Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա, եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Եվ հետաքրքիր է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ, ըստ էության, ոչ մի կերպ չեն խոչընդոտել: Եվ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն այս իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները ու փաթեթը սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:
Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար, սակայն այս մասով դեռեւս նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նախարարությունից նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ, եւ հույս հայտնեցին, որ առաջիկա երկու-երեք ամսից ավելի չի տեւի:
Հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր-օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը նախագահի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ եւ աշխատել իր ցմահ պաշտոնում: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք նույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել: Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները: «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը, մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը:
Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը երեկ հայտարարություն տարածեց, որ վաղը Թբիլիսիում ասուլիս է անցկացնելու` իբր ամփոփելու կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սանիթեք»-ի թբիլիսյան ասուլիսը Երեւանի քաղաքապետարանի որոշ աշխատողների մոտ անհանգստություն է առաջացրել: Բանն այն է, որ «Սանիթեք»-ն այս ասուլիսին շատ լուրջ պատրաստվել է, ավելին` պատահական չի ընտրվել նաեւ Թբիլիսին (հայտնի է, որ այս ընկերությունը գործում է նաեւ Վրաստանում): Եւ չի բացառվում, որ ընկերության ղեկավարությունը ցույց տա վրացական օրինակ, թե ինչպես են իրենք աշխատում վրացական իշխանությունների հետ: Մյուս կողմից` չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը քաղաքապետարանին խոստացել է, որ օգոստոսի 1-ից նորմալ կաշխատի: Նկատենք նաեւ, որ ընկերությունը, ի վերջո, հասցրեց նրան, որ քաղաքապետարանը ստիպված գնեց աղբատար մեքենաներ ու աղբամաններ, մինչդեռ դրանք պետք է գներ «Սանիթեք»-ը:
ՕԴՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԸ
Մինչ ամառային լրահոսը հագենում է ինֆորմացիաներով, որ այս կամ այն պաշտոնյան մեկնեց արձակուրդ, եւ նրան փոխարինում է տեղակալը, Հայաստանի սահմանին մտահոգիչ իրադարձություններ են ծավալվում: Նկատենք, որ խոսքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին է, այլ ոչ թե Արցախի: Մասնավորապես. ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է. «Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետեւանքով սպանվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը, եւ վիրավորվել է եւս երկու զինծառայող: Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործերի նախարարների` հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից»:
Համաձայնեք, որ ՀՀ սահմաններին նմանատիպ իրադարձություններ այնքան էլ հաճախ չեն հանդիպել, իսկ ՀՀ արտգործնախարարությունն էլ այսպիսի կոշտությամբ հազվադեպ է հայտարարություններ անում: Նշանակում է, որ ՀՀ սահմանին իրավիճակ է փոխվել, սակայն այդ փոփոխությունը, կարծես թե, նկատելի չէ հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար: Ինչո՞ւ. որովհետեւ այս մասին մտահոգիչ, ահազանգող կամ ընդհանրապես հիշատակող որեւէ հայտարարություն չի հնչել երեկ ողջ օրվա ընթացքում: Փոխարենը դեռ շարունակվում էր լայն քննարկվել Բաղրամյանի վրա գորգ լվանալու ակցիան, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման կամ արդեն հոգնեցնող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմաները: Այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ սահմանին չի վերաբերում, կամ էլ այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ չեն, որոնց հետաքրքրում է ամեն ինչ, բացի հայ-ադրբեջանական լարված սահմանների խնդրից: Ընդգծում ենք՝ հայ-ադրբեջանական, այլ ոչ թե Արցախ-Ադրբեջան: Սա արդեն իսկապես մտահոգիչ իրավիճակ է: