ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՎՐՈ-Ն` ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄՐՑԱՇԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում արդեն ավարտվել է Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Մրցաշարն արդեն ավարտվել է, սակայն դրա մասին քննարկումները դեռեւս շարունակվում են: Արդեն տեղեկացրել ենք, որ այս մրցաշարին հետեւում էին հարյուրավոր սկաուտներ, եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար այս մրցաշարը կարող էր դառնալ ճակատագրական իր ապագայի համար: «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորիչ եւ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին երեւանյան ԵՎՐՈ-ի ընթացքում:

Մրցաշարի չեմպիոնների` Իսպանիայի կազմում լավագույններին գտնելը ամենաբարդն է, քանի որ բոլորն էլ հրաշալի առաջնություն անցկացրին, սակայն Բրայան Խիլը, Ժուան Միրանդան ու Աբել Ռուիսը հավաքականի ամենաակտիվ ֆուտբոլիստներն էին:
Իհարկե, նրանք նոր բացահայտված տաղանդներ չեն, եւ այս մրցաշարից հետո կարելի է եզրակացնել, որ Բրայան Խիլը բավարար խաղաժամանակ կստանա Սեւիլիայում, իսկ Միրանդան ու Ռուիսը կազմ ու պատրաստ կսպասեն «Բարսելոնայի» առաջին թիմի հրավերին: Միրանդան հրաշալի հանդիպումներ անցկացրեց եւ ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է լինել նաեւ կատալոնյան հիմնական թիմի պաշտպանության հենասյունը: Աբել Ռուիսը, ամենայն հավանականությամբ, կստանա խաղաժամանակ «Բարսելոնայում», որովհետեւ վաղ թե ուշ կատալոնական ակումբը կլքի Լուիս Սուարեսը, իսկ Աբելը, հավատացեք, վատ փոխարինող չէ ուրուգվայցուն:
Մրցաշարի փոխչեմպիոն Պորտուգալիայի կազմում կարելի է առանձնացնել Ժոան Մարիուին, Գոնսալո Ռամոսին, Կոշտինիային եւ Ֆելիշ Կորեային: Իհարկե, եզրափակչում նրանցից եւ ոչ ոք լավ ֆուտբոլ չցուցադրեց, սակայն մրցաշարի կտրվածքով նրանք փայլեցին: Ֆելիշ Կորեան արդեն պայմանագիր է կնքել «Մանչեստեր Սիթիի» հետ: Գոնսալո Ռամոսը դարձավ մրցաշարի միակ հեթ-տրիկի հեղինակը, եւ նա, եթե չփոխի ակումբային գրանցումը, ապա «Բենֆիկայի» առաջին թիմում տեղ միանշանակ կունենա: Ժուան Մարիուն նույնպես կարող է մնալ իր ներկայիս ակումբում` «Պորտու»-ում եւ փորձել կայանալ այնտեղ, իսկ, ահա, Կոշտինիայի («Ռիու Ավե») հարցում հստակություն չկա, սակայն նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Կիսաեզրափակիչ դուրս եկած եւ Պորտուգալիային 0:4 հաշվով պարտված Իռլանդիայի հավաքականի կազմում լավ հանդիպումներ անցկացրին Ջոնաթան Աֆոլաբին եւ Լի Օ‘Քոնորը: Նրանք երկուսն էլ բաց թողեցին կիսաեզրափակիչը որակազրկման պատճառով: Լին արդեն հնարավորություն կստանա խաղալ «Մանչեստեր Յունայթեդում», եւ այս մրցաշարը մեծապես կնպաստի նրա լավ ելույթներին անգլիական գրանդի կազմում: Աոլաբիի համար արդեն կատաղի պայքար են սկսել «Քրիստալ Պելասն» ու «Ասթոն Վիլլան»: Թե որ ակումբը կընտրի իռլանդացին, դեռեւս պարզ չէ: Հենց Ջոնաթանի գոլը Չեխիայի դարպասը կիսաեզրափակչի ուղեգիր պարգեւեց Իռլանդիայի` մինչեւ 19 տարեկանների հավաքականին:
Կիսաեզրափակչի մասնակիցներից վերջինի` Ֆրանսիայի հավաքականի կազմում կարելի է առանձնացնել Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ալեքսիս Ֆլիպսին: Ֆլիպսը խաղաց գեղեցիկ ֆուտբոլ եւ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտուալ դարձրեց նաեւ իր տեղափոխությունը: Ֆուտբոլիստը ունի լավ տեխնիկա եւ բավարար արագություն: Նա շատ էր սրում ֆրանսիացիների խաղն ու վճռորոշ դեր խաղում հավաքականի հաղթանակների մեջ:
Հիմա մի փոքր խոսենք խմբային փուլից դուրս մնացած մեր հավաքականի մասին: Պորտուգալիային 0:4 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշեց, որ սկաուտները հետաքրքրվել են հավաքականի մի քանի ֆուտբոլիստների մասին: Նա անուններ չնշեց: Նշենք, որ մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արամ Խամոյանը արդեն պայմանագիր է կնքել Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Մեր թիմի կազմում նաեւ լավ ֆուտբոլ խաղացին Գերման Կուրբաշյանը (շուտով նոր ակումբ կունենա), Արսեն Եղիազարյանը, Գրենիկ Պետրոսյանն ու Երջանիկ Ղուբասարյանը: Հուսանք, որ այս մրցաշարը պատճառ կհանդիսանա, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստները ամրապնդվեն իրենց թիմերում կամ համալրեն ավելի բարձրակարգ ակումբների շարքերը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի եւ «Գալիմա» մատակարար ընկերության միջեւ կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: «Գալիմա» ընկերությունը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ մածուն ապրանքատեսակը եւս չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին. այն եւս պատրաստված է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոխարինիչից:




Լրահոս