ԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԵԼՔ ԳՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանականներն այս օրերին զբաղված են տարբեր կուսակցությունների հետ հանպիպումներով: Բանն այն է, որ ՀՅԴ-ականներն արդեն որոշել են, որ մասնակցելու են ապրիլին նախատեսված ԼՂՀ խորհրդարանական եւ նախագահի ընտրություններին ու փորձում են հասկանալ, թե ով ինչ ձեւաչափով է նպատակադրվել մասնակցել համապետական ընտրություններին: ՀՅԴ-ականներին եւս անհանգստացնում են Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցների ստորագրահավաքն ու դրանից բխող հետեւանքները, ինչի համար էլ վերջիններս փորձում են հասկանալ սպասվելիք իրադարձությունները:

ՀՅԴ-ականներին անհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում: ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդիպել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ` հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել երկկողմանի կրքերը հանդարտեցնելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ` պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը:
-Պարո՛ն Սարգսյան, ՀՅԴ-ն արդյոք որոշե՞լ է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին:
-Հաստատ մասնակցելու ենք ընտրություններին, դեռեւս պաշտոնապես որոշում չկա, թե երբ է լինելու ընտրությունները, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք: Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք: Մենք հաստատ լինելու ենք հաջորդ խորհրդարանում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինելու ԱԺ-ում: Բնականաբար դեռ շատ ամիսներ կա, չենք կարող այս պահին սոցիոլոգիական վերլուծություններ անել:
-Բայց արդյոք արցախցին ցանկանո՞ւմ է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք:
-Ինձ թվում է` նորմալ են տրամադրված: Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում:
-Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասով, արդյոք թեկնածու ունենալո՞ւ է ՀՅԴ-ն:
-Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր միավորվեն, ապա կփորձենք կոալիցիոն: Ոչ թե միասնական թեկնածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք` այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինելու: Եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կուսակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կողմից: Մենք մոտավորապես 4 թեկնածու ունենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա:
– Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից տարվող ստորագրահավաքների մասով լարվածություն կա: Ըստ մեր տեղեկությունների` Արցախի ՀՅԴ-ն հանդիպումներ է նախաձեռնել` պարզելու համար, թե ինչ լուծում կարելի է գտնել այդ մթնոլորտը հարթելու համար: Ի՞նչ ելք է գտել ՀՅԴ-ն` այդ հարցի հետ կապված:
-Դեռ որոշում չկա, դեռ պետք է այդ ստորագրահավաքները մտնի խորհրդարան, այդ օրենքի նախագիծը դեռ չի մտել ԱԺ, իսկ եթե այն մտնի խորհրդարան, բնական է` ՀՅԴ-ն կներկայացնի դիրքորոշումը, բայց կան տարբեր կարծիքներ, որոնք տարբեր անձանց կողմից հնչեցվել է, իսկ մեր հիմնական նպատակն այն է` ցանկացած օրենքի նախագիծ համապատասխանի Սահմանադրությանը եւ իրավական առումով ճիշտ կլինի: Իսկ ռեալ կլինի պատասխանել, երբ որ նախագիծը կմտնի Ազգային Ժողով:
-Կարծես թե շատ մարտական են տրամադրված Սամվել Բաբայանի թիմակիցները, քանի որ վերջիններս նպատակ ունեն փակել միջպետական ճանապարհները, եթե իրենց ցանկալի արդյունքը չլինի: Ըստ ՀՅԴ-ի` ինչպե՞ս պետք է հարթել այդ լարվածությունը: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ-ն փորձում է տարբեր քաղաքական կուսակցությունների հետ ճիշտ ճանապարհ գտնել հարցին լուծում տալու համար:
-Մենք այդ ճանապարհ փակելու լուրերը լսում ենք, բայց դրա հիման վրա չի կարելի կարծիքներ հայտնել. կլինեն գործողություններ, ու կլինի նաեւ մեր վերաբերմունքը: Լարվածությունը տեսնում ենք ու փորձում ենք հաղթահարել, դրա համար «Դաշնակցությունը» պատահական չէ, որ փորձում է քաղաքական կուսակցությունների հետ հանդիպել, քննարկել: Պատահական չեն այդ հանդիպումները: Ամեն ինչ անում ենք, որ, ինչքան հնարավոր է, իրավիճակը չլարվի: Դեռ ամիսներ կան ընտրությունների համար, ու մենք ամեն ինչ անում ենք` հարթելու իրավիճակը: Պետք է այնպես անել, որ ժողովուրդը մասնակցի արդար, թափանցիկ ընտրությունների. մենք պայքարում ենք դրա համար:
-Իսկ Սամվել Բաբայանի հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք իրենից հասկանալ` ինչ նպատակներ ունեն:
-Քանի որ կենտրոնական կոմիտեն է հանդիպումներ ունենում, ես որեւէ բան չեմ կարող ասել, պետք է իրենցից ճշտեք. ես այդ պրոցեսի մեջ չեմ:
-Ըստ Բակո Սահակյանի թիմակիցների` Բակո Սահակյանի իշխանությունը պետք է օր առաջ հրաժարական ներկայացնի եւ հեռանա. Դուք կո՞ղմ եք այդ ամենին:
-Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ ինքը նորից չի առաջադրվելու, եւ մի քանի ամիս հետո լինելու է ընտրությունը: Էդ ի՞նչ է եղել, որ մի քանի ամսվա համար պետք է հրաժարական ներկայացվի, ժողովուրդն էլ հանգիստ գնա, մասնակցի:

 

 

 

ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ԴՈ՞ՒԽ Է ՏՎԵԼ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

Դեռեւս հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր-օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը նախագահի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ եւ աշխատել իր ցմահ պաշտոնում: Մեր տեղեկությունների համաձայն` դեսպանը Հրայր Թովմասյանին ասել է, որ պետք չէ նահանջել ու ենթարկվել ճնշումների: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք նույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին:
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո պաշտոնական տեղեկություն տարածվեց, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին եւ այլն:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել ու չի կարող մեր հարցերին պատասխանել: Է. Ղազարյանը հորդորեց հարցերն ուղարկել գրավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն` պարզելու տեղեկությունը, սակայն դեսպանությունից մեզ հայտնեցին, որ այդ հարցը չեն ցանկանում մեկնաբանել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ինչպես հայտնի է, ԱԺ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախաձեռնել է քննարկումներ` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ, եւ արդեն իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկումներ եղել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքների հետագա ընթացքը կհամակարգի վարչապետին կից խորհուրդը, որը, սակայն, չի ստեղծվել, ընդ որում` այդ խմբում նաեւ քաղաքացիներ են լինելու: Մենք տեղեկացանք, որ այդ խորհրդի ստեղծման հետ կապված աշխատանքները պետք է իրականացներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, եւ խմբի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կհաստատվի միայն վարչապետի` արձակուրդից վերադառնալուց հետո: Եվ չի բացառվում, որ այդ խորհրդի առաջին նիստն արդեն լինի սեպտեմբերին` արձակուրդային շրջանի ավարտից հետո: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ աշխատանքային առաջին քննարկումը բավականին բուռն էր անցել, եւ դժգոհություններ էին արձանագրվել Ճանապարհային ոստիկանության աշխատանքից, եւ հատկապես բուռն էր ստացվել Վալերիյ Օսիպյան-Հայկ Մարության երկխոսությունը:

 

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ՆՈՐ ՍԱՐՔԵՐ ԵՆ
Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում: Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռեւս մայիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ: Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, եւ համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588N եւ Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռեւս 1998թ. եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետեւանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար եւ բավականին ծախսատար: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով: Բացի այդ երկու անցակետերից նաեւ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։




Լրահոս