ԵԹԵ ՄԱՐԴ ԴԱՏԵՆ, ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ ՉԻ ԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի` Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որոշում է կայացրել սեպտեմբերից հանձնաժողովի նիստերի աշխատանքներին ներգրավել նաեւ ՊՆ պրոֆեսիոնալների, որոնք կկարողանան իրենց օգնել բացահայտել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց միայնակ չի հաջողվելու պարզել բոլոր հանգամանքերը: Ինչո՞ւ. որովհետեւ հանձնաժողովում ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնք մասնագիտական կամ անգամ կենսափորձ չունեն եւ ի վիճակի չեն հարցուփորձ անել մարդկանց, որոնք ներկայանում են հանձնաժողով՝ բացատրություններ տալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում որոշում կա արդեն սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, Ազգային անվտանգության ծառայությունից հետախուզության ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ իրավաբանի, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կտան իրենց խորհուրդները ու կհուշեն, թե ինչ պետք է անեն պատերազմի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մեր զրուցակիցն ասաց, որ դեռեւս հանձնաժողովից հրավեր չի ստացել:
-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, տեղեկություններ կան, որ խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի Ձեզ ներառել հանձնաժողովի աշխատանքներում, որպեսզի Դուք Ձեր խորհուրդներով կարողանաք իրենց օգնել բացահայտելու Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հանգամանքները: Դուք արդեն ստացե՞լ եք հրավեր:
-Գիտեք ինչ, ինձ դեռեւս ոչ մի մարդ չի զանգահարել, գուցե Անդրանիկ Քոչարյանը զանգել է, բայց ես զբաղված եմ եղել ու չեմ կարողացել պատասխանել: Գուցե զանգել է կամ ասել է, որ զանգելու է, բայց ես դեռեւս որեւէ զանգ չեմ ստացել, չգիտեմ:
-Բայց եթե ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ձեզ առաջարկի խորհրդատվության ձեւաչափով մասնակցել նիստերին, Դուք համաձայնելո՞ւ եք:
-Եթե ես պետք լինեմ: Օրինակ` մի քանի ամիս առաջ ես ՀՀ-ում էի, ինձ խնդրել էին պատմել երկրի անվտանգության մասին, ես դա արեցի: Ես նաեւ հանդիպեցի ՀՀ նախագահին, բայց եթե ինձ հիմա կանչեն երկրի եւ ՀՀ ժողովրդի շահերի ու անվտանգության համար, ինչո՞ւ պետք է չգամ: Կգամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես պետք է հանձնաժողովում ընդգրկվեմ, այդ դեպքում պետք է իմ համաձայնությունը ստանան: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում գալու հետ կապված:
-Իսկ կա՞ ինչ-որ մի հանգամանք, որից ելնելով` հնարավոր է` հրաժարվեք մասնակցել հանձնաժողովի նիստերին:
-Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա: Գիտեք ինչո՞ւ. որովհետեւ երբ պատերազմ է գնում, ու դրանից հետո ինչ-որ մեկին դատում են նրա համար, որ նա սխալ է արել կամ պարտվել է, դա պետք չի անել, ես դա չեմ ընդունում: Լավ բանի համար կարելի է խրախուսել, իսկ պատժելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի ուզենա բանակում մնալ, պատերազմի ժամանակ գնալ ու կռվել: Բոլորն էլ կասեն` դե գնացեք, դուք կռվեք: Բայց եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի ուզեն իմանան, թե ինչու ենք այդքան զոհեր ունեցել, ինչու ենք տարածքներ կորցրել, ինչու այդպես ստացվեց, մենք դրանից էլ հետեւություններ կանենք եւ կվերացնենք թերությունները, ապա դա ճիշտ կլինի:
-Հանձնաժողովի նախագահը, անդամները հայտարարել են, որ իրենց հանձնաժողովի նպատակը հանգամանքները պարզելն է, որպեսզի հետագայում նման բաներից խուսափենք:
-Եթե դա այդպես է, ուրեմն ես մեծ հաճույքով կգամ, որովհետեւ ես այդ մասին խոսել եմ նաեւ Շուշիում՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, դեռեւս հեղափոխությունից առաջ: Դրա համար Անդրանիկ Քոչարյանը գիտի, որ ես շատ բան գիտեմ, ու դրա համար է թերեւս ցանկանում ինձ հրավիրել, բայց ես դեռ հրավեր չեմ ստացել: Ես շատ լավ գիտեմ, թե որը ինչի համար է: Ես պատերազմի եմ մասնակցել, ես հրամանատար եմ եղել:
Երբ 2016 թվականին պատերազմը եղավ, այնտեղ արդեն շատ բան ուրիշ էր, ես շատ լավ գիտեմ` ինչ է պատահել: Դա պատերազմ էր, իսկ պատերազմի հետ կատակ չեն անում: Այնպես որ պետք է ամեն ինչ անել բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, հիմա, հավատացեք, պետք է անել հետեւություններ: Ես հիմա նայում եմ, որ Հայաստանում բոլորին դատում են` Քոչարյանին կալանավորեցին, սրան-նրան կալանավորեցին, ես չեմ սիրում նման բաներ: Ես զինվորական մարդ եմ ու ես գիտեմ` ինչը երբ ու ինչպես: Եթե ինչ-որ մեկին դատում են, ուրեմն դատում են, եթե ինչ-որ մեկին բաց են թողում, ուրեմն բաց են թողում, ես քաղաքական բաներին չեմ խառնվում: Սխալները հասկանալու, պարզելու, հետեւություններ անելու համար ես պատրաստ եմ գալ Հայաստան: Ես դրանք շատ լավ գիտեմ ու կարող եմ ասել` ինչպես անել այդ ամենը:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ԼՌՈՒՄ

«Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան թե՛ իշխանությունների, թե՛ հանրության համար դարձել է իսկական գլխացավանք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ նրանց համոզելու համար, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն, հանրության շրջանում քարոզեն միայն լավը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերջին օրերին ճաշի է հրավիրում տարբեր անձանց, ում կարծիքը հանրության շրջանում ընդունելի է, ու համոզում է նրանց Ստամբուլյան կոնվենցիայի մասին կողմ խոսել: Ավելին, մեր տեղեկություններով` նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն: Բայց թե որքանով նախարարին դա կհաջողվի, ժամանակը ցույց կտա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին այն՝ նշելով, որ նման բան չկա:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է անվանումը: Մամուլում արդեն հրապարակվել է, որ իշխանական պատգամավորներին հորդորել են այս ժամանակահատվածում ո՛չ լավը, ո՛չ վատը խոսել կոնվենցիայի մասին: Շատ պատգամավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ փաստաթուղթը դեռ ուսումնասիրում են, կարդում են, որպեսզի սեպտեմբերին կարողանան հստակ պատասխանել բոլոր հարցերին:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում: Եվ, բնակաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը: Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո: Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել: Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննություն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատական օրենսգրքինն է: Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել: Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին` օրենսգրքում ասվում է` եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել: Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատվությունից, քանի որ դրա համար ժամկետ էր նախատեսված:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ
2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի 6.75 մլն դոլար: Մասնավորապես, «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար: Համեմատության համար նշենք, որ որ 2019թ. այդ գումարը 6.4 մլն դոլար էր, 2018-ին` 6.80 մլն դոլար, 2017-ին` 26.41մլն դոլար, 2016-ին` 23.10մլն դոլար: Իսկ, ահա, 2020թ. նախատեսված գումարից 100 հազար դոլար կտրամադրվի կրթության ոլորտին, 800 հազար դոլար` տնտեսական զարգացման ոլորտին, 3 մլն 100 հազար դոլար` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտին, 1 մլն 500 հազար դոլար` անվտանգության եւ խաղաղության համար: Իհարկե, սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է, եւ չեն բացառվում նաեւ լրացուցիչ փաթեթներ: Հավելենք նաեւ, որ «Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը Հայաստանը ստացել է 2011թ.` 45.2 մլն դոլար: Հավելենք, որ վերջին երկու ֆինանսական տարում ԱՄՆ-ն Հայաստանի անվտանգության ոլորտին տրամադրել է 4 մլն դոլար ֆինանսական օգնություն, այնինչ Ադրբեջանին տրամադրված օգնությունը կազմել է ավելի քան 100 մլն դոլար:




Լրահոս