Կանայք ներում են ամեն ինչ. Լուիզա Ղամբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնարկում է նոր շարք, որի շրջանակում ընթերցողին կներկայացնի հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կկիսվեն իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Նա խոստովանել է, որ իր մեջ կանացի սկիզբը բավական ամուր է դրված, եւ, այնուամենայնիվ, իրեն հաջողվել է հասնել նրան, որ ընկալվի ոչ միայն որպես լավ կին, այլեւ՝ լավ մարդ: Լուիզան համոզված է, որ կնոջ կարեւորագույն հատկանիշներն են՝ լսելն ու համբերելը: Նա վստահ է, որ գրեթե բոլոր հարցերն, ի վերջո, լուծվում են կանանց ձեռամբ:

-Լուիզա, նախ առաջին հարցը՝ կին ծնվում են, թե՞ դառնում:

-Կին դառնում են: Իհարկե, կան դեպքեր, երբ կանացի սկիզբը երեխայի մեջ բավական ուժեղ է դրված: Լինում է նաեւ այնպես, որ հանգամանքների բերումով (իսկ դա տվյալ դեպքում նրան հանդիպող տղամարդն է) կանացի սկիզբը մարում է, եւ կինը դառնում է տղամարդ-կին, որն ամենաանտանելի որակումն է կնոջ համար: Ցավոք, մեր ժամանակներում այս տեսակը հաճախ է հանդիպում: Շատ մեծ նշանակություն ունի նաեւ աղջիկ երեխայի անցած ճանապարհն ընտանիքում, մոր ազդեցությունը: Պարտադիր չէ, որ մայրը սովորեցնի՝ ինչպես քսել եղունգի լաք, բնավ…Պարզապես նա իր օրինակով, իր ապրելակերպով օրինակ է դստեր համար: Երեխան ի դեմ մոր պետք է տեսնի կնոջ:

-Դուք մարդկանց հետ հարաբերվում եք նախ մարդ-մարդ, թե՞ կին-տղամարդ պրիզմայով:

-Իմ պարագայում ինձ միշտ առաջին հերթին ընկալել են որպես կին: Իմ մեջ կանացիությունը ոչ միայն արտաքին դրսեւորումներ ունի, այլեւ խորքային: Դա երեւում է տղամարդկանց, երեխաների, ծերերի հետ հարաբերվելիս: Կին ասվածին միայն սեռական պատկանելությամբ չէ, որ պետք է տարբերել, այլեւ հոգատարությամբ, խնամքով, միաժամանակ ուժեղ եւ թույլ լինելու հանգամանքով: Ես հասել եմ մի շրջափուլի, որ ինձ ընկալում են նաեւ որպես մարդ, եւ դա ինձ համար հաղթանակ է: Ինձ համար բավական չէ, որ ընկալեն միայն որպես համակրելի կին կամ դերասանուհի: Իսկ ինքս հարաբերություններում նկատում եմ մարդուն, ինձ համար սեռը նշանակություն չունի:

-Կոկո Շանելն ասում է, որ ամեն կին իր զգեստապահարանում պետք է ունենա փոքրիկ սեւ զգեստ: Ձեր պարագայում ո՞րն է կարեւոր այդ ատրիբուտը:

-Արեւապաշտպան քսուքը: Այն միշտ ինձ հետ է, տարվա բոլոր եղանակներին:

-Համաշխարհային պատմության մեջ, արվեստի ներկայացուցիչների շրջանում ո՞ր կին կերպարն է Ձեզ խորապես տպավորել:

-Ժաննա դ՚Արկը, Ֆրիդա Կալոն: Ցավոք, չեմ մարմնավորել նրանց կերպարները:

-Կնոջ կարեւորագույն հատկանիշը ո՞րն է:

-Լսելու ունակությունն ու համբերատարությունը: Ոչ թե հարմարվելը, այլ համբերելն է կարեւոր:Կնոջից շատ բան է կախված եւ հասարակական կյանքում, եւ անձնական հարթակում: Գրեթե բոլոր հարցերն ի վերջո լուծվում են կնոջ կողմից, կնոջ ձեռքով: Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին ասել այն, ինչ արդյունավետ է, եւ ճիշտ ժամանակին լռել:

-Կինը ի՞նչը չի ներում տղամարդու հետ հարաբերություններում:

-Կանայք ներում են ամեն ինչ: Կինը, ըստ էության, կարող է ներել տղամարդուն այնքան ժամանակ, քանի դեռ ուզում է: Եթե կինը հասկացավ, որ այլեւս չի ուզում, կարող է ամենաանշան բանն անգամ բերել առաջին պլան եւ բոլոր կամուրջներն այրել: Բայց եթե խոսքը այն տղամարդու մասին է, որի կողքին ինքը դեռ ուզում է լինել, ինքն ամեն ինչ կների:
Աննա Բաբաջանյան




Լրահոս