Իրավիճակ է փոխվել. ինչու «Իմ քայլը» խմբակցության նիստերին քիչ թվով պատգամավորներ են մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրվել` հասկանալու, թե խորհրդարանում ինչ նախագծեր պետք է քննարկեն ու թե ինչպես պետք է իրենք քվեարկեն այդ նախագծերին:

Ըստ մեր տեղեկությունների` այս անգամ եւս խմբակցության նիստը անցել է փոքրաթիվ պատգամավորներով: Ու հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ երկրի խորհրդարանը օրակարգում մի քանի հարց ունի քննարկելու, իսկ մի հատված նախագծեր պետք է անցնեն երկրորդ ընթերցում եւ վերջ:

Մեր տեղեկությունների համաձայն` մի քանի նախագծեր են ներկայացվել, որոնք կիսատ են եղել, նախագծերի վրա աշխատելու կարիք է զգացվել, ինչի համար էլ որոշում է կայացվել այն անգամ օրակարգ չընդգրկել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչների համար էլ շատ բացասաբար է ընդունվել այն հանգամանքը, որ նման նախագծեր են բերվում խորհրդարան այն «սղցնելու» համար, ինչի համար էլ որոշում է կայացվել դրանք հետ տալ ու օրակարգում չունենալ:

Օրակարգում շատ քննարկվող հարցեր չեն եղել, ու ընդհանուր հարցերի են անդրադարձել պատգամավորները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկում են իշխող խմբակցությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ արդեն տեւական ժամանակ է` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմբակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի համար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում:

Խմբակցության որոշ պատգամավորներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիստերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանակահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիստերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին, պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս