ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` 7 ՍԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքները մաքրվելու փոխարեն կշատանան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տարածքները կավելանան 31.2 հեկտարով:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է փոփոխություններ իրականացնել «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման ցուցանիշներում` մաքրման ենթակա տարածք սահմանելով 98 հա` նախատեսված 66.8 հա-ի փոխարեն: Ավելին, այս միջոցառման իրականացման նպատակով Հայաստանի ընթացիկ տարվա բյուջեով հատկացված 117 մլն 62 հազար դրամ գումարից գնումների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված 2 մլն 590 հազար դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի եւ արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:
Եւ հիմք ընդունելով քարտեզագրման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերը` մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ եւ ջրածածկ տարածքներ են: Շրջակա միջավայրի նախարարությունը գտնում է, որ այդ տարածքների մաքրումը հրատապ է` պայմանավորված Սեւանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի հետեւանքով լիճը «ծաղկում» է. այդ տարածքների մաքրումը նախատեսվում է ավարտել 2021 թվականին:
Պարզվում է` այս տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54.1 հա) եւ Ծովակի տեղամասի (12.7 հա) ջրածածկ, ճահճային եւ ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրականացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ եւ 4 հա ջրածածկ տարածքների մաքրում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շրջակա վիջավայրի նախարարությունը վերջապես Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների ձեռքբերման նպատակով բաց մրցույթ է հայտարարել: Նշենք, որ բաց մրցույթում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի 2019-2021 թվականների ժամանակահատվածի կարիքների համար կնքել Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագիր:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ նախարարությունը մաքրման աշխատանքների համար նախատեսված մրցույթի հայտարարությունը հրապարակել է հուլիսի 26-ին, իսկ հայտերի բացման օր սահմանվել է օգոստոսի 8-ը: Եթե մրցույթի ընթացքում այլ խոչընդոտներ չլինեն, եւ այն հարթ անցնի, ապա մաքրման աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոսի վերջ: «Չուշացնելու խնդիրը միայն նախարարության դաշտում չէ: Հիմա եթե մրցույթ ենք հայտարարում, ապա պետք է կազմակերպությունները նախ հայտեր ներկայացնեն: Եթե հայտ չեն ներկայացնում, դա հարցի մյուս կողմն է: Իսկ եթե մեկ ընկերություն է հայտ ներկայացնում, դա ենթադրում է` պայմանագիր կարող ենք կնքել. եւս մինչեւ օգոստոսի 15-ը կարող ենք ունենալ պայմանագիր: Եթե մեկից ավելի կազմակերպություններ լինեն այնտեղ, սահմանվում է անգործության ժամկետ` 10 օրացուցային օր, եւ հասնում է մինչեւ օգոստոսի 25-ը: Ընդ որում` այնտեղ այլ ժամկետներ կան: Մենք չենք կարող կազմակերպության տնօրենին պարտադրել հենց հաջորդ օրը պայմանագիրը ստորագրած ներկայացնի այն դեպքում, երբ ինքը պետք է բանկային երաշխիք բերի, իսկ դա գործընթաց է, ընթացակարգ է»,- բացատրեց նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը:
Նախարարությունում հույս ունեն, որ այս տարի մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացնող ընկերություն կգտնվի: Բայց չի բացառվում, որ մրցույթին հայտ ներկայացնող ընկերություն չլինի, քանի որ դիմացը աշնան եւ ձմռան ամիսներն են, եւ ինչպես հայտնի է, Գեղարքունիքում այդ ժամանակ ցուրտ է լինում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամիսներին մաքրման աշխատանքները, հնարավոր կլինի՞ իրականացնել, թե՞ ոչ: Այս հարցին դեռ պատասխան չկա:
Այս ամենի արդյունքում կարող ենք արձանագրել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է կրիայի պես: Չէ՞ որ նախորդ տարի էլ Սեւանա լճի ափամերձ տարածքները չեն մաքրվել (այս մասին հայտարարել էր նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը): Նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի: Նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Իսկ այս տարի գերթանկարժեք էքսկավատորը կմաքրի ընդամենը 4 հա տարածք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԹԵԺ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ
Տեւական հրադադարից հետո Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում կրկին իրավիճակը սրվել է, ադրբեջանական զինուժը ոտնձգությունների է դիմել Հայաստանի սահմանին: Նկատենք, որ խոսքը ոչ թե Արցախ-Ադրբեջան, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածին է վերաբերում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են գտնվում վիրավորները:
Եւ այսպես, հուլիսի 28-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ Արման Բուլղադարյանը Վանաձորի բնակիչ էր, նրա 24-ամյակը հուլիսի 11-ին էր լրացել: Հուլիսի 28-ին` ժամը 23:10-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ դիրքերից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վլադիմիր Օսիպյանը: Նոյեմբերյանի ԲԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ նա ձախ արմնկային շրջանում հրազենային վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հուլիսի 29-ին`օրվա ընթացքում, Վ. Օսիպյանը ավտոմեքենայով կտեղափոխովի Երեւան` զինվորական հոսպիտալ:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հուլիսի 28-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի հարեւանությամբ գտնվող հայկական պաշտպանական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական գնդակների մի մասը կարող էին ընկած լինել հայկական պաշտպանական դիրքերից ոչ հեռու գտնվող միջպետական ավտոճանապարհին: Այդ պատճառով հուլիսի 28-ին` ժամը 22:30-ից, մոտ կես ժամ միջպետական այդ ճանապարհը երթեւեկության համար փակ է եղել, այդ ընթացքում ավտոմեքենաների երթեւեկը կատարվել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար անվտանգ ավտոճանապարհով:
Նշենք, որ հուլիսի 27-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ դիրքերում կրծքավանդակի աջ կեսում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 1992թ. ծնված Վազգեն Ուլուխանյանը: Նրա վիճակը կայուն է. վիրավորը ռեանոմոբիլով Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան եւ բուժվում է զինհոսիպտալում:
Մեզ մնում է առողջություն մաղթել հայ սահմանապահներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս