ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ, այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործունեության շուրջ սեւ ամպերը շարունակվում են կուտակվել: Նրա լիազորությունները կասեցվել են: Իսկ ո՞րն է հիմնավորումը:

Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Մայիսի 18-ին սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Որոշումը հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` վճարելով 1 միլիոն դրամ: Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունը:
Այս որոշումից հետո սկսվեցին մամուլում հրապարակումներ, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է եղել եւ կոնկրետ դատավորների անուններ հրապարակվեցին, որ օգնել են դատավոր Գրիգորյանին որոշում կայացնել եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Դատավորներից մեկը՝ Մխիթար Պապոյանը, որը, ըստ մամուլի, ներգրավված է եղել այդ գործընթացում, հաղորդում էր տվել հանցագործության մասին, որ իր անունը շոշափվել էր երկրորդ նախագահին ազատ արձակելու գործի հետ կապված:
Ու մինչ իրավապահ համակարգը քննում էր դատավոր Գրիգորյանի նկատմամբ հնարավոր ճնշումները, հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ խուզարկել են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: Նրա աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ: Որքան էլ Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքեց, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված չէ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ մի քաղաքացի է հաղորդում ներկայացրել այս տարվա փետրվարին, այնուամենայնիվ, խիստ կասկածի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իրավապահները Դավիթ Գրիգորյանին հիշեցին երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո: Եւ, ի վերջո, ինչո՞ւ հիշեցին քաղաքացու կողմից փետրվարին իրավապահներին ուղղված դիմումը հուլիսին:
Հերթը հասավ կասեցմանը
Այսպիսով, քանի որ գլխավոր դատախազն արձակուրդում է, հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն` երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին:
Վերածնված Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով` մերժել: Ելնելով վերոգրյալից` օրենքի ուժով կասեցվել են նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: ԲԴԽ այդ ճակատագրական նիստից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ապացույցները ներկայացնելուց հետո ԲԴԽ բոլոր անդամները միաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի ներկայացված 3 միջնորդությունից երկուսը բավարարել են, իսկ մեկը՝ մերժել: Ըստ էության, ԲԴԽ անդամները ուսումնասիրել են ապացույցները, դրական գնահատական են տվել, որ վերահսկող մարմինը կարող է քրեական հետապնդում իրականացնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Իսկ ո՞րն է եղել երրորդ դրվագով միջնորդությունը դատախազի կողմից. ըստ ամենայնի, այն վերաբերել է Դավիթ Գրիգորյանի կալանավորմանը, որը ԲԴԽ-ն մերժել է: Դատավորին չի թուլատրել կալանավորել:
Այսպիսով, ԲԴԽ անդամները, մերժելով կալանավորման միջնորդությունը, հայտնել են, որ նախաքննական մարմինը պետք է քննություն իրականացնի, քրեական գործով ձեռք բերված ապացույցները հիմնավորի, որից հետո պարզ կլինի` դատավորի լիազորությունները վերջնականապես դադարեցնում են, նրան մեղադրանք առաջադրում են, կալանավորում են, թե հակառակը՝ ապացուցում են նրա անմեղությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը: Մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը: Ահա այս դրվագի շուրջ է նախաքննական մարմինը քննություն իրականացնում, որն էլ, թերեւս, հիմք է դարձել ԲԴԽ-ի համար, որ կասեցնի դատավորի լիազորությունները:
Փաստաբանները չեն լռելու
Այս իրավիճակը իրավաբանական հանրույթի մոտ անասելի զայրույթ է առաջացրել: Ոտքի են կանգնել մի խումբ փաստաբաններ: Երեկ հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի», դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի: Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները: «Մեկնաբանություններում ներկայացնում եմ գտածս նյութերը` կատարվածի կապակցությամբ Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի մասին: Համոզված եմ, որ այդ ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլեւս նման «պատժիչ» գործողության չգնացին: Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել է՛լ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաեւ մյուս դատավորներին: Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետեւելու Հայաստանի` առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը: Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ: Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը: Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի: Չենք լռել նախկինում, չենք լռելու հիմա»:
«Ժողովուրդ» օրաթերթը Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց` տեղյակ է արդյոք փաստաբանն այն փաստից, որ կոնկրետ քրեական գործով Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել: Արդյոք այս հանգամանքը կարո՞ղ է փաստաբաններին հետ կանգնեցնել իրենց մտքից: Ի պատասխան` Վարոսյանը հայտնեց` իհարկե ոչ. «Սկսած փետրվար ամսից, քանի որ հաղորդումը հանցագործության մասին եղել է այդ ժամանակ, քրեական գործի հարուցումը մերժվել է, հետո բողոքարկվել է, դատախազությունն էլ մերժել է, հետո բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, առաջին ատյանի դատարանն էլ է մերժել, որից հետո արդեն` Քոչարյանի որոշումից հետո, համապատասխան նույն հարցի շուրջ բողոք է հղվել ՀՀ գլխավոր դատախազություն, եւ որոշում է կայացվել վերացնել նախկինում քրեական գործ չհարուցելու որոշումը եւ հարուցել քրեական գործ: Այս ողջ ընթացքի քրոնոլոգիան, ինչպես նաեւ տեղի ունեցած առգրավումը, խուզարկությունը, դատավարական խախտումները, որ թույլ են տրվել, ու այն փաստը, թե ինչ փաստաթղթեր է առգրավվել նրա աշխատասենյակից, մեզ հիմք է տալիս պնդելու, որ գործ ունենք ոչ այնքան իրավական գործընթացի հետ: Ես կարող եմ ասել` եթե դրա մասին է խոսքը, թե, իբր, դատական նիստ չի եղել, բայց արձանագրություն է կազմվել որ եղել է, ապա դա ինքնին իր մեջ հանցակազմ չի պարունակում, բայց առարկայական ճիշտ կլինի այն ժամանակ խոսել, երբ կլինի առաջադրված մեղադրանք եւ մեղադրանքի որոշումը: Ակնհայտ է, որ տեղի է ունենում հետապնդում կոնկրետ նպատակով. ես ասեմ Ձեզ որ սա ոչ այքան Դավիթ Գրիգորյանին է վերաբերում, որքան ողջ դատական համակարգին»:
Այսպիսով, իրավապահ համակարգում իրավիճակը խաղաղ չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

6 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: 8 ամիս անց այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 7 անձ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները, օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել. հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար: Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, որոնց եւ ձերբակալել են:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 8 ամիս առաջ գրել էր, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պարտքեր է ունեցել, եւ պարտքատերերը առեւանգել են եւ պահանջել վերադարձնել իրենց գումարները: Բայց տեղի է ունեցել անկանխատեսելին. առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որի նկատմամբ քրեական գործ կա հարուցված, եւ իրավապահները չեն կարողանում տեղափոխել Հայաստան: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել Արթուր Խանյանը, Հայկ Մուրադյանը, Խաչատուր Կուռոյանը, Մհեր Գեւորգյանը, Սարգիս Դավթյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել, որ կեղծ փողեր պատրաստելու եւ դրանք իրացնելու համար նախապես միավորվել են, ձեռնամուխ են եղել նախանշված հանցավոր մտահղացման իրականացմանը:
Իսկ, ահա, Հայկազ Անտոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով իր ծանոթ, իրացման նպատակով կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի անդամներ Խաչատուր Կուռոյանի կողմից նշված հանցագործությամբ զբաղմելու մասին, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել իրացման նպատակով կեղծ տարադրամ, մասնավորապես` ԱՄՆ դոլար ձեռք բերելու վերաբերյալ:
Գործով 4 անձ կալանավորված է, իսկ, ահա, երկու հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս