«ՆՈՒՅՆԻՍԿ ԼՈՏՈ ՇԱՀԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Մենք անդրադարձել ենք այսօր հայ հանրության շրջանում ամենաշատը քննարկվող թեմաների:

-Վերջերս ակտիվորեն քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է Ստամբուլյան անվամբ: Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը: Ստորագրել, սակայն չեն վավերացրել 11-ը, այդ թվում` Հայաստանը: Ու թեեւ Արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որով հավաստիացնում է, որ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա, թեմայի շուրջ հանրային քննարկումները չեն դադարում, կան պնդումներ առ այն, որ եթե Հայաստանը վավերացնի կոնվենցիան, պետք է տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ, բացի այդ` Հայաստանը կանգնելու է մի շարք մարտահրավերների առջեւ, որ կոնվենցիայի շատ թեզեր հայ ազգի ինքնությանը, քրիստոնեական արժեքներին չեն համապատասխանում: Ո՞րն է թեմայի շուրջ Ձեր տեսակետը:
-Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Հայաստանում բուռն կերպով քննարկվում էր աղանդների թեման: Բայց, արի ու տես, այդ փուլը կարճ տեւեց. այսօր նրանց մասին մենք ընդհանրապես չենք խոսում, թեպետ կրոնական տարբեր կազմակերպություններ օրինական կերպով գրանցվելու իրավունք ստացան, մինչ օրս գործում են… Այսինքն` այն, ինչ մերը չէ, մերը չի էլ դառնա: Ինչ-որ կոնվենցիա վավերացնելով` օրինակ` ԼԳԲՏ համայնքի անձանց թիվը ո՛չ ավելանալու է, ո՛չ պակասելու: Իհարկե, Հայաստանը փորձադաշտ չէ, բայց մենք պետք է ուսումնասիրենք արտերկրի փորձը, տեսնենք` այն երկրները, որոնք վավերացրել են կոնվենցիան, ինչ ճանապարհով են գնացել: Սա ուսումնասիրել է պետք, ոչ թե հենց այնպես գոռգոռալ:
-Խոսենք քննարկվող մեկ այլ թեմայի` դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին: Այսօր հաճախ հնչում է հետեւյալ հարցը` ինչո՞ւ առաջնահերթ վեթթինգի չեն ենթարկվում հենց ներկայիս կառավարության, Ազգային Ժողովի անդամները: Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
-Այո, տեսնում եմ: Եթե որեւէ գույք են ձեռք բերում, պարտադիր պետք է ներկայացնեն` նվիրատվություն է դա, վաստակ, թե այլ բան: Կարող են լոտոյով հսկայական գումար շահել, բայց, միեւնույնն է, պետք է ներկայացնեն` որտեղից, եթե օրենքը սահմանում է, պետք է հարկ վճարեն: Պետք է երկու հիմնական նպատակ դնել` ինչ-որ չափով կոռուպցիայի դեմն առնել եւ բացառել հարկերից խուսափելու մեխանիզմը: Ի դեպ, հարկերից խուսափելու պրակտիկան ամբողջ աշխարհում է առկա, բայց հարստանում են այն երկրները, որոնք կարողանում են գրագետ կազմակերպել հարկահավաքչության գործընթացը:
-Ի դեպ, խոսեցիք հարկեր վճարելուց, մի հարց ինձ հետաքրքրեց: Ձեզ պես հեղինակ-կատարողները, որոնք հանդես են գալիս ընդհատակում եւ վաստակում են ոչ մեծ գումարներ, եւս պե՞տք է ընդգրկված լինեն շոուբիզնեսցիներին հարկելու գործընթացում:
-Ցանկացած եկամտից հարկ պետք է վճարվի: Մենք տասը տարի առաջվանից ամեն ուրբաթ երեւանյան ակումբներից մեկում սկսեցինք համերգներ տալ: Ես հիշում եմ, որ հենց առաջին տարում գրանցեցին մեզ, որպեսզի համապատասխան հարկեր վճարեն: Եթե հարկեր մուծելու հարցը թողնվի մարդկանց խղճին, բոլորն էլ կխուսափեն դրանից: Ուղղակի պետք է գիտակցել, որ այդ հարկերի հաշվին են կառուցվում հիվանդանոցներ, դպրոցներ ու ճանապարհներ… Այն շոուբիզնեսցիներին, որոնք չեն ուզում հարկ վճարել, խորհուրդ կտամ ներսից ուսումնասիրել ամենահարուստ, զարգացած երկրների փորձը, այն երգիչների փորձը, որոնց երգերն այստեղ կատարելով` հարսանիքներին մեծ գումարներ են աշխատում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս