավը փոխելու համար: Ասեմ, որ հավատս չի մարել: Ես միշտ հոգով տղա եմ: Ֆիզիկապես մեծ եմ, բայց հոգով տղա եմ, եւ դա ինձ դուր է գալիս:
-Ինչպիսի՞ հայր եք: Ձեր երեխաների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Ես իմ երեխաների համար ընկեր եմ: Ինչ-որ առումով խիստ եմ, բայց շատ խիստ լինել չի ստացվում: Այդ սերնդին ոչնչով չես վախեցնի:
-Ամուսնությունը ի՞նչ ինստիտուտ է, Դուք ի՞նչ որակում կտաք:
-Ամուսնությունն ինձ համար հնացած ինստիտուտ է եւ սիրո ոչ հաջող շարունակություն:
-Ձեզ հնարավոր չէ մխիթարել, երբ…
-Ինձ ընդհանրապես հնարավոր չէ մխիթարել:
-Բացի աշխարհը դեպի լավը փոխելուց ի՞նչ մեծ երազանք ունեք:
-Ծովի ափին ունենալ թատրոն-հյուրանոց-ռեստորան:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ՀԱՆԳՍՏԱՆԱՄ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ, ՔԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ»

«Ինձ համար ավելի լավ է` հանգստանամ Դիլիջանում, քան արտերկրում: Լավագույն ամառային հանգիստն իմ աչքերով հետեւյալ տեսքն ունի` Դիլիջան, անձրեւ, որն, ի դեպ, իմ տարերքն է, կոնյակ, մաքուր օդ, հրաշալի բնություն, հաճախ նաեւ միայնություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի հանգստի սիրահար է: Նա, իհարկե, եղել է արտերկրում, սակայն երկար մնալ չի կարողացել. «Դրսում շուտ եմ հոգնում, անընդհատ ձգտում եմ վերադառնալ հայրենիք: Երեւանում լողավազան այցելելն ինձ համար ավելի մեծ հաճույք է, քան արտերկիր գնալը»,- մեկնաբանեց նա:

Այս ամառը Նիկոլայի համար առանձնահատուկ է նրանով, որ Միացյալ Նահանգներից իր երեխաների հետ Հայաստան է այցելել նրա քույրը. «Նա մեզ հետ է ապրում, փորձում ենք ամեն պահը վայելել: Հատկապես ուժգին կապվածություն ունեմ քրոջս որդու` Դավիթի հետ: Նրա հետ հաճախ այցելում ենք լողավազան: Դավիթն առանց ինձ չի կարողանում մնալ: Ես էլ գիտակցում եմ, որ հաջորդ այցի ժամանակ նա արդեն մեծ կլինի, եւ այն պահերը, որոնք այժմ միասին ապրում ենք, այլեւս նույնը չեն լինի, չեն կրկնվի»,- նկատեց դերասանը:
Նիկոլայը սիրում է հանգիստն անցկացնել ինչպես ընտանիքի, հարազատների հետ, այնպես էլ միայնակ. «Սիրում եմ մենակ մնալ մտքերիս հետ, լավ երաժշտություն լսել, բայց, իհարկե, կնոջս, դստերս հետ հանգիստը նույնպես հրաշալի է: Այս փուլում առանձնահատուկ վայելում եմ աղջկաս` փոքրիկ Ռուբինային: Նա ինքնատիպ արձագանք է տալիս ամեն նոր բանի, եւ դա ինձ եւս մեծ հաճույք է պատճառում»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Էքստրիմ հանգիստը եւս Նիկոլայի համար է: Նա պաշտում է այն ամենը, ինչը կարող է ադրենալինի աղբյուր դառնալ իր համար. «Սկսած կարուսելներից մինչեւ զիփլայն ինձ մեծ բավականություն են պատճառում: Հնարավորինս օգտվում եմ նաեւ զվարճանքի այդ տեսակներից»,- եզրափակեց Նիկոլայը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱՆԳԼԻԱ
Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ». այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, սակայն, ըստ անգլիական պարբերականների, համաձայնագրում կետ չկա խաղացողին հետագայում ձեռք բերելու մասին: Հավելենք, որ Սեբալյոսը նոր թիմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին արդեն խոսել է այս տրանսֆերի մասին: «Մենք ոգեւորված ենք Դանիի տեղափոխությամբ: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, որն ունի լավ տեխնիկա ու դիպուկություն»,- ասել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը:

 

 

 

ՊԱՅՔԱՐԻՆ ՄԻԱՆՈՒՄ Է «ՏՈՏԵՆՀԵՄԸ»
Անգլիական «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալային: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանֆերը կարող է արժենալ 80մլն եվրո: Թուրինցիները, սակայն, Դիբալային կվաճառեն միայն այն դեպքում, եթե հստակություն լինի Նեյմարի տեղափոխության հարցում: Կան խոսակցություններ նաեւ, որ Դիբալան կարող է ներառվել Նեյմարի տրանսֆերի մեջ եւ տեղափոխվել ՊՍԺ: Հավելենք, որ արգենտինացու ծառայութուններով հետաքրքրված է նաեւ անգլիական գրանդներից մյուսը` «Մանչեստեր Յունայթեդը»:

 

 

 

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Երեւանի «Փյունիկի» հայազգի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ենթարկվել է վիրահատության: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստը համացանցի միջոցով: Էդգար Մանուչարյանը գրառում է կատարել եւ տեղեկացրել, որ վիրահատությունը բարեհաջող է անցել. «Վիրահատությունս անցավ շատ նորմալ: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել բժիշկ Մակնասսի Սալախ Տախարվիչին եվ «Փյունիկ» ակումբի նախագահ պարոն Սողոմոնյանին եւ թիմի ողջ անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմ ցույց տալու համար։ Իսկ հիմա ժամանակն է վերականգնվելու… Առա՛ջ, «Փյունիկ»»:

 

 

 

ԵՐԿՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Երեւանի «Փյունիկը» հայտարարել է երկու ֆուտբոլիստների ձեռքբերման մասին։ Ակումբը պայմանագրեր է ստորագրել մոնտենեգրացի հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի եւ հյուսիսմակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։ Հավելենք, որ Մահմուդովը 2015/16 մրցաշրջանում հանդես է եկել նաեւ Երեւանի «Բանանցում»։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս