Այ մարդ, դու քո գործով զբաղվի՛. մեկուկես տարում գործ չարվեց. քաղաքաշինական կոմիտեի նախագահը՝ Սարհատ Պետրոսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի տեքստը նոր հարցեր է առաջացնում:

Քաղաքաշինության ոլորտի մասնագետները, կարելի է ասել, երկու խմբի են բաժանվել. մի մասն ափսոսանքով է ընդունել Պետրոսյանի` աշխատանքից ազատման դիմումը` մասնավորապես շեշտելով նրա սկզբունքային լինելը, իսկ մյուս մասը կարծում է, որ հեռանալու որոշումը տեղին էր:

Նշենք, որ Նոր Հայաստանում սա հերթական պաշտոնյայի աղմկոտ հրաժարականն է, որ ջրի երեսին դարձյալ մութ ու անպատասխան հարցեր է թողնում: Բավական է հիշել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանին, ինչու չէ նաեւ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանին.. այս շարքն էլ անշուշտ շարունակելի է:

Իսկ Սարհատ Պետրոսյանի` հոկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունը, որով նա նաեւ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել ազատել իրեն պաշտոնից, մտածելու տեղիք է տալիս:

Սարհատ Պետրոսյանն իր հայտարարության տեքստում մասնավորապես նշել է. «… Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաեւ կադաստրի ոլորտը: Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը…

Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը` քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք` հանձինս Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս` Ավետիք Էլոյանը, այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների: … Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլեւս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռեւս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ: …»:

Սարհատ Պետրոսյանի բարձրացրած խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերը զրուցել է ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ:

-Պարո՛ն Վերմիշյան, իրականում ի՞նչ խնդիր կա երկու կառույցների` Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների միջեւ:

-Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից, այդքան բան….

-Դժգո՞հ, կոնկրետ ինչի՞ց…

-Դուք բացեք կադաստրի պաշտոնական կայքէջ` cadastre.am, եւ անմիջապես Ձեր հարցի պատասխանը կստանաք:

-Կհուշե՞ք, բացենք ինչի՞ն ուշադրություն դարձնենք…

-Փնտրեք Ձեր տունը, եթե կարող եք գտնել, հետո բացեք ցանկացած երկրի կադաստրային քարտեզը, եթե դժվար չէ: Ցանկացած եվրոպական երկրի` Ռուսաստանի կամ Վրաստանի, եւ կտեսնեք, որ այնտեղ ինչքան պարզ, մատչելի ու հասանելի է ամեն ինչը…

-Դա՞ է այդ ոլորտի լուրջ խնդիրը…

-Անշարժ գույքի այս ակտիվության հետ կապված մեզ պետք է լավ կադաստրային ծառայություն, որը, ցավոք, չունենք: Իսկ մեկուկես տարին լրիվ բավարար էր այդ ծառայությունը ստեղծելու համար:

-Պարո՛ն Վերմիշյան, կադաստրի ծառայության ոլորտում կոնկրետ ի՞նչ խնդիր կարող եք մատնանշել:

-Քաղաքաշինությունը բաղկացած է շերտերից, այսինքն` այն, ինչ գտնվում է հողի մակերեւույթի տակ, հողի մակերեւույթի վրա եւ վերեւ, դրանք բոլորը քաղաքաշինական օբյեկտներ են` բացառությամբ նրա, ինչը որ ստեղծել է Աստված: Եւ որպեսզի մենք այդ շերտերը կարողանանք… այսինքն՝ քաղաքի գլխավոր հատակագծերն են, շենքերի դիրքերն են, փողոցները, սյուները, կաբելները, խողովակաշարերը եւ այլն, մեզ պետք է ճշգրիտ քարտեզագրում:

Հիմա պատկերացրեք` ոմն Պողոս Պողոսյանն ուզում է իր հողը վաճառի ոմն Տիգրան Տիգրանյանին, դիմում է կադաստր եւ այնտեղ իրեն պատասխանում են` հարգելի՛ Պողոս, Ձեր տունը հարեւանի հողամասի վրա է: Մինչեւ մենք ամբողջ Հայաստանի տարածքը քարտեզագրում չանենք, մենք չենք կարող այդ ճշտումը տեղային լուծել: Այսինքն` անշարժ գույքի առուվաճառքը այստեղ խաթարվում է: Մարդու սեփականության իրավունքը, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը խաթարվում է մի պարզ պատճառով, որ մի ծառայություն իր աշխատանքը լավ չի կատարել: Հիմա եթե վերցնում ենք ամբողջ Հայաստանի տարածքը եւ ուզում ենք այնտեղ միկրոռեգիոնալ քարտեզներ անել, մենք գալիս, կանգնում ենք այդ անճշտությունների վրա: Իհարկե, ինքը շատ վատ ժառանգություն է ստացել, բայց այս մեկուկես տարին լրիվ բավարար ժամանակ էր, որպեսզի այդ հարցերը լուծում ստանային: Ինքը փոխարենն այդ հարցերով զբաղվի, գյուղատնտեսության հարցերով էր զբաղվում, գյուղատնտեսական հողերը արդյունաբերականին են վերածվում, չգիտեմ, թե ինչ էր, կատաստրոֆիկ էր…

-Օրինակ կնշե՞ք….

-Հասարակ մի օրինակ. «Արարատ» ցեմենտի գործարանին կից ինչ-որ մի գործարան են ուզում կառուցել, շրջանառվում են բոլոր գերատեսչությունների կարծիքները, Գյուղատնտեսության նախարարությունը գրում է, որ դեմ չէ, քանի որ իր մոտ հողի կատեգորիան, կոպիտ ասած, չօգտագործվող ղռեր են, բայց թղթերում գրվում է որպես գյուղատնտեսական հող, այնտեղ հողային շերտը կազմում է մոտավորապես 1.5 սմ-ից մինչեւ 5 սմ, եւ որեւցիե բան չի կարող աճել: Այնտեղ արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործի, աշխատատեղեր կբացվեն եւ այլն: Այստեղ պետական մտածողության խնդիր է. եթե գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ, իսկ կադաստրի ծառայությունը՝ կտրականապես դեմ է, այստեղ Հռոմի Պապից ավելի քրիստոնյա ես ուզում երեւալ…

Այսպիսի դեպքեր, օրինակներ շատ են՝ տասնյակից ավելի, եւ կադաստրի պետը փոխարենն իր պազիցիայով գրի, որ կադատրային քարտեզի հետ որեւիցե անճշտություն չկա կամ կա, բայց գրում է, որ դեմ է ու հղում է անում ինչ-որ օրենքի, որից գյուղնախարարը շատ լավ տեղյակ է: Բայց կադաստրի պետը դրանով իսկ գյուղնախարարության աշխատանքը զրոյացնում է, ինչից նեւրոզ վիճակ է ստեղծվում: Նմանատիպ հարցերը շատ են… Մտնում է քաղաքաշինության դաշտ, ասում է` ես չեմ ուզում այստեղ այսինչ բանը կառուցվի: Այ մարդ, դու քո գործով զբաղվի՛… չի կարելի:

-Ձեր կարծիքով` նույն խնդիրները ծագել են նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի՞ հետ:

-Իհարկե, նույն խնդիրները Ավետիք Էլոյանի հետ է ունեցել, հիմա փորձում է ինձ հետ ունենալ, բայց ինձ հետ դժվար կլինի, որովհետեւ նախորդ աշխատանքիս բնույթից ելնելով` կադաստրի ծառայությունը իմ կուրացիայի տակ է եղել, այդ բոլոր մանրամասներին ես հինգ մատիս պես տեղյակ եմ: Ոնց որ ասում են, խոփը քարին դեմ առավ:

-Բայց ինքը` Սարհատ Պետրոսյանը, իր հերթին պնդել է, որ քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք:

-Դե մի բան պետք է ասի, ինչ արած… Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից գոնե ինչ-որ բան ասի…

-Պարո՛ն Վերմիշյան, նա նշել է նաեւ, որ այլեւս չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Ձե՞զ է նկատի ունեցել:

-Չէ, ջանըմ, իրեն է պետք հարցնել, ասել` ты кому имел виду (ծիծաղում է-Ս.Հ.): Ես այդ տղային չեմ ճանաչել ընդհանրապես, իր հետ առաջին անգամ կառավարության նիստի ժամանակ եմ հանդիպել:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է՝ փորձում է կապ հաստատել Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս